ՍՄՈՒԶԻ
Տարվա բոլոր եղանակներին ծարավը հագեցնող ամենալավ միջոցը ջուրն է, սակայն կարելի է սննդակարգի մեջ ներառել նաև զանազան բնական հյութեր, կոմպոտներ, ինչպես նաև սմուզի, որը թարմ բանջարեղենից և մրգերից բլենդերով ստացված ըմպելիք է, որին կարելի է ավելացնել մածուն, պաղպաղակ, կաթ կամ մյուսլի։

Սմուզին հայտնի դարձավ նախորդ դարի 70-ականներին, երբ ԱՄՆ-ում ստեղծվեցին առաջին «առողջ սրճարանները», որտեղ վաճառում էին բլենդերում մանրացրած օգտակար մթերքներ։ Բնականաբար, բանջարեղենի կամ մրգերի խյուսերին հնում ևս մարդիկ խառնում էին մածուն կամ կաթ։ Այդ դեպքում էլ գործել է հայտնի խոսքը, թե ամեն նոր բան լավ մոռացված հինն է։ Նորովի մատուցված ըմպելիքը շատերին դուր եկավ և հաջողություն բերեց նորարարության հեղինակներին։ Այսօր սմուզի են խմում աշխարհի բոլոր անկյուններում, ամենուրեք բացվում են սմուզի-ռեստորաններ, հրատարակվում են գրքեր սմուզի սննդակարգի մասին։

Սմուզիի մեջ պահպանվում են բոլոր վիտամիններն ու բաղադրիչների բջջանյութը, որով և այն տարբերվում է սովորական հյութերից։ Այդ օգտակար ըմպելիքը առանց օրգանիզմը ծանրաբեռնելու լիարժեքորեն ապահովում է վիտամինների և հանքային աղերի անհրաժեշտ քանակությամբ, խոնավացնում է մաշկը, պաշտպանում է մի շարք հիվանդություններից։ Այն նաև տոնուսը բարձրացնող ըմպելիք է։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ավելացնել նաև մարդարմատ՝ «ժենշեն»։ Սմուզին հակասթրեսային շատ լավ միջոց է։

Սննդային բջջանյութի շնորհիվ սմուզի խմելուց հետո մարդը երկար ժամանակ չի ցանկանում ուտել։ Այդ իսկ պատճառով սմուզին նիհարելու համար հրաշալի միջոց է։ Բայց լավ արդյունք ստանալու համար պետք է պահպանել մի քանի կանոն.

1.Պետք է բավարարվել միայն ցածր յուղայնության մածունով և կեֆիրով։

2.Սմուզիին չի կարելի շաքար ավելացնել։

3.Պետք չէ ավելացնել նաև պաղպաղակ, շոկոլադ, չամիչ, բարձր յուղայնության սերուցք, ընկուզեղեն։

4.Մրգային սմուզիի համար պետք է ընտրել ցածր կալորիականություն ունեցող մրգեր՝ խնձոր, ծիրան, կիվի, սալոր, հատապտուղներ։

5.Բանջարեղենային սմուզիում աղի փոխարեն կարելի է ավելացնել չորացրած ծովակաղամբի փոշի, որը սմուզին կհարստացնի յոդով և աղի համ կտա։

6.Սմուզին պետք է դիտարկել որպես լիարժեք ուտեստ և ոչ թե խմել, ասենք, նախաճաշի և ճաշի, ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածում։

7.«Կոշտ սնունդը պետք է խմել, իսկ հեղուկը՝ ծամել». սա հնդիկ յոգերի համոզմունքն է։ Եթե արագ-արագ եք ուտում, ուղեղի հագեցածության կետը չի հասցնում միանալ և ազդակ ուղարկել, որ արդեն կուշտ եք։ Նման ազդակ չստանալով՝ մենք հաճախ ուտում ենք պահանջվածից ավելի շատ։ Դեռ վաղ հասակից երեխաներին պետք է սովորեցնել դանդաղ ծամել։ Դա օգնում է քիչ ուտելով հագենալ։ Հենց այս տրամաբանությամբ էլ սմուզին ևս պետք է փորձել «ծամել»՝ խմել շատ դանդաղ, կում-կում։

8.Խորհուրդ չի տրվում օգտագործել շատ սառը սմուզի, քանի որ ցածր ջերմաստիճանում պահված մթերքի համային հատկությունները լրիվ չեն բացահայտվում, ուստի այդ ժամանակ ևս առաջանում է չկշտանալու պահը, և հնարավոր է նաև շատ ուտել։

 Իր բոլոր դրական հատկանիշներով հանդերձ սմուզին չի կարելի համարել իդեալական ուտեստ։ Խորհուրդ չի տրվում տևական ժամանակ սովորական սննդի փոխարեն սմուզի օգտագործել, քանի որ առողջ ատամներ ունենալու համար որոշակի ծանրաբեռնվածություն է անհրաժեշտ, և պետք է նաև կոշտ սնունդ ծամել։ Ծամելու ընթացքում արտադրվում է բնական հակասեպտիկ՝ թուքը, որը մաքրում է ատամները։ Հակառակ դեպքում առաջանում են կարիես և ատամնափառ, խախտվում է մարսողության պրոցեսը։ Կոշտ սննդի բացակայությունն առաջ է բերում նաև փորկապություն։

Այնպես որ, չարժե ընկնել ծայրահեղության մեջ։ Ամեն ինչ պետք է չափավոր լինի։

Նյութը՝ Նարինե Գալստյանի

Լուսանկարը՝ Համացանցից