ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԸ ԱՄՌԱՆԸ
Ամառը դեմքի և մարմնի մաշկի համար ռիսկային շրջան է։ Մաշկն առաջին հերթին պետք է պաշտպանել արևի ներգործությունից, որը մի կողմից նպաստում է մի շարք վիտամինների կուտակմանը, բայց կարող է նաև մեծ վնաս հասցնել մաշկին՝ բառի բուն իմաստով ծերացնելով այն։

Արեւի ուղիղ ճառագայթների ներգործությունից մաշկը պատվում է մանր կնճիռներով, կորցնում առաձգականությունը։ Այս տարի, հանգամանքների բերումով, մեր դեմքի մեծ մասը ծածկում է դիմակը, բայց արևից պաշտպանող գլխարկն ու հովանոցը ամենևին ավելորդ չեն։ Այս ամենն իմանալով հանդերձ՝ շատերը չեն ուզում բաց թողնել գեղեցիկ, հարթ արևայրուկ ունենալու հնարավորությունը։ Անշուշտ, պետք չէ մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնել, պարզապես պետք է խնամել մաշկը՝ հաշվի առնելով եղանակի առանձնահատկությունները։ Մաշկի տիպից ելնելով՝ անհրաժեշտ է ձեռք բերել հատուկ ամռան համար նախատեսված մաշկի խնամքի միջոցներ։ Սրան պետք է գումարել նաև ճիշտ սննդակարգն ու ջուրը։

Մաշկն ամենօրյա խնամքի կարիք ունի, քանի որ այն մարդու օրգանիզմի մակերեսային պաշտպանիչ շերտն է։ Նորմալ մաշկը ամռանը կարելի է սնուցել հետևյալ դիմակի միջոցով. 1 ձվի դեղնուցը լավ տրորել, ավելացնել 10 կաթիլ զեյթունի ձեթ և 5 կաթիլ կիտրոնի հյութ։ Երեկոյան քսել դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ սկզբում գոլ, ապա սառը ջրով։

Չոր մաշկն ավելի զգայուն է, ուստի փողոց դուրս գալուց առաջ այն պետք է պատել յուղոտ և խոնավացնող քսուքով։ Կարելի է օգտագործել նաև հետևյալ դիմակը. 1 թեյի գդալ թարմ կաթնաշոռը տրորել 1-ական թեյի գդալ թարմ սերուցքի և գազարի հյութի հետ։ Քսել դեմքին, թողնել 40 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով։

Չոր մաշկի համար նախատեսված քսուքները բացի խոնավացնող բաղադրիչից պետք է պարունակեն հատուկ էմուլսիաներ, որոնք նպաստում են քսուքի արագ ներծծմանը։ Ցերեկային քսուքները, որոնք պարունակում են ֆիլտրող տարրեր, չոր մաշկը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից և վաղաժամ ծերացումից։ Ամենօրյա օգտագործման համար իդալական միջոցներ են համարվում գելային գեղամիջոցները, որոնք քսվում են ցերեկային քսուքի տակ։ Դրանք փափկացնում, խոնացվացնում են մաշկը և համարվում են հրաշալի բազա դիմահարդարման համար։

Ճարպոտ մաշկն ամռանը պաշտպանելու համար անհրաժեշտ է օգտագործել վիտամին C և արևային պաշտպանիչ գործոն պարունակող քսուք-դիմափոշի։

Շատ հաճախ մարդկանց դեմքի մի մասը ճարպոտ է լինում, մյուս մասը՝ նորմալ կամ չոր։ Ընդունված է մաշկի այս տիպը անվանել խառը։ Նման մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում ընտրել արևից պաշտպանող քսուք, որի SPF ֆիլտրը պետք է ցածր չլինի 30-40-ից։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել 3-4 ժամը մեկ։

Արևահարվել ցանկացողները դա պետք է անեն առավոտյան կամ երեկոյան ժամերին. այդպիսով նրանք կպաշտպանեն իրենց մաշկը այրվածքներից և կունենան համաչափ արևայրուկ։

Բաց մաշկ ունեցողները պետք է հրաժարվեն շոկոլադագույն արևայրուկի մասին իրենց երազանքից և երկար չմնան արևի տակ։ Նույնիսկ մուգ մաշկ ունեցողները պետք է սկսեն արևահարվել՝ արևի տակ մնալով կես ժամից ոչ ավելի։ Բաց մաշկ ունեցողները պետք է սկսեն 10 րոպեից։ Արևի տակ մնալու տևողությունը կարելի է մեծացնել ամեն օր 10-15 րոպեով։ Անհրաժեշտ է խուսափել կեսօրվա կիզիչ արևից. այդ ժամերին ուլտարմանուշակագույն ճառագայթներն ավելի ինտենսիվ են։

Միշտ օգտագործեք արևից պաշտպանող պատրաստուկներ. դրանցով պատեք մաշկի բաց մասերը և մի մոռացեք նոր շերտով պատել լողալուց հետո։ Լողափում գտնվելու ժամանակ մաշկը պատեք քսուքի հաստ շերտով, քանի որ ջուրը և ավազը անդրադարձնում են ուլտրամանուշակագույն ճառագայթները և նպաստում են ավելի արագ արևահարվելուն։

Բացասական ներգործություն է ունենում նաև բարձր խոնավություն ունեցող օդը։ Այդ պայմաններում քրտնագեղձերն անդադար աշխատում են, որի պատճառով մաշկը կարող է դառնալ ավելի ճարպոտ։ Վատ է ներգործում նաև ուժեղ քամին, որը չափից ավելի է չորացնում մաշկը, իսկ քամու բարձրացրած փոշին, նստելով դեմքին, խցանում է ծակոտիները և թույլ չի տալիս նորմալ «շնչել»։

Որքան էլ գրավիչ լինեն ամառային արևը, երեկոյան մեղմ քամին, մի՛ գայթակղվեք դրանցով. անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել մաշկի մասին։ Որպես հատուցում նման վերաբերմունքի, կունենաք հարթ ու գեղեցիկ մաշկ։

Նյութը՝ Նարինե Գալստյանի

Լուսանկարը՝ Համացանցից