ԿԱՆԱՉ ՍՈԽ. ՍԵՂԱՆԻ ԶԱՐԴ
Կանաչեղենի սիրահարաների սեղանին գրեթե տարին բոլոր անպակաս է կանաչ սոխը (այլ կերպ՝ աղցանային սոխ, լատիներեն անվանումը՝ Allium)։

Ի տարբերություն գլուխ սոխի, սրա արմատները այդքան չեն մեծանում։ Սոխի եթերային յուղերը հեշտությամբ են լուծվում բուսական և կենդանական յուղերի մեջ, դիմացկուն են ջերմային մշակման հանդեպ։

Այդուհանդերձ, այն ուտում են հիմնականում թարմ վիճակում, օգտագործում են տարբեր աղցանների մեջ։ Սոխին բնորոշ սուր համը կանաչ սոխում թույլ է դրսևորվում։

Գիտնականները սոխի հայրենիքը համարում են Իրանը և Աֆղանստանը: Կանաչ սոխը  աճեցրել են դեռևս հազարամյակներ առաջ: Սոխի բուժիչ հատկությունների մասին գիտեին շատ ազգեր. հին հռոմեացիները նույնիսկ համարում էին, որ սոխը զինվորներին ուժ և կորով է տալիս, ուստի այն ընդգրկում էին նրանց սննդակարգում:

Կանաչ սոխը պարունակում է 93% ջուր, 1,3% սպիտակուցներ, 4,7% ածխաջրեր, 0,8% բջջանյութ, 0,6% պեկտիններ, 0,2% օրգանական թթուներ, գլիկոզիդներ, եթերային յուղ (վերջինս պարունակում է ծծմբային միացություններ, որով և պայմանավորված է սոխի յուրահատուկ հոտը, կծու համը): Կանաչ սոխը չափազանց հարուստ է հանքային տարրերով (K, Ca, Mg, Na, P, Fe, Co, Mn, Cu, Zn, Mb), կարոտիններով, B2, PP, C  վիտամիններով: Վիտամին C-ն պահպանելու նպատակով ցանկալի է կանաչ սոխը մատուցել առանց կտրատելու և առանց ջերմային մշակման: Իսկ վաղ գարնանը այդ վիտամինի նկատմամբ օրգանիզմի պահանջը բավարարելու նպատակով բավական է օրվա ընթացքում ուտել 100-150գ կանաչ սոխ: Չմոռանանք, որ 100գ կանաչ սոխը պարունակում է 19կկալ:

Հայտնի արաբ բժշկապետ Ավիցեննան (Իբն Սինա) 11-րդ դարում գրել է. «Ուտելի սոխը օգնում է վատ ջրի վնասից. եթե ջրի մեջ գցես մաքրած սոխ, ապա այն կոչնչացնի վատ հոտը: Սոխի հյութը մեղրի հետ օգտակար է աչքի փառին, օգնում է բկաբորբին: ...Իր դառնության շնորհիվ օգնում է թույլ ստամոքսին և բացում է ախորժակը»:

Հիպոկրատն իր աշխատություններում կանաչ սոխը որպես դարմանող միջոց խորհուրդ է տալիս ռևմատիզմով, հոդատապով, ճարպակալումով տառապող հիվանդներին:

Ժամանակակիցները պնդում են, որ 1805թ. Ռուսաստանում որովայնային տիֆի համաճարակի ժամանակ թե՛ տիֆից, թե՛ ժանտախտից պաշտպանվելու նպատակով օգտագործում էին մեծ քանակությամբ սոխ: Գիտնականները նկատել են, որ կանաչ սոխի աճեցմամբ զբաղվող ջերմոցների աշխատողները գրեթե չեն հիվանդանում օդակաթիլային ճանապարհով տարածվող սուրշնչառական հիվանդություններով: Սոխի մեջ կան նաև զգալի քանակությամբ ֆիտոնցիդներ, որոնք նպաստում են ախտածին միկրոօրգանիզմների ոչնչացմանը: Սոխը բերանի խոռոչը մաքրում է ախտածին մանրէներից: Խորհուրդ է տրվում այն օգտագործել բուսայուղի հետ:

Կանաչ սոխը ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում այն մարդկանց, որոնք ունեն արյան հիվանդություններ, սակայն պետք է զգույշ լինել լյարդի, ստամոքսի և աղիքների հիվանդությունների դեպքում: Դա բացատրվում է նրանով, որ սոխի կազմության մեջ մտնում է դժվար յուրացվող բջջանյութ, որը գրգռում է ստամոքսի և աղիների լորձաթաղանթը: Նման դեպքում բուսաբույժները խորհուրդ են տալիս օրվա մեջ օգտագործել 2-3 ընձյուղիկից ոչ ավելի:

Ամենօրյա սննդակարգի մեջ թարմ կանաչ սոխի օգտագործումը նպաստում է օրգանիզմում աղաջրային փոխանակության կանոնավորմանը: Բացի այդ, այն իր յուրատիպ համի և հոտի շնորհիվ գրգռում է ախորժակը և լավացնում մարսողությունը: Գիտական ժամանակակից բուսաբուժության մեջ սոխի պատրաստուկները հաջողությամբ օգտագործում են վիտամինային անբավարարության, վերին շնչուղիների և աղիքների հիվանդությունների ժամանակ: Վերջինիս դեպքում խորհուրդ են տրվում կանաչ սոխի սպիրտային կամ ջրային հանուկները, իսկ վերին շնչուղիների բորբոքային երևույթների դեպքում՝ եթերայուղային գոլորշիներով ինհալացիաները: 

Մանկահասակ երեխաներին ինհալացիաները հակացուցված են:

Ժողովրդական բժշկության մեջ վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում հաջողությամբ օգտագործվում է նաև տապակած կամ կաթի մեջ եփած սոխը, որը փափկեցնում է խորխը և հեշտացնում դրա դուրս բերումը:

Բուսաբույժները միաժամանակ նշում են, որ թարմ կանաչ սոխը օգտակար է շաքարային դիաբետի և միզաքարային հիվանդության ժամանակ: Վերջինիս դեպքում այն թողնում է ավազը և մանր քարերը տարրալուծող ազդեցություն: Կանաչ սոխը խորհուրդ է տրվում նաև որպես հակաճիճվային միջոց. թարմ կանաչ սոխն ուտում են քաղցած վիճակում կամ 2-3 օրվա ընթացքում խմում նախապես պատրաստված 1/3 բաժակ ջրաթուրմը (1 ճաշի գդալ մանրացրած կանաչ սոխը 7-10 րոպե թրմել ջրային բաղնիքի վրա 200գ եռացրած ջրում):

Սոխի բոլոր տեսակները և դրանց մասերը պարունակում են նյութեր, որոնք կանխարգելում են աթերոսկլերոզի զարգացումը, իջեցնում են ճնշումը և կարգավորում սրտի աշխատանքը։ Կանաչ սոխը հարուստ է B2 վիտամինով, որը կանխարգելում է ճարպային նստվածքի առաջացումն անոթների պատերի վրա։ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Սոխը բացում է արյունատար անոթները, աշխուժացնում է արյան շրջանառությունը»։

Աթերոսկլերոզի կանխարգելման նպատակով օգտագործում են մեղրի հետ հավասարաչափ խառնած թարմ սոխի հյութը, խմում մեկական ճաշի գդալ, օրը 3-4 անգամ:

Ձեր սննդակարգում ընդգրկեք կանաչ սոխ։ Արևելյան իմաստությունը սովորեցնում է. «Նա, ում գրկում սոխ կա, զերծ կմնա հիվանդություններից»։

 

Նյութը՝ Նարինե Գալստյանի

Լուսանկարը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության