ԾԻՐԱՆ-ԱՐՄԵՆԻԿԱ
Ծիրանենին վարդազգիների ընտանիքին պատկանող սալորազգիների ենթաընտանիքի ներկայացուցիչ է։ Լատինական անվանումը՝ Armeniaca, հուշում է, որ արևահամ այս միրգը կապվում է Հայաստանի, Հայկական լեռնաշխարհի հետ։

Հայտնի է, որ մ.թ.ա. 1-ին դարում Ալեքսանդր Մակեդոնացին ծիրանենին տեղափոխել է Հունաստան և այն անվանել արմենիկա, որտեղից էլ միրգը տարածվել է ամբողջ Եվրոպայում։ Հռոմում ծիրանը կոչվեց Հայկական սալոր (Prunus Armeniaca)։ Սակայն որոշ ուսումնասիրողներ այն կարծիքին են, որ ծիրանենին պտղատու այլ ծառերի ու դեկորատիվ բույսերի հետ Հայաստանից իր հետ տարել է Աքքադի արքա Սարգոնը, երբ մ.թ..ա. 3-րդ հազարամյակի կեսերին արշավել է դեպի Կապադովկիա և Հայաստան։ Որպես ավար տարված ծառերի թվում նշվում են  hashuru, tittu, susu, salluru, sirdu և այլն։ Առաջին երեքը նույնացվել են խնձորենու, թզենու կամ թթենու և սոսու՝ սպիտակ կաղամախու հետ։

Ուսումնասիրողներն այն կարծիքին են, որ ծիրդուն ծիրանն է։

Նիկողայոս Ադոնցը գրել է, որ sirdu-ն հիշատակվում է Աստվածաշնչի հունարեն թարգմանությունում (Եսայի, Ե-13)։ Սա հիմք է տալիս պնդելու, որ հնագույն Աքքադում Հայաստանը համարվել է ծիրանի երկիր։

Ծիրանենին այսօր հանդիպում է Չինաստանում, Կորեայում, Հեռավոր Արևելքում, Տիբեթում և Հիմալայներում, Միջին Ասիայում, Դաղստանում։

ՀՀ ուշ քարեդարյան հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են ծիրանի կորիզներ։ Միջնադարի հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Ամենալավ ծիրանը աճում է Հայաստանում»։ Նկատենք, որ համային բացառիկ հատկանիշներից բացի ծիրանն ունի նաև բազմաթիվ օգտակար հատկություններ։ Ծաղկած ծիրանենին գեղագիտական մեծ հաճույք է պատճառում նայողին։ Բարերար ներգործություն է ունենում անգամ ծաղիկների նուրբ բուրմունքը։ Մեզ մոտ տարածված են Երևանի (շալախ),

Խոսրովենի, Սաթենի և այլ տեսակի ծիրանները։

Ծիրանի ենթավիտամին A, վիտամիններ E, C, PP, B5, B1, B2, բիոտին, ֆոլաթթու։ Ծիրանը պարունակում է 2մկգ կոբալտ, որը կարևոր է B12-ի (կոբալամին) առաջացման համար։ Հիշեցնենք, որ կոբալտը հիմնականում կենտրոնացված է վահանագեղձում, սակավության դեպքում մեծ է էնդեմիկ խպիպի առաջացման վտանգը։

Գիտական բժշկությունը հատկապես կարևորում է ծիրանենու պտղի արյունաստեղծ ազդեցությունը։ Ծիրանի պտղում պարունակվող երկաթը հեշտությամբ կլանում է թթվածինը, որը տարածվում է օրգանիզմում արյան միջոցով։ Ծիրանի հյութն ունի միզամուղ, լեղամուղ, հակավարակային, թույլ ջերմիջեցնող, ծարավը հագեցնող և հակաուռուցքային հատկություն։

Բուժական նպատակով պետք է խմել ծիրանի թարմ հյութը։ Ծիրանը պարունակում է արծաթ, որը կարող է օգտակար լինել միայն թարմ հյութի մեջ։ Հյութը հրաշալի միջոց է վիտամինների պակասը լրացնելու համար։ Ծիրանի հյութ և չիր խորհուրդ են տալիս հղիներին։

Ծիրանը լավացնում է տեսողությունը, կանխարգելում սրտանոթային համակարգի և երիկամների հիվանդությունները։ Ծիրանի պտուղը, հյութը, չիրը նպաստում են այտուցների վերացմանը։

Ծիրանի մեջ պարունակվող բջջնյութը կլանում և հեռացնում է օրգանիզմից թույները, ինուլինը նպաստում է աղիների օգտակար միկրոֆլորայի զարգացմանը։

Պտղամսում պարունակվող ռուտինն ուժեղացնում է C վիտամինի օգտակար ազդեցությունը, այս երկու նյութերի բարենպաստ փոխհարաբերակցությունը կարգավորում է խոլեստերինի մակարդակը, ամրացնում է անոթների պատերը, լավացնում է հիշողությունը, կանխարգելում է աթերոսկլերոզի առաջացումը։

Մի կորցրեք հնարավորությունը և այս օրերին ծիրան կերեք՝ վայելելով մեր արևի համն ու բույրը։ Հիշեցնենք նաև, որ ծիրանի բնափայտից են պատրաստում մեր ազգային նվագարանը՝ դուդուկը, որ կոչվում է ծիրանափող։

Նյութը՝ Նարինե Գալստյանի

Լուսանկարը՝ Համացանցից