ՋՈՒՐՆ ԱՆՈՒՇ Է
Ջուրը կյանքի հիմքն է, այն հեղուկը, որը կենարար ուժ է հաղորդում մարդկանց, բուսական ու կենդանական աշխարհին, անհրաժեշտ է ցանկացած օրգանիզմի նորմալ և բնականոն աշխատանքի համար։

Ջուրը չունի համ, հոտ և գույն։ Քիմիական բաղադրությամբ ջրածնի օքսիդ է։ Ունի ագրեգատային երեք վիճակ՝ հեղուկ (ջուր), պինդ (սառույց) և գազային (գոլորշի)։ Չնայած մեր մոլորակի մեծ մասը պատված է ջրով՝ կենդանի օրգանիզմի համար պիտանի ծավալը կազմում է ընդհանուրի ընդամենը 2,5%-ը։ Դրա 98,8%-ն էլ գտնվում է սառցային վիճակում կամ երկրի ընդերքում, ուստի Երկիր մոլորակի խմելու ջրի քանակը շատ քիչ է։ Եվ միայն խնայողաբար օգտագործելով կարող ենք պահել ու պահպանել այս թանկագին ռեսուրսը, որը կյանքի խորհրդանիշն է։

Օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակը կախված է մարդու սեռից, տարիքից, կառուցվածքից, ինչպես նաև բնակության վայրից։ Օրինակ՝ ծովափի բնակչի օգտագործած ջրի քանակն ավելի քիչ է, քան, ասենք, անապատային գոտում ապրողինը։ Պատճառն այն է, որ մարդն իրեն անհրաժեշտ ջրի քանակը կարող է ստանալ նաև մթնոլորտում առկա խոնավության հաշվին։ Ձմռանը նույնպես մարդն ավելի քիչ ջուր է խմում, քան ամռանը։

Վերջին տարիներին ֆիզիոլոգիայի բնագավառում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մարդուն անհրաժեշտ ջրի քանակը որոշվում է քաշով՝ 1կգ/30մլ հարաբերակցությումբ։ Այսինքն՝ եթե մարդը կշռում է 80կգ, նրան օրական անհրաժեշտ է 80x30=2400մլ ջուր։

Ջրի օգտագործման անհրաժեշտությունը մեծանում է հետևյալ դեպքերում.

  • եթե օդի ջերմաստիճանը բարձր է, իսկ խոնավությունը՝ ցածր։ Այդ դեպքում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, որպեսզի օրգանիզմում չսկսվի գերտաքացում (թույլատրելի ջերմաստիճանը 41-ն է), մարդը սկսում է քրտնել։ Այդպիսով նվազում է մարմնի ջերմաստիճանը, մեծ քանակով խոնավություն է ծախսվում, որն անհրաժեշտ է լրացնել։
  •  Եթե շատ աղ են օգտագործում, օրգանիզմին ավելի շատ հեղուկ է անհրաժեշտ լինում արյան բաղադրությունը նորմալացնելու համար։
  • Եթե ինչ-ինչ հիվանդությունների ժամանակ (սովորաբար բարձր ջերմությունով ուղեկցվող) օրգանիզմին անհրաժեշտ է լրացուցիչ քանակով հեղուկ թե՛ ջերմության կարգավորման, թե՛ առկա վնասակար նյութերի հեռացման համար։

Որպեսզի ջուրը լավ յուրացվի օրգանիզմի կողմից, անհրաժեշտ է օգտագործել մաքուր, առանց ծանր մոլեկուլների ջուր։ Խմելու համար նախատեսված ջրում իսպառ պետք է բացակայեն վնասակար և վտանգավոր խառնուրդները։ Ծանր ջուրը կամ ջրածնի դիտերիումը իր քիմիական բաղադրությամբ ջրածնի իզոտոպ է, բայց կառուցվածքային փոփոխության պատճառով այդպիսի ջուր օգտագործելիս մարդու օրգանիզմում տեղի ունեցող բոլոր կենսական պրոցեսներն ընթանում են մի քանի անգամ դանդաղ։ Այս դեպքում է, որ պետք է հիշել թորած ջրի մասին, որն ավելի թեթև է և շատ օգտակար, նպաստում է սրտանոթային համակարգի աշխատանքի լավացմանը, արագացնում է օրգանիզում ընթացող վերականգնողական աշխատանքները, խթանում է նորմալ նյութափոխանակությունը։

Մարդու օրգանիզմի նորմալ գործունեության համար ջուրն անհրաժեշտ է, քանի որ դրանում բոլոր օգտակար նյութերը լուծվում են և հեշտությամբ հասնում են օրգաններին։ Ջրի պակասից տուժում է նյութափոխանակությունը։ Հենց ջրի քանակի պակասն է, որ առաջ է բերում քաշի ավելցուկ։

Ջուրը խոնավացնում է մաշկը և լորձաթաղանթը, մաքրում է օրգանիզմը խարամից և տոքսիններից, այն հոդային հեղուկի հիմնական բաղադրիչն է։ Ջրի անբավարարության դեպքում հոդերը սկսում են «ճռճռալ»։ Բացի դրանից ջուրը պաշտպանում է ներքին օրգանները վնասվելուց, պահպանում է մարմնի մշտական կայուն ջերմաստիճանը, նպաստում է սննդամթերքը էներգիայի վերածվելու գործընթացին։

Առաջին և գլխավոր նախանշանը, որ օրգանիզմը ջրային քաղց է ապրում, արյան թանձրացումն է։ Առանց անհրաժեշտ ջրի քանակի արյունը ի վիճակի չէ իրականացնելու իր պարտականությունները, որի հետևանքով  օրգանիզմը չի ստանում իրեն անհրաժեշտ օգտակար նյութերն ու թթվածինը, իսկ նյութափոխանակության արդյունքում առաջացած ոչ պիտանի նյութերը չեն կարողանում հեռանալ օրգանիզմից, որն էլ կարող է առաջ բերել օրգանիզմի թունավորում։ Ջրի անբավարարության դեպքում առաջանում է նաև լորձաթաղանթի, մաշկի չորացում, գունատություն, ծերացում, ինչպես նաև մազերի բեկունություն-փխրունություն։

Քաշի ավելցուկ ունեցող մարդկանց մոտ ջրի ավելցուկից կարող է առաջանալ ճնշման բարձրացում, առատ քրտնարտադրություն։

Հետազոտողները պարզել են նաև, որ նորածնի մարմնում ջրի քանակը կազմում է 80%, մեծահասակ տղամարդու օրգանիզմում՝ 60%, իսկ կանանց օրգանիզմում՝ 65%։

Համավարակի առաջին իսկ օրերից տարբեր լուրեր տարածվեցին շատ ջուր խմելով՝ վարակվելուց խուսափելու մասին։ Այսօր արդեն հասկանալի է, որ անիմաստ է ջրին այդպիսի հատկանիշ վերագրելը, սակայն մի բան պարզ է, որ հատկապես ամռան այս օրերին ամենևին չարժե թերագնահատել ջրի դերը մեր օրգանիզմի համար։ Լոնդոնի համալսարանի գիտնականները պնդում են, որ «գոհ կմնա» նաև ուղեղը. նրանք ապացուցել են, որ օրգանիզմում ջրի բավարար քանակության դեպքում ուղեղն աշխատում է ավելի արդյունավետ, արագ և, ինչը շատ կարևոր է, առավել մեղմորեն է ընկալում սթրեսային իրավիճակը։ Իսկ հիմա սթրեսային իրավիճակում է հայտնվել ամբողջ աշխարհը։

 

Նյութը՝ Նարինե Գալստյանի

Լուսանկարը՝ Համացանցից