ԼՈՐԻ ՁՈՒ . ԴԻԵՏԻԿ, ԱՌՈՂՋԱՐԱՐ ՍՆՈՒՆԴ
Հավկիթից բացի մեր կենցաղում այսօր շատ գործածական է նաև լորի ձուն, որը համարվում է դիետիկ, առողջարար մթերք։

Դրա օգտակար հատկությունների մասին գիտեին դեռևս Հին Եգիպտոսում, իսկ լորի ձվի ժամանակակից ուսումնասիրությունը կատարել են ճապոնացիները։ Նրանց գիտական հետազոտությունների արդյունքներն ապահովեցին հետաքրքրության աճ լորի ձվի հանդեպ։ Պարզվել է, որ այն անհրաժեշտ է մանկական օրգանիզմի զարգացման նորմալ ընթացքի համար, օգտակար է հետվիրահատական վերականգնողական շրջանում և այլ հիվանդություններից հետո ապաքինման շրջանում։

Լորի ձուն փոքրիկ է, կշռում է 10-12 գրամ։ Ունի բարակ, թափանցիկ, բնորոշ մուգ բծերով կեղև։ Օգտագործում են հում, եփած և տապակած վիճակում։ Ձվի օրական չափաբաժինը կախված է մարդու տարիքից։ Այսպես, 1-3 տարեկան երեխաներին օրական թույլատրվում է 1-2 հատ, 3-10 տարեկաններին՝ 3, 10-18 տարեկաններին՝ 4 հատ, 18-50 տարեկաններին՝ 5-6 հատ, 50-ից բարձր տարիք ունեցողներին՝ 4-5 հատ։ Կանխարգելիչ և բժշկական նպատակով ձուն պետք է օգտագործել պարբերաբար և կանոնավոր կերպով։

Հետազոտողների կարծիքով՝ լորի հում ձուն բավականին օգտակար է, բայց միշտ չէ, որ համոզված կարելի է պնդել, թե թռչունն առողջ է, և ձուն էլ՝ թարմ։ Ուստի ճիշտը այն ջերմային մշակման ենթարկելն է։ Մասնագետները խորհուրդ են տալիս ձուն ջերմամշակման ենթարկել 15 րոպեից ոչ շատ, ավելի երկար մշակումից վերանում են վիտամիններն ու ամինաթթուները։

Թարմ լորի ձվի կալորիականությունը 168 կկալ է։ Դրանում յուղայնությունը բավականին բարձր է, ուստի քաշի ավելցուկ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում շատ հրապուրվել այս մթերքով։ Լորի ձուն պարունակում է մի շարք օգտակար և սննդային նյութեր, այդ թվում A, B1, B2, PP վիտամիններ, միկրո- և մակրոտարրեր՝ երկաթ, ֆոսֆոր, կալիում, կոբալտ, պղինձ, կալցիում, անփոխարինելի ամինաթթուներ՝ տրեոնին, տիրոզին, գլիցին, լիզոցին, գիստիդին։

Լորի ձվի առավելությունն այն է, որ գրեթե չունի կողմնակի վատ ազդեցություն և հակացուցում։ Ձվի բաղադրության մեջ առկա լիզոցինը թույլ չի տալիս, որ օրգանիզմում զարգանա վնասակար միկրոմիջավայր, տիրոզինը բարերար ներգործություն ունի մաշկի վրա, վերադարձնում է բնական գույնը և առաձգականությունը։ Դրական ներգործություն ունի նաև տեսողական օրգանների վրա։

Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաների ճաշացանկում անպայման ներառել լորի ձու, քանի որ այն խթանում է երեխայի մտավոր ունակությունների զարգացումը, կենտրոնացումը, լավացնում է հիշողությունը, ամրացնում է նյարդային և իմունային համակարգը։ Շատ դրական ներգործություն ունի ցածրահասակ երեխաների աճի տեմպի վրա։ Հղի կանանց խորհուրդ է տրվում լորի ձու օգտագործել՝ կանխարգելելու համար հղիության շեղումները, ամրացնելու ոսկրային հյուսվածքները, ատամները, իմունային համակարգը։ Տարեց մարդկանց լորի ձուն խորհուրդ է տրվում օգտագործել առկա քրոնիկ խոլեցիստիտի դեմ պայքարելու, արյան միջից ավելորդ խոլեստերինի հեռացման, ինչպես նաև անոթներում առկա ճարպային բշտիկների հեռացման համար։

Լորի ձուն պարունակում է նաև այնպիսի նյութեր, որոնք կապակցում և հեռացնում են օրգանիզմում կուտակված վնասակար ռադիոնուկլիդները։ Սա շատ կարևոր է ռադիոակտիվ ճառագայթման ենթարկված, ինչպես նաև քաղցկեղի ժամանակ քիմիաթերապիա ընդունած մարդկանց համար։

Թյուր կարծիք է, թե լորի ձուն սալմոնելոզի վտանգ չի պարունակում, քանի որ թռչնի մարմնի ջերմաստիճանը բարձր է։ Ինչպես մյուս բոլոր ընտանի թռչունները, այնպես էլ լորը կարող է վարակվել այդ հարուցիչով, իսկ հիվանդ թռչնի ձվի օգտագործումը կարող է առաջացնել օրգանիզմի տոքսիկ թունավորում։

Լորի ձու խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, որոնք ինչ-ինչ հիվանդությունների պատճառով դժվար են յուրացնում սպիտակուցը։

Լորի ձվի չարաշահումը կարող է առաջացնել ստամոքսի խանգարում, քանի որ դրա մեծ մասը պարզապես չի հասցնի յուրացվել։

 

Նյութը՝ Նարինե Գալստյանի

Լուսանկարը՝ Համացանցից