ՁՄԵՐՈՒԿ
Շատ մրգեր արդեն հասել են։ Խանութներում են արդեն դաշտում հասունացած ձմերուկները։ Ամռանը հազիվ թե որևէ այլ միրգ կարողանա մրցել քաղցրահամ սառը ձմերուկի հետ։

Ձմերուկի հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Մշակվել է Հին Եգիպտոսում, Ք.ա. 1500թ. հայտնի է եղել Փյունիկիայում։ Ք.հ. 10-րդ դարում ձմերուկը սկսել են մշակել Չինաստանում. այսօր այս երկիրը  առաջատար դիրք է գրավում ձմերուկի արտահանման ծավալներով։ Այդ ժամանակներից մինչև այսօր չինացիները նշում են Ձմերուկի տոնը։ Հնագույն ժամանակներից մշակվել է Փոքր Ասիայում, Պարսկաստանում, պատմական Հայաստանում։ Թուրքիան և Իրանը ձմերուկի արտահանման ծավալներով գրավում են 2-րդ և 3-րդ տեղերը՝ զիջելով միայն Չինաստանին (մոտ 20 անգամ)։

Եվրոպա ձմերուկը «մուտք է» գործել Խաչակրաց արշավանքների շրջանում, իսկ 13-14-րդ դդ.՝ թաթարների արշավանքների շրջանում, հայտնի է դարձել նաև Ռուսաստանի հարավում։ Ի դեպ, պահպանվել են տեղեկություններ, որ Կիլիկիայում մշակվող սեխը և ձմերուկը աչքի են ընկել իրենց բարձր համային որակներով։

Դդմազգիների ընտանիքին պատկանող միամյա, միատուն խոտաբույս է։ Ծաղկման շրջանը տևում է առնվազն 1 ամիս, ծաղկում է հունիս-հուլիսին։ Այդ ընթացքում յուրաքանչյուր ծաղկի ներսում արտադրվում է 0,5-0,7մգ շաքար։

Ձմերուկի պտուղը հասունանում է օգոստոս-սեպտեմբերին։ Հատապտուղը պարունակում է մեծ քանակությամբ (80-86 տոկոս) ջուր, հեշտ յուրացվող ածխաջրեր։ Թարմ ձմերուկի մեջ շատ է պտղաշաքարը՝ ֆրուկտոզան, կա նաև զգալի քանակությամբ խաղողաշաքար՝ գլյուկոզա։ Պահպանման ընթացքում սկսում է ավելանալ բուսաշաքարի՝ սախարոզայի քանակը։

Ձմերուկը պարունակում է 0,7 տոկոս պեկտինային նյութեր և մոտավորապես նույն քանակի սպիտակուցներ, նաև ոչ մեծ քանակությամբ բջջանյութ։

Պտղամիսը պարունակում է մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ։ 

Ձմերուկի կալորիականությունը (38 կկալ 100գ մեջ) ցածր է, սակայն ունի կշտացնող ազդեցություն։ Ձմերուկով ճաշելիս 2 ժամ առաջ և հետո խորհուրդ չի տրվում ուտել աղի ուտեստներ։ Աղը կապում է հեղուկը օրգանիզմում, ինչի հետևանքով կարող է այտուցվածություն առաջանալ և խոչընդոտվել սրտի բնականոն աշխատանքին։ Ձմերուկի սիրահարներին խորհուրդ է տրվում ընդգրկել սննդակարգում կալիումով հարուստ մթերքներ՝ չամիչ, սպանախ, ոլոռ, սպիտակ սունկ, դեղձ, խնձոր, ծիրան ու ծիրանի չիր։

Ձմերուկի պտղամիսը պարունակում է կարոտին, ասկորբինաթթու, B1, B2, PP (նիացին), ֆոլաթթու։

Ձմերուկն օժտված է միզամուղ հատկություններով, որով գերազանցում է բոլոր այլ բույսերին։ Նման հատկություն ունի ոչ միայն քաղցր պտղամիսը, այլ նաև կեղևը, որը չորացրած վիճակում պահպանում է իր օգտակար հատկությունները ավելի քան մեկ տարի։

Ձմերուկի հյութը տրոհում, լուծում և հեռացնում է թույները լյարդից։ Խորհուրդ է տրվում սննդային թունավորումների, հակամանրէային և այլ դեղերով բուժման ընթացքում։ Սակայն ձմերուկի բացառիկ առանձնահատկությունն այն է, որ ձմերուկը գրեթե չի պարունակում բնական թույներ, ինչով և տարբերվում է մնացած պտուղ-բանջարեղենից։

Ձմերուկը լայնացնում է արյունատար անոթները, օգտակար է տղամարդկանց համար, նպաստում է դիմադրողականության բարձրացմանը։

Ձմերուկը անփոխարինելի է որպես մագնեզիումի մատակարար։ Ձմերուկը մագնեզիումի պարունակությամբ գերազանցում է ցորենի թեփին, ընկույզին, պնդուկին, վարսակաձավարին, ծիրանաչրին և ոլոռին, կանաչ լոբուն, սև սալորաչրին։ Մագնեզիումի 70-90%-ը կենտրոնացած է ուղեղի, մակերիկամների, սեռական գեղձերի բջիջներում, արյան կարմիր գնդիկներում։ Մագնեզիումը կանխարգելում է կալցիումի կուտակումը սրտամկանի և ոսկրային մկանների վրա ու խոշոր արյունատար անոթների պատերին, նպաստում է առաձգականության պահպանմանը։

Խոսենք նաև ձմերուկի մյուս «բաղադրիչների» մասին՝ կեղևի և կորիզների։ Որքան էլ անհեթեթ հնչի, դրանք շատ օգտակար են, ուստի խորհուրդ  ենք տալիս չնետել կեղևն ու կորիզները, առավել ևս, որ դրանք համեղ են։ Կեղևի արտաքին շերտը մաքրել, սպիտակ մասը բաժանել մանր կտորների, լցնել բլենդերի մեջ, ավելացնել կիտրոն, վարունգ և սառույց։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել շաքարավազ կամ անանուխ։ Արդյունքում կունենաք ոչ միայն զովացուցիչ ըմպելիք, այլև C, B1, B2 վիտամինների, կարոտինի, ֆոլաթթվի և պանտոտենային թթվի մի ամբողջ կոկտեյլ։ Կորիզները բոլորովին չեն տարբերվում դդմի կորիզներից և արևածաղկից, ունեն հակաբորբոքային հատկություններ, լավացնում են մաշկի վիճակը, ինչպես նաև պարունակում են երկաթ, սպիտակուց և բջջանյութ։

Նշենք, որ ձմերուկի մոտ 91%-ը կազմում է հեղուկը, որի պատճառով էլ այն ունի շատ ցածր կալորիակնություն. 100գ ձմերուկը պարունակում է 38 կալորիա։

Ապացուցված է, որ ձմերուկը մեկն է այն մթերքներից, որոնք բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Իսկ հիմա ներկայացնենք զովացուցիչ ըմպելիքների մի քանի բաղադրատոմս,  որոնք հաճելի կլինեն ամռան շոգին։

Ձմերուկի հյութ անանուխով. ձմերուկը մաքրել կեղևից, կորիզներից, կտրատել, ավելացնել 8-10 անանուխի թարմ տերև, հյութքամիչով քամել։ Մատուցել անմիջապես՝ ըստ ցանկության ավելացնելով սառույց, զարդարելով անանուխի տերևով։

Ձմերուկով և ռեհանով զովացուցիչ ըմպելիք պատրաստելու համար անհրաժեշտ է 1 բաժակ ջուր, 3/4 բաժակ շաքարավազ, 15-20 հատ ռեհանի խոշոր տերև, 1 խոշոր ձմերուկի միջուկ և կես բաժակ կիտրոնի հյութ։ Շաքարավազը լուծել ջրի մեջ, եռացնել 5 րոպե, կրակից վերցնել, ավելացնել ռեհանի տերևները, թողնել մոտ մեկ ժամ, քամել։ Ձմերուկի միջուկը հարել բլենդերով մինչև միասեռ զանգված առաջանալը։ Լցնել այն ամանի մեջ, որով պետք է մատուցել, ավելացնել շաքարաջուրն ու կիտրոնի հյութը, սառեցնել, ավելացնել սառույց՝ ըստ ցանկության։

1 ճաշի գդալ շաքարավազ, 2 ճաշի գդալ լայմի հյութ, 3 բաժակ ձմերուկ (առանց կորիզի), 1 բաժակ սառույց, կես բաժակ ջուր։ Բոլորը հարել բլենդերով և մատուցել անմիջապես։

Միայն հիշեք, որ ցանկացած լավ բան չի կարելի չարաշահել։

 

Ներկայացրեց` Նարինե Գալստյանը

Լուսանկարը՝ Համացանցից