ԽՈՒՆԿ
Խունկը խեժ է, որ ստացվում է բուրսերազգիների (Burseraceae) ընտանիքի Boswellia ցեղին պատկանող ծառերի կեղևից։

Անցյալում հայ եկեղեցականները խունկ են պատրաստել սովորական խնկեղեգից՝ Acorus calamus։ Ըստ երկրորդ նշանակության՝ խունկը տարբեր խեժերի՝ լատան, կնդրուկ, ստաշխն, հալվե, խունկ, հավաքական անվանումն է։ Այդ խեժերը պնդանալիս փոխարկվում են դեղնավուն կտորների, այրվելիս արձակում են բուրավետ հոտ, որը տալիս է հիմնականում բետա-բոսվելյան թթուն։ Մասնակիորեն լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում, տաքացնելիս (առանց հեղուկ վիճակի անցնելու) գոլորշանում է։

Գիտնականները փորձել են պարզել, թե որոնք են աստվածաշնչյան խնկի իրական հատկությունները: Ուսումնասիրությունների արդյունքներն ապշեցուցիչ էին։ Պարզվում է՝ խունկը հզորագույն իմունախթանիչն է:

Այսինքին՝ երբ հոգևորականները խունկ էին ծխում հիվանդի մոտ, բժշկական տեսանկյունից ախտահանում էին տարածքն ու հիվանդի օրգանիզմը: Այդ ծուխը պարզապես ոչնչացնում էր բոլոր վիրուսներն ու ախտածին մանրէները։

Մանրագույն մասնիկները թոքերի միջոցով ներթափանցում են մարդու օրգանիզմ՝ ունենալով բուժիչ ներգործություն։ Խնկի ծխի մեջ կան նյութեր, որոնք օգնում են հաղթահարել սթրեսը, նյարդային հյուծվածությունը, խուճապի նոպաներն ու անքնությունը:

Հայկական, հելլենական, եգիպտական բժշկության մեջ խունկն օգտագործել են խոցերի, թարախակալած վերքերի, արգանդի թարախային բորբոքումների, կրծքագեղձի ուռուցքների, միզաքարային հիվանդությունների, չարորակ ուռուցքների, աչքի խոցերի, փսխման, ստամոքսի ֆունկցիայի խանգարման, մարսողական ուղում եղած խոցերի, հիշողության կորստի բուժման նպատակով:

Ամենալավը խնկածառից ստացված խունկն է, որը սպիտակ է և անուշահոտ: Խնկի բույրը նաև բարելավում է հիշողությունը: Միջնադարյան հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Իր տաք ու չոր էությամբ խունկն ամրապնդում է գիտակցությունն ու բուժում մոռացկոտությունը»: Խորհուրդ են տալիս խունկն օգտագործել նաև որպես կյանքը երկարացնող միջոց:

Ռուսիայում նախորդ դարերում վանականներն օգտագործում էին խնկով թրմած ջուր, իսկ խնկի ծուխն օգտագործվում էր դիվահարությամբ տառապող հիվանդների բուժման համար, քանի որ խունկը, ինչպես և աղոթքը, ավելի շատ դեղամիջոց է հոգու, քան մարմնի համար:

Բարձր ջերմաստիճանում խեժն արձակում է բիոկատալիզատորներ, որոնք նպաստում են մարդու գիտակցության «պայծառացմանը»։

Հնում զոհաբերությունների գարշահոտությունը վերացնելու համար խնկարկել են նաև տաճարներում։ Մարդիկ հավատացել են, թե խնկահոտը հաճելի է աստվածներին։

Խունկը ծխելը քրիստոնեական եկեղեցին նվիրագործել է, որովհետև, ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի թաղման հաջորդ օրը գերեզմանին խունկ են վառել նրա անապական մարմինն օծելու համար (այստեղից՝ մահացածի շիրիմին խունկ ծխելու սովորույթը)։ Փոխաբերական իմաստով այն խորհրդանշում է անաղարտություն և մաքրություն։

Երբ եկեղեցում խունկ են վառում, բույրը  տարածվում է ամբողջ սրահով մեկ և  սպանում է օդում ապրող բակտերիաներն ու մանրէները։ Խնկի բույրը բուժում է հոգեկան ցավը, մարդուն հանգստության ու պաշտպանվածության զգացողություն է պարգևում: Բացի դրանից կանխում է օդում, ջրում և նույնիսկ օրգանիզմում մանրէների բազմացումը:

Աստվածանշչում կա մի բաղադրատոմս, որի օգնությամբ կարելի է պատրաստել բուրավետ ծուխ: Այնտեղ ասվում է. «Եվ ասաց Աստված Մովսեսին. Վերցրո՛ւ անուշաբույր համեմունքներ. ստաշխն, եղնգաքար, անուշաբույր քաղբան և մաքուր կնդրուկ: Դրանք թող քաշով իրար հավասար լինեն: Դրանք իրար խառնելով՝ մաքուր սուրբ խունկ կպատրաստես»:

Խնկի բուժիչ հատկությունների մասին մարդիկ իմացել են հնուց։ Եթե ականջում ձայներ են լսվել, խունկը լավ ծեծել են, խառնել հին գինու հետ և օրը երկու անգամ երեք կաթիլից կաթեցրել ականջի մեջ։ Կարելի է խունկը ծեծել և ցանել խոցերի, թարախակալած վերքերի վրա։

 

Ներկայացրեց՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Լուսանկարը՝ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ