ԴԴՈՒՄ (CUCURBITA)
Շռայլ աշնան բազմազան մրգերի ու բանջարեղենի շարքում առանձնակի տեղ ունի դդումը։

Դեղնակարմիր գրավիչ գույնով այս բանջարեղենից կարելի է ամբողջ ձմեռ  բազմազան ճաշեր եփել, աղցաններ պատրաստել, մուրաբա եփել, խմել թարմ հյութը, պատրաստել տարբեր դիմակներ մաշկի խնամքի համար։ Հայկական խոհանոցում դդումը շատ մեծ տեղ է ունեցել, իսկ դդումի մեջ եփվող «Ղափամա» ճաշատեսակին անգամ երգ ունենք նվիրված։ Հիրավի, դդումը վիտամինների շտեմարան է։ Մինչև օրս այս բանջարեղենը հանդիպում է վայրի ձևով, իսկ մշակել սկսել են Մեքսիկայում ավելի քան 5000 տարի առաջ։ Եվրոպա բերվել է 15րդ դարի վերջերին և արագորեն տարածվել է Հին աշխարհով մեկ։ Այսօր դդում աճեցնում են ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։ Բանջարեղենն ունի բազմաթիվ տեսակներ։

Դդմազգիների ընտանիքի այս հրաշք ներկայացուցիչը լինում է միամյա և բազմամյա։ Ցողունը մագլցող է, լավ ճյուղավորված։ Տերևները՝ խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները՝ դեղին, պտուղները՝ տարբեր մեծության։ Դդումի ամենամոտ ազգականներն են դդմիկը, վարունգը, պատիսոնը (դդմակ)։ Հասունանում է ուշ աշնանը, պտուղները հավաքում են ցրտերն ընկնելուց առաջ։ Չոր սենյակում պահելու դեպքում այն դիմանում է ամբողջ ձմեռ։

Դդումն առողջության իսկական գանձատուն է։ Այն հարուստ է C, B1, B2, B3, B5, B6, B9 և PP վիտամիններով, ճարպերով, սպիտակուցներով և ածխաջրածիններով։ Պարունակում է նաև ցելյուլոզա, գլյուկոզա, հանքային նյութեր, միկրոտարրեր՝ կալիում, կալցիում, երկաթ։ Կարոտինի քանակով դդումը 5 անգամ գերազանցում է գազարին, 3 անգամ՝ սև թոքին, ուստի շատ օգտակար է տեսողական խանգարումներ ունեցողների համար։ B6 վիտամինը մեծ դեր ունի արյունարտադրության պրոցեսում։ Դդմի միջուկը և հյութն ունեն թույլ լուծողական և միզամուղ հատկություն, նպաստում են օրգանիզմից աղի և ջրի հեռացմանը՝ չգրգռելով երիկամային հյուսվածքները։ Դդումը պարբերաբար պետք է օգտագործեն սուր և խրոնիկ նեֆրիտներ, սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողները։ Դդմի կորիզները նույնպես շատ օգտակար են։ Դրանք պարունակում են 52% ճարպայուղ, շաքար, խեժանյութեր, օրգանական թթուներ, պրոտեին, եթերայուղ, կարոտին, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, պղինձ, ցինկ։ Հնուց ի վեր դդմի կորիզների և մեղրի խառնուրդը հայտնի է որպես ճիճվաթափության միջոց։ Չորացված կորիզները խորհուրդ է տրվում օգտագործել այն տղամարդկանց, որոնք շագանակագեղձի բորբոքում ունեն։ Այս միջոցը կիրառելի է հիվանդության սկզբնական փուլում. սոված փորին առավոտյան և երեկոյան պետք է ուտել 2030 կորիզ։

Շատ արդյունավետ են ներգործում մաշկի վրա դդումով դիմակները։ Մանր քերիչով քերած միջուկի և հյութի խառնուրդից առաջացած շիլան խորհուրդ է տրվում գործածել ցանկացած մաշկ ունեցողներին որպես սնուցող և արյան շրջանառությունն ակտիվացնող միջոց։ Շիլան պետք է քսել թանզիֆի վրա և դնել դեմքին 1520 րոպե։ Կրկնել շաբաթը 23 անգամ։ 23 ճաշի գդալ եփած դդմի միջուկին ավելացնել 1 ձվի դեղնուց և 1 թեյի գդալ մեղր։ Նախապես դեմքին 23 րոպե տաք թրջոց դնել։ Դիմակը դեմքին քսել տաք վիճակում։ 10-15 րոպե հետո լվանալ սառը ջրով։ Թարմացնում է ցանկացած տիպի մաշկը։

 

Ներկայացրեց՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Լուսանկարը՝ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ