ՄԵՂՐ
Մեղրը քաղցր, մածուցիկ մթերք է, որն աշխատավոր մեղուները պատրաստում են մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից։

Նեկտարը մտնում է աշխատավոր մեղվի նեկտարանոցը (մեղրապարկ), որտեղ թքի ազդեցության տակ եղեգնի շաքարը վերածվում է խաղողի շաքարի, որը կազմում է մեղրի բաղադրության հիմնական մասը։ Այդ մեղրը մեղուները «փսխում» են փեթակում տեղադրված հատուկ մոմահացի բջիջների մեջ և փակում։ Այնուհետև մեղրում եղած ջրի մի մասը գոլորշանում է, երբ մեղուն իր թունապարկից մեղրի մեջ է ներարկում քիչ քանակությամբ մրջնաթթու՝ կանխելու համար մեղվի խմորման պրոցեսը։

Մեղրը շատ արժեքավոր սննդամթերք է։ Այն համարվում է երկարակեցության մթերք։ Որոշ երկրներում, որտեղ լավ զարգացած է մեղվաբուծությունը, մարդահամարի տվյալները ցույց են տալիս, որ երկարակյացները (100 տարեկան և ավելի) կամ մեղվաբույծներն են, կամ նրանց ընտանիքի անդամները։

Թվում է, թե բոլորն ամեն ինչ գիտեն մեղրի մասին, բայց թերևս քչերը գիտեն, որ Մերձավոր Արևելքում արշավանքի ժամանակ մահացած Ալեքսանդր Մակեդոնացու մարմինն ընկղմել են մեղրի մեջ, որպեսզի պահպանվի և  կարողանան հասցնել Մակեդոնիայի մայրաքաղաք՝ այնտեղ հուղարկավորելու համար։

Երևի քչերը գիտեն նաև, որ տարբեր բույսերից ստացված մեղրի տեսակները տարբեր չափով են օգտակար, և բոլորը չէ, որ կարելի է գործածել բուժման նպատակով։ Անգամ հին ձեռագրերում պահպանվել են մեղրի տարբեր տեսակների բնութագրությունները և առաջարկված են օգտագործման ձևերը տարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Ի դեպ, այդպիսի բաղադրատոմսերը բավականին շատ են։

Լավ մեղրն ունի նուրբ բույր։ Տարբեր բույսերից պատրաստված մեղրն ունի իրենց բնորոշ հոտը՝ կախված ծաղկի նեկտարից, որը պարունակում է ավելի քան 120 անուն տարբեր նյութեր՝ բարդ եթերներ, ալդեհիդներ, կետոններ, սպիրտներ, կարբոքսիլային միացություններ։ Այն մեղրը, որը աշխատավոր մեղուները պատրաստում են շաքարաջրից, զուրկ է նեկտարից և հոտ չունի։ Արոմատիկ նյութերը հեշտ ցնդող են, դա է պատճառը, որ ժամանակի ընթացքում մեղրի բույրը թուլանում է։ Մեղրի գույնն ու բույրը ամբողջովին կախված են ծաղկի նեկտարի որակից։

Ավելի արժեքավոր են բաց գույնի մեղրի տեսակները (ակացիայի, լորենու)։ Բացառություն է հնդկաձավարի մեղրը, որի գույնը մուգ է։ Մուգ գույնի մեղրի տեսակները հարուստ են հանքային նյութերով, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար։

Խորհուրդ է տրվում մեղր գնել հատուկ մասնագիտացված խանութներից, որտեղ մթերքն անցնում է հատուկ ստուգում, վաճառողներն էլ մասնագիտացված են և կարող են լավ խորհրդատու լինել։ Առավել ցանկալի է մեղրը ձեռք բերել հենց մեղվաբույծ-արտադրողից։

Արտաքուստ՝ տեսողական մեթոդով ստուգելիս անհրաժեշտ է իմանալ, որ մեղրը պետք է լինի համասեռ զանգված, ունենա համապատասխան համ և ունենա փնջի բույր։ Թարմ քամած մեղրը գդալը պտտելուց չի ծորում, իսկ ծորալիս կլորավուն տեսք է ընդունում։ Մասնագետներն ասում են, որ, որպես կանոն, քամած մեղրը հոկտեմբեր ամսին պետք է բյուրեղակալած լինի։ Բացառություն է միայն սպիտակ ակացիայից ստացվող մեղրը, որը շատ քիչ է բյուրեղակալում։

Մեղրը հագեցած է A,B1,B2,B6,C,PP,K,E վիտամիններով, ֆիոլաթթվով և պարունակում է ավելի քան 300 միկրոտարրեր (մանգան, ալյումին, բոր, քրոմ, պղինձ, լիթիում, նիկել, կապար, անագ, ցինկ և այլն), որոնք բավականին լավացնում են օրգանիզում ընթացող նյութափոխանակության պրոցեսները։ Միկրոտարրերի համադրությունը շատ մոտ է մարդու արյան մեջ պարունակվող միկրոտարրերի բաղադրությանը։ Մեղրը մի քանի պարզ շաքարների (գյուկոզաներ, ֆրուկտոզաներ), քիչ քանակությամբ խարամի (ծաղկափոշի) և ջրի համադրություն է։

Մեղրը 60 անգամ շատ վիտամին A է պարունակում, քան տավարի միսը։ Պարունակում է օրգանական թթուներ (խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու), բիոգենային խթանիչներ, որոնք բարերար ներգործություն ունեն օրգանիզմի վրա, ակտիվացնում են կենսական գործունեությունը։

Մեղրը մարդու օրգանիզմի կողմից յուրացվում է 100%-ով, ինչը չի կարելի ասել մյուս մթերքների մասին։ Մեղրը ածխաջրային էներգետիկ մթերք է, որն ունի նաև բուժականխարգելիչ հատկություններ, որի շնորհիվ ամրանում և երիտասարդանում է մարդու օրգանիզմը։

Մեղրը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, ունի հակամանրէային, հակաբորբոքային և խորխաբեր, ցավազրկող և վերականգնող հատկություն, ունի վառ արտահայտված հակաալերգեն ներգործություն։

Մեղրը մեծ դեր ունի ժողովրդական բժշկության մեջ մի շարք հիվանդությունների բուժման գործում։ Այն նվազեցնում է գրգռված, քերող հազը, նվազեցնում է ցավը հոդաբորբի ժամանակ։ Ունի հանգստացնող ներգործություն ստամոքսի վրա։ Այն խորհուրդ է տրվում տարեց մարդկանց օրգանիզմի առողջությունը և տոնուսը պահպանելու համար։

 

Ներկայացրեց՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Լուսանկարը՝ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ