ՄԵՂՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Լորենու մեղր Մեղրի բոլոր տեսակներից լորենու մեղրն իր առողջարար հատկությունների շնորհիվ իրավամբ չեմպիոն է։

Բաց դեղանվուն այս մեղրը, որն ունի լորենուն բնորոշ մեղմ և հաճելի համ, աչքի է ընկնում բարձր սննդայնությամբ։ Այն շատ արագ բյուրեղանում է։ Փոքրիկ բյուրեղիկներն ստանում են ճարպանման սպիտակ գույն։ Ունի հակաբակտերիալ ներգործություն։ Շատ լավ խորխաբեր է։ Լորենու մեղրը հակաբորբոքային, ինչպես նաև փորկապությունը թուլացնող միջոց է։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բկաբորբի, մրսածության, հարբուխի, գրիպի, բրոնխիտի, ասթմայի, լարինգիտի ժամանակ։ Այս մեղրն ամրացնում է սրտամկանը, ստամոքսի բորբոքման ժամանակ կարգավորում է աղեստամոքսային տրակտի, երիկամների և լեղապարկի գործունեությունը։ Լորենու մեղրն ունի մանրէազերծող ներգործություն. նպաստում է թարախային և այրվածքային վերքերի արագ ապաքինմանը։

 

Ակացիայի մեղր

Սպիտակ ակացիայի մեղրն ունի նուրբ, հաճելի համ և բույր։ Թարմ քամած մեղրն ունի բաց գույն և թափանցիկ է։ Մեղրի այս տեսակը շատ ուշ է բյուրեղանում, շատ երկար կարող է մնալ օշարակի տեսքով, իսկ բյուրեղանալիս ստանում է կաթնային սպիտակ գույն։

Այն օգտագործում են որպես իմունային համակարգն ամրապնդող միջոց։ Լավ է ներգործում անքնության, աղեստամոքսային տրակտի և երիկամների հիվանդությունների դեպքում։

 

Արևածաղկի մեղր

Արևածաղկի մեղրն ունի յուրօրինակ հաճելի համ և շատ թույլ բույր։ Այն հեղուկ վիճակում բաց ոսկեգույն է։ Շատ արագ բյուրեղանում է, բյուրեղները բավականին խոշոր են, բյուրեղացած մեղրն ունի դեղին գույն։ Այն շատ սննդարար է և ունի հակաբորբոքային վառ արտահայտված հատկություն։

 

Հնդկաձավարի մեղր

Հնդկաձավարի մեղրը հիմնականում ստանում են անտառային և մերձանտառային տարածքներից։ Այն հարուստ է սպիտակուցներով, հանքային նյութերով, շատ հաճելի և վառ արտահայտված համ ու հոտ ունի։ Բաց շագանակագույն է՝ կարմրավուն երանգով։ Աչքի է ընկնում երկաթի բարձր պարունակությամբ։

Օգտակար է սակավարյունության, մարսողական օրգանների, լյարդի հիվանդությունների բուժման ժամանակ։ Այդ մեղրի օգտագործումը կանխարգելում է աթերոսկլերոզը և ամրացնում սրտանոթային համակարգը։

 

Ծխախոտի մեղր

Ծխախոտի ծաղիկների նեկտարից ստացվող այս մեղրն ամենամուգն է՝ շագանակագույն է, դառնահամ, ծխախոտի բնորոշ հոտով։ Բյուրեղանում է շատ դանդաղ։ Ունի թույլ արտահայտված հակաբակտերիալ հատկություն։ Ամենաքիչ սիրված և հետազոտված մեղրի տեսակներից է։ Ուստի ծխախոտի մեղրի օգտակար և բուժիչ հատկությունների մասին շատ տեղեկություններ հայտնի չեն։

 

Ներկայացրեց՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Լուսանկարը՝ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ