ՀՈՆ
Հոնը (լատիներեն՝ Cornus) պատկանում է հոնազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղին։

Ծառի բարձրությունը 4-8մ է, պսակի տրամագիծը՝ 3-6մ։ Երկարակյաց է, տերևները պարզ են, ամբողջական, հակադիր, հովանոցանման ծաղկաբույլերում հավաքված ծաղիկները երկսեռ են, մանր։  Կորիզապտուղը կարմիր է, մսալի։

Հոնն աճում է ամենուր, հիմնականում չոր, արևոտ և բլրաշատ վայրերում կամ անտառներում: Հայտնի է հոնի 4 տեսակ։ Հայաստանում աճում է մեկ տեսակը՝ սովորական հոնը (լատ.՝ Cornusmas)։ Այն տարածված է Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Տավուշի, Զանգեզուրի անտառներում և Սյունիքի մարզի ցածրադիր մասերում։ Մշակովի հոնի լավագույն փոփոխակներ տարածված են նաև Երևանի՝ Նորքի շրջակա այգիներում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում։ Հոնի ծառը ծաղկում է մարտին, իսկ միրգը հասնում է հուլիսից-հոկտեմբեր ամիսներին: Հոնի ծառը մեղրատու է։ Փայտանյութն ամուր է, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Ծառի կեղևը, ճյուղերը և տերևները պարունակում են աղանյութեր։ Պտուղը պարունակում է մեծ քանակությամբ բնական շաքար, օրգանական թթուներ, պեկտին, տանիններ և վիտամին C՝ կրկնակի ավելի, քան նարինջը:

Հոնը օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, օղի) վիճակում։ Հնագույն բժշկության մեջ որպես հակաթունային և վերքեր բուժող միջոց օգտագործում էին հոնը, նաև թփի վերգետնյա կեղևը։ Վերքի վրա դնում են բոված կեղևը և հոնի կտրտած պտուղները։ Հոնի տերևների թարմ հյութը օգտագործվում է որպես աչքի բուժիչ կաթիլներ։ Պտուղներից պատրաստված թանձր եփուկը քսում են երկու շերտ ծալած թանզիֆի վրա և գլխացավի ժամանակ դնում ճակատին, արմատներից պատրաստած եփուկը խմում են ռևմատիզմի, իսկ հատապտղի կորիզներից պատրաստած եփուկը՝ փորլուծության ժամանակ։ Պտուղներն օգտագործում են իբրև հիվանդների օրգանիզմը ապաքինող և դիմադրողականությունը բարձրացնող, մեջքի ցավերը հանգստացնող, հաճախակի միզարձակությունը կանխող և ականջների աղմուկը դադարեցնող միջոց։ Հոնի ճյուղերի կեղևը և արմատներն օգտագործվում են որպես խինինին փոխարինող հակադողէրոցքային միջոց։ Հոնի հյութը, մուրաբան և կոմպոտները խորհուրդ է տրվում օգտագործել սակավարյունության, լյարդի հիվանդության, հոդատապի, շաքարախտի ժամանակ, իբրև միզամուղ և լեղամուղ միջոց։

Հոնի տերևների եփուկը և պտուղների թուրմը օգտագործում են որպես ջերմությունն իջեցնող և միզամուղ միջոց, իսկ կեղևից պատրաստած եփուկը՝ որպես դիմադրողականությունը բարձրացնող և գրգռիչ միջոց։

Հոնն արագացնում է նյութափոխանակությունը։ Հոնի բաղադրության մեջ մտնող պեկտինն օգնում է օրգանիզմից դուրս բերել միզաթթուն։

Հոնը վիտամին C է պարունակում, որն օգնում է բարձրացնել օրգանիզմի պաշտպանական հատկությունները։ Օրվա ընթացքում կես բաժակ հոնի օգտագործումը կօգնի օրգանիզմը հագեցնել վիտամիններով, կլավացնի

մաշկի վիճակը, իսկ մի բուռ հոնն օրվա ընթացքում կարող է օգնել ազատվել բշտիկներից, և կարճ ժամանակ անց մաշկն ավելի առողջ և մաքուր կլինի։

Հոնը կարող է օգնել նաև նյութափոխանակության բարելավմանը, ամեն անգամ ուտելուց 1-2 ժամ առաջ պետք է մի բուռ հոն ունել։

Խորհուրդ է տրվում շաքարային դիաբետի դեպքում, քանի որ իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Ուտելուց առաջ օգտագործեք 50գ հոնի հյութ, աստիճանաբար ավելացրեք՝ հասցնելով 200 գրամի։

Հոնը միզամուղ հատկություն ունի, կանխարգելում է այտուցների առաջացումը, մաքրում է օրգանիզմը։

Հոնը սննդակարգի մեջ պետք է ներառել լնդերի արյունահոսության ու քրոնիկական գաստրոէնտերոկոլիտների, ընդհանուր թուլության ու հղիների տոքսիկոզի ժամանակ։ Գինեկոլոգիական հիվանդները հետվիրահատական շրջանում ախորժակի լավացման համար պետք է հոն ուտեն։

Ժողովրդական շատ բժիշկներ խորհուրդ են տալիս հոնն ուտել կորիզներով, քանի որ հենց դրանց մեջ շատ տանին կա։ Մի անհանգստացեք աղիների համար. կորիզներն անարգել դուրս կգան՝ հընթացս մաքրելով օրգանիզմը։ 

Հոնն օգնում է թութքի սրացումների դեպքում։ Կորիզը պարունակում է բուսական յուղեր, որոնք հակաբորբոքային հատկություններ ունեն, ուստի թեթևացնում են այտուցը, ցավը։ Եթե հոնի օգտագործման այս տարբերակը ձեզ հարմար չէ, ապա դրանից մորս պատրաստեք։ Դրա համար անհրաժեշտ է. 0,5կգ հասած պտուղ, 2լ ջուր, մեղր կամ շաքար՝ ըստ ճաշակի։

Հոնի պտուղները կորիզներով ցածր կրակի վրա եփել 2 ժամից ոչ պակաս։ Եփուկը քամել, անցկացնել մաղի միջով, զանգվածը խառնել եփուկի հետ, ավելացնել մեղր կամ շաքար։ Խմել մեկական բաժակ, օրական 3 անգամ։ Գերազանց կերպով օգնում է իջեցնել մարմնի բարձր ջերմաստիճանը, դրականորեն է ազդում միզասեռական համակարգի վրա։

Որքան էլ դրական լինեն հատկությունները, միևնույնն է, կան նաև հակացուցումներ. բարձր թթվայնությամբ ստամոքսի խոց ունեցող մարդկանց հոնը հակացուցված է։ Դրա պտուղները հակացուցված են նաև շագանակագեղձի՝ ադենոմայի, պրոստատիտի, երիկամների հիվանդությունների դեպքում։ Պտուղների ու կորիզների եփուկը կպցնող հատկություն ունի, ինչը նույնպես անհրաժեշտ է հաշվի առնել փորկապությամբ ուղեկցվող կոլիտների դեպքում։

Հիշենք նաև, որ հոնը մեծ տեղ է զբաղեցրել մեր խոհանոցում։ Մուրաբայից և կոմպոտից բացի հոնից պատրաստել են, «թթու լավաշ»։ Այն չորացրել են կորիզով կամ կորիզահան արած։ Չոր հոնն ավելացրել են տարբեր ուտեստների՝ որոշակի թթվություն հաղորդելու նպատակով (պասուց տոլմա և այլն)։ Թարմ հոնից կամ հոնի չրից եփել են հոնով ապուր։ Լվացած հոնի կամ հոնի չրի վրա եռման ջուր լցնել, թողնել որոշ ժամանակ (կարելի է շատ կարճ եռացնել), ջուրը քամել, պահել, հոնը տրորելով անցկացնել քամիչի միջով, հեռացնել կորիզները, ավելացնել ջրին, եփել: Ապուրին ավելացնել ջրի մեջ լուծված կարտոֆիլի ալյուր, մի քիչ շաքար, լավ խառնել, եփել, որ թանձրանա: Մատուցել սառը վիճակում: Վրան կարելի է լցնել դդմի կորիզներ։

Հայտնի է նաև, որ հոնը մաքրում է օդը վնասակար մանրէներից և միջատներից:

Ներկայացրեց՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Լուսանկարը՝ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ