«Ես պարզապես հաջողակ եմ»
Տեղադրվել է 28-03-2010
Բացառիկ հարցազրույց Ջեյմս Կամերոնի հետ:
-Ի՞նչ եք կարծում կինոստուդիաների` իրենց գլխավոր կինոնախագծերը 3D ձևաչափով իրականացնելու մեծ ցանկության վերաբերյալ:
-«Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլմի հաջողությունից հետո էկրան բարձրացան տասնյակ անիմաստ համակարգչային-անիմացիոն մուլտեր, քանի որ ոմանք որոշեցին, որ հաջողությունը կախված է զարգացած տեխնիկայից, և ոչ հրաշալիորեն կերտված կերպարներից, ձգող ու հուզող պատմությունից: Արդյունքում` ստացվում է կեղծ 3D պատկերի շատ պարզ մակարդակ: Գնում ես կինոդահլիճ, շունչդ պահած սպասում հրաշքի, իսկ հետո մտածում` հիմարություն էր:
-Ի՞նչ արեցիք, որ այժմ բոլորը մտածում են միայն 3D ձևաչափի ֆիլմերի մասին:
-Վերջին յոթ տարիներն անցկացրի կինոռեժիսորներին այս տեխնոլոգիայով հետաքրքրելու գործով, բայց նրանք որոշեցին ոչինչ չանել, իսկ այդ ընթացքում Pixar և DreamWorks կինոստուդիաները նոր մուլտեր չնկարեցին: Դեռ էկրան չէր բարձրացել «Ավատարը» և մի քանի 3D ձևաչափի ֆիլմեր: Բայց մենք ապացուցեցինք, որ տարածական ֆիլմերը մեծ պահանջարկ են վայելում, և այժմ կինոռեժիսորներն ստիպված են ֆիլմերը նկարել 3D ձևաչափով: Այսպես սխալ է: Այժմ էլ մենք 2D ֆիլմերը վերափոխում ենք 3D-ի` սպասելով այնպիսի ազդեցության, ինչպիսին «Ավատարի» դեպքում է: Բայց մենք ֆիլմն ստեղծեցինք ուրիշ կերպ, այնպես որ ձևաչափի վերափոխումը կարող է վնաս բերել, քանի որ արդյունքում ստացվում է անորակ արտադրանք:
- Իսկ ի՞նչ եք մտածում «Սարդ-մարդը» 3D ձևաչափով վերսկսելու վերաբերյալ:
- Ահա տիպիկ օրինակ այն բանի, որ Հոլիվուդն ամեն ինչ ճիշտ չի ընկալում, Studio Sony-ն պատվիրում է. «Նկարել «Սարդ-մարդը» 3D ձևաչափով»: Այս դեպքում ռեժիսորը մեծ ցանկության դեպքում էլ «ոչ» չի ասում: «Դուք ցանկանո՞ւմ եք ֆիլմ նկարել: Այդ դեպքում նկարիր 3D ձևաչափով, հիմար»: Այսպես չպետք է լինի:
-Կցանկանայի՞ք աջակցել «Սարդ-մարդ» ֆիլմի 3D ձևաչափով վերսկսելու գործընթացին:
-Ես պատրաստ եմ օգնության ձեռք մեկնել Մարկ Ուեբին, ով պետք է շուտով վերսկսի ֆիլմի նկարահանումները:
-Դուք աշխարհում միակ ռեժիսորն եք, ում երկու ֆիլմ-գլուխգործոցները («Տիտանիկ» և «Ավատար») մոտ 10 տարվա տարբերությամբ իրար հետևից համաշխարհային կինովարձույթում հավաքել են 1 մլրդ-ից ավելի ամերիկյան դոլլար: Ի՞նչ կցանկանայիք ասել:
-Ես ուղղակի հաջողակ մարդ եմ:
-Դուք միշտ ասում եք. «Ես կարող եմ օգնել ցանկացած ռեժիսորի 3D տեխնոլոգիայի բնագավառում»: Սա ի՞նչ է նշանակում:
-Ես կարող եմ նրանց խորհուրդներ տալ, թե ինչպես պետք է օգտագործել 3D տեսախցիկները, ռեժիսորները կարող են ինձ հարցեր ուղղել 3D ձևաչափի աշխատանքների առանձնահատկության վերաբերյալ կամ ինչ անել ֆիլմում լավորակ պատկեր ստանալու համար և այլն: Ես նաև առաջարկում եմ ռեժիսորների միությանը կազմակերպել սեմինարների շարք հատուկ կինոմատոգրաֆիստների համար: Նրանք պետք է հասկանան այս տեխնոլոգիայի դրական և բացասական կողմերը:
Պատրաստեց` Հարություն Ծատրյանը