Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 27-10-2015
Աշխատակազմի կարողությունների զարգացման երկօրյա սեմինար
2015 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մեկնարկեց «Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման» ծրագրի աշխատակազմի կարողությունների զարգացման երկօրյա սեմինարը:

Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարը բարձր գնահատեց և կարևորեց նման երիտասարդական ծրագրի իրագործումը Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մարզերում:

Ծրագրի ուղղակի շահառուներն են ՀՀ հինգ մարզերի` Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի 30 գյուղական համայնքների անապահով ընտանիքների 15-30 տարեկան երիտասարդները: Ծրագրի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նշված մարզերի այն երիտասարդներին, ովքեր բնակվում են հեռավոր, սահմանամերձ և հակամարտության առավել բարձր ռիսկ ունեցող վայրերում:

<<Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման>> ծրագրի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված սեմինարը կտևի երկու օր: Սեմինարի ընթացքում ԵՆԽԾ անձնակազմը հնարավորություն կունենա ավելի մանրամասն ծանոթանալ ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին, գործողություններին, ինչպես նաև հանդես գալ իրենց առաջարկներով և նորարարական գաղափարներով:

Սեմինարի բացման արարողությանը մասնակցել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ֆինանսների նախարարության «Արտասահամանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» տնօրեն Էդգար Ավետյանը, ՀԲ Երևանյան գրասենյակի ՍՊ ծրագրերի գծով պատասխանատու Վահան Դանիելյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ, ովքեր իրենց խոսքում ևս կարևորեցին ծրագիրը՝ շեշտելով առարկայական արդյունքների ակնկալիքը: