Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Համացանցից
Տեղադրվել է 15-04-2016
Ինչո՞ւ են զույգերն ամուսնալուծվում
Ամուսնությունը կյանքի կարեւոր իրադարձություններից է: Կողակից ընտրելիս հարկավոր է երկար ու լավ մտածել, որպեսզի հետագայում չդիմել ամուսնալուծության:

Վերջին տարիներին ապահարզանների թիվը մեր երկրում աճել է: Պատճառները տարբեր են՝ հոգեբանականից մինչեւ սոցիալական: 

Հոգեբան Զառա Զուխուդյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց սիրո, ընդհանուր հետաքրքրությունների բացակայությունը, բնավորության խիստ տարբեր գծեր ունենալը, հոգեբանական ճնշումն ու անհամատեղելիությունը. «Այս ամենը, իհարկե, մինչ ամուսնությունը միմյանց լավ չճանաչելու հետեւանք է: Ինչպես ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակն էր ասում՝ «Ամուսնությունը չի կարող երջանիկ լինել, եթե ամուսինները նախքան միության մեջ մտնելը կատարելապես չեն իմացել միմյանց բարքերը, սովորությունները եւ բնավորությունները»»: 

Զառա Սուխուդյանի խոսքով` զույգերը մինչեւ ամուսնանալը միմյանցից շատ սպասելիքներ են ունենում եւ իդեալականացնում են միմյանց: Սպասումները չարդարանալու պատճառով էլ դիմում են ամուսնալուծության:

Վիճակագրական տվյալների համաձայն` ամուսնալուծությունների թվով ՀՀ-ում առաջին տեղում մայրաքաղաք Երեւանն է: Դատական կարգով ամուսնալուծություններ մեր երկրում ամենաշատը գրանցվում են տարբեր խնդիրների շուրջ վիճաբանությունների պատճառով: Այնուհետեւ հաջորդում են ամուսնական անհավատարմությունը, վատ սովորությունները (հարբեցողություն, խաղամոլություն, թմրամոլություն), ֆիզիկական բռնությունը: Ապահարզաններին նպաստում են նաեւ հաշվարկով կամ չմտածված ամուսնությունները, ընտանիքի սովորույթներին  չհարմարվելը եւ այլն: Ցավոք, մեր երկրում որոշ երիտասարդների համատեղ կյանքը խոչընդոտում են զույգերի ծնողներն ու հարազատները:

Հայաստանում շատ են հանդիպում ամուսնալուծություններ, որոնց հիմնական պատճառը սոցիալական խնդիրներով է պայմանավորված. նորաստեղծ ընտանիքի զույգերն ապահովված չեն լինում աշխատանքով: Առավել հաճախ ամուսինը ստիպված մեկնում է արտագնա աշխատանքի. նրանց մի մասն այնտեղ կապվում է օտարազգի կանանց հետ եւ այլեւս չի վերադառնում: Շատ դեպքերում էլ երեխա չունենալն է դառնում ամուսնալուծության պատճառ:

Մեծ ազդեցություն ունի նաեւ ուրբանիզացիան: Քաղաքն անհամեմատ ավելի շատ հնարավորություններ է ընձեռում: Կրթության բարձր մակարդակ ունեցող կանայք էլ առավել մեծ պահանջներ ունեն համատեղ կյանքից: 

Սոցիոլոգները փաստում են, որ ամուսնալուծություններ ամենաքիչը մահմեդական երկրներում են գրանցվում, ամենաշատը՝ Շվեդիայում: Այնտեղ յուրաքանչյուր 4 ամուսնությունից պահպանվում է 1-ը: Ամուսնալուծությունների թվով Հայաստանը միջին մակարդակի վրա է գտնվում: Հոգեբանի խոսքով` վերջին տարիներին մեր երկրում մտածողության փոփոխություն է դիտվում:

«Շատերն այլեւս չեն ամաչում բաժանումից, մինչդեռ նախկինում նման խնդիր կար: Վիճաբանելով էլ շարունակում էին ստիպված ապրել նույն հարկի տակ: Այսօր հասարակության վերաբերմունքն ամուսնալուծվածների նկատմամբ եւս փոխվել է»,- ասաց  Զառա Սուխուդյանը:

Հավելենք նաեւ, որ վերջին տարիներին ՀՀ-ում ապահարզաններն ամենաշատը հանդիպում են 50 եւ ավելի տարեկանների շրջանում: Ի դեպ, եթե տղամարդկանց դեպքում ամենամեծ տեսակարար կշիռը 50 եւ ավելի տարիքային  խմբում է նկատվում, կանանց դեպքում` 30-34 տարեկանների: Վերջին 1 տարվա ընթացքում ամենաշատն ամուսնալուծության դիմել են 20 եւ ավելի տարի միասին ապրած զույգերը, ամենաքիչը` 15-19 տարի միասին ապրածները: