Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 22-04-2016
Հասմիկ Կարապետյան. «Իմ հեքիաթում մարդիկ իրար չեն խաբում»
Eritadasrd.am-ի զրուցակիցն այս անգամ Հասմիկ Կարապետյանն է՝ միշտ կանանցի եւ յուրահատուկ: Երգչուհին մշտապես հավատարիմ է իր էությանը եւ ստեղծագործական կյանքին, ապրում է իր հեքիաթում եւ վստահում մարդկանց: «Հեքիաթի անկեղծ հերոսուհի». ահա թե որն է Հասմիկի ամենաճիշտ բնորոշումը:

- Հասմի՛կ, ինչո՞ւ եք թողնում, որպեսզի Ձեր երկրպագուները Ձեզ այդչափ կարոտեն:

- Իմ երկրպագուներին շատ եմ սիրում եւ անսահման գնահատում եմ նրանց նվիրվածությունը: Երեք տարի լռելուց հետո նրանք, միեւնույնն է, իմ կողքին են, ինձ ստիպում են, որ ես ստեղծագործեմ: Ես նույնպես մարդ արարած եմ եւ ունենում եմ կյանքի ինչ-որ փուլեր, բարդություններ, կյանքի թելադրած իրողություններ, որոնք ինձանից շատ մեծ ուժ եւ ժամանակ են պահանջում: Վերջին տարիներին իմ պասիվությունը կապված է իմ անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխության հետ, սակայն այդ պասիվությունն  այդքան էլ երկար չտեւեց, քանի որ ես ստեղծագործող մարդ եմ եւ դրանով ապրում եմ, իսկ ահա  արվեստն արդեն ապրելակերպ է դարձել ինձ համար, եւ արդեն քիչ-քիչ սկսում եմ վերադառնալ բեմ: Գիտեք՝ ես միշտ բեմում եմ եղել, միայն թե՝ հոգով, բայց շուտով կվերադառնամ նաեւ  ֆիզիկապես: Ի դեպ, վերջերս Գյումրիի ջազ ակումբում տեղի ունեցավ իմ մենահամերգը «Արարատ» էթնո ջազ բենդի հետ:

- Հասմի՛կ, ստացվում է, որ անձնական կյանքում եղած փոփոխությունները մեծ ազդեցություն ունեցան ստեղծագործական կյանքի վրա, փաստորեն ընտանիքը եւ աշխատանքը համադրելը իրո՞ք դժվար է:

- Միանշանակ դժվար է: Կյանքում մենք ունենք բազմաթիվ թե՛ կին, թե՛ տղամարդ օրինակներ, ովքեր կարողանում են այդ ամենը համատեղել, սակայն երբ համեմատում եմ ինձ մինչ ամուսնությունը եւ ամուսնությունից հետո, ապա տեսնում եմ, որ իրոք փոփոխությունն ակնհայտ է: Գիտեք՝ այս դեպքում բնականաբար չես կարող նույնչափ նվիրվել արվեստին, քանի որ առաջ է գալիս կենցաղ ասվածը: Երբ ապրում էի ծնողներիս եւ քույրիկիս հետ, բնականաբար յուրաքանչյուր գործ արվում էր ինձ համար, տանն ինձ ասում էին. «Դու միայն ստեղծագործի՛ր, մի՛ խառնվիր կենցաղային աշխատանքին»: Նրանք շատ բարձր են գնահատում ինձ տրված շնորհը, իսկ այժմ ամեն բան փոխվեց: 2013 թվականի դեկտեմբերի 25-ից ես եւ Շանթը՝ ամուսինս, սկսեցինք ապրել միասին, եւ պատկերացնում եք՝ ինչ գլոբալ փոփոխություն էր դա ինձ համար. ես միանգամից հայտնվեցի կենցաղում, այդ կտրուկ անցումն ինձ համար իսկական սթրես էր: Ամուսինս ծնվել է այլ երկրում, մեծացել մեկ այլ միջավայրում, շատ լավ է, որ նրա համար ամոթ չէ կնոջն օգնելը:

- Եթերում տեսնում ենք, ռադիոեթերում՝ նույնպես, անգամ  «Հեռուստախոհանոցն» եք վարել ժամանակին, իսկ առօրյա կյանքում խոհանոցում հաճախ ե՞ք լինում:

- Խոհանոցում էլ եմ ստեղծագործ, ես չեմ սիրում անգիր արված ուտեստներ պատրաստել, եթե սառնարանում ունեմ մթերք, բանջարեղեն: Ի դեպ, Շանթը բուսակեր է եւ շատ խիստ բուսակեր, անգամ կաթնամթերք չի օգտագործում, ուստի ինձ համար հատկապես սկզբնական շրջանում շատ դժվար էր խոհանոցային այդ թոհուբոհը: Ես տանն առկա մթերքներով միշտ կարողանում եմ ինչ-որ համեղ բաներ պատրաստել, իրոք,  բախտս բերել է, որ ստացվում է: Շանթը միշտ գովեստի խոսքեր է ասում իմ պատրաստած կերակուրների համար՝ նշելով, որ իմ պատրաստածից հետո դժվարանում է այլ վայրերում սնվել: Սակայն ես գիտեմ, որ կենցաղի մարդ չեմ, ես ծնված չեմ կենցաղի համար: Ստեղծագործական պոռթկումներ ունենում եմ խոհանոցում, բայց դա իմը չէ, իմ տարերքը բեմն է եւ արվեստը:

- Այս տարիների ընթացքում Ձեզ այդպես էլ չտեսանք կնունք, ծնունդ, հարսանիքներին: Բացառիկ արտիստներից եք, ով հավատարիմ մնաց իր ոճին: Սիրում ե՞ք Ձեր ոճը, թե՞ լրացուցիչ գումարի կարիք չունեք:

- Այնտեղ, որտեղ հիմա ես եմ գտնվում, ես ինքս եմ ընտրել, ես միշտ ընտրության հնարավորություն եմ ունեցել, ուստի ինքս եմ որոշել հավատարիմ մնալ իմ արվեստին, իմ սկզբունքներին: Ես իմ տեսակով եմ այդպիսին, ինձ հարազատ մարդիկ գիտեն, որ ես միշտ հավատարիմ եմ իմ սկզբունքներին: Իհարկե, տարիների ընթացքում ինձ հետ նաեւ փոփոխություններ են եղել, ես իմաստնացել եմ, նախկին միամիտը չեմ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ արվեստում պետք է անկեղծ լինել: Երբ լրացուցիչ գումարի համար կատարում ես մի երաժշտություն, որը քո հուգուց չի բխում, ապա ավելի լավ է չանես, քանի որ այդ դեպքում քո ձեռքից վերցվում է այն շնորհը, որն ի սկզբանե քեզ տրվել է: Ինչ է փողը. մի թուղթ, որը մեզ տալիս է ազատություն, դիրք եւ այլն, այն միշտ էլ քիչ է, եւ ես նախընտրեցի ոչ թե այդ մի փոքր ավելի գումարը, այլ ընտրեցի այն, որ ես մնամ ես. պետք է ինձ տրված շնորհը ճիշտ հասցնեմ մարդկանց հոգիներին:

- Ասում են, եթե ցանկանում ես մարդու մասին պատկերացում կազմել, ապա բավական է լսես նրա ձայնը: Հասմի՛կ, հիմա Դուք իրո՞ք այդքան հեքիաթային եք:
 

- Չգիտեմ, ես միշտ դժվարանում եմ ինքս ինձ բնութագրել, դեռ դպրոցում ես գիտեի, որ տարբերվում եմ, ինձ այնտեղ ասում էին «սպիտակ ագռավ»: Չեմ մոռանա՝ իմ ուսուցչուհիներից մեկն ինձ ասաց, որ հնարավորության դեպքում մեկնեմ այստեղից՝ պատճառաբանելով, որ ես այս երկրի մարդ չեմ, ինձ այստեղ սխալ կհասկանան ու իմ բարությունն ու անկեղծությունը կշահագործվեն: Կարծում եմ՝ այո՛, ես հեքիաթային եմ, որովհետեւ ընդհանուր բան չունեմ այն ամենի հետ, ինչ կատարվում է իմ շուրջը, ուստի հենց դա է պատճառը, որ հաճախ եմ իմ կյանքում հարվածներ ստացել: Իմ հեքիաթում մարդիկ իրար չեն խաբում, վիրավորում, բայց այդ ամենը ես ստացել եմ: Այո՛, հեքիաթային եմ, որ հավատում եմ իմ հեքիաթին, հավատում եմ, որ կան գերբնական լուսավոր ուժեր, որոնք տնօրինում են մարդկանց կյանքը, եւ վստահ եմ, որ աշխատում է բումերանգի երեւույթը:


- Հասմի՛կ, Գյումրիում հաճախ եք լինում: Հետաքրքիր է՝ ամուսնությունից առաջ Գյումրին նույնքան շատ ե՞ք սիրել:

- Ես Երեւանն եմ սիրում. սա է իմ քաղաքը: Սիրում եմ Երեւանն այնքան, որքան գյումրեցին կսիրի Գյումրին, հետեւաբար կխնդրեի, որ ոչ մի գյումրեցի ինձանից չնեղանա: Ես Գյումրիի հետ առնչվել եմ մինչ ամուսնությունը: Գիտեք՝ ամուսնությունից հետո, անխոս, առավել շատ եմ սկսել սիրել Գյումրին, քանի որ ապրելով այնտեղ՝ տեսա շատ բաներ. ինչ արագությամբ  է դատարկվում քաղաքը, մարդկանց, ովքեր ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, ինչը նաեւ ստորացուցիչ է: Ես չէի կարող պատկերացնել, որ Գյումրիում այդ վիճակն է տիրում, այն էլ՝ 21-րդ դարում, մի քաղաք, որը տվել է այդքան արվեստի գործիչներ, մարզիկներ: Ամուսինս նպաստեց, որ ես էլ ավելի լավ ճանաչեմ Գյումրին: Գնահատելով եւ սրտացավ լինելով Գյումրու հետ կապված ամեն բանին, միեւնույնն է, ես շատ սիրում եմ իմ Երեւանը:

- Հասմի՛կ, գիտեմ, որ վերջին տարիներին սկսել եք չսիրել Ձեր ծննդյան տարեդարձը:

- Հիմա ժամանակը շատ արագ է ընթանում, նախկինում ես արվեստի բնագավառում շատ անելիքներ ունեի եւ այդ ամենը հասցնում էի, հիմա առավել քիչ բան ունեմ անելու, բայց ժամանակը չի բավականացնում, երեւի ծննդյանս տարեդարձը առաջին հերթին այդ պատճառով էլ չեմ սիրում: Երկրորդ՝ այո՛, մեծանում եմ, բայց ես չեմ սիրում մեծանալ: Որքան էլ դու  ուշադրություն չես դարձնում թվերին, քանի որ ունենք հոգու տարիքը, միեւնույնն է, բոլորի համար դու մեծանում ես:

- Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Ձեր հասցեին չկան բամբասանքներ:

- Ես շատ անգամ հանդիպել եմ իմ հասցեին հնչած բամբասանքներին, բայց իրոք դրանք անհամեմատ քիչ են: Ես չեմ կարծում, որ մեկ հոգու կարող են բոլորը սիրել, ես, ի տարբերություն շատերի, հաղթահարել եմ նախանձը, ես հիմա միայն ուրախանում եմ դիմացինիս հաջողություններով, ես չեմ համեմատվում այլոց հետ: Ես չեմ հավատում, որ ինձ բոլորը սիրում են, քանի որ եթե մարդ վառ անհատականություն է, ապա նա պետք է ունենա նաեւ չուզողներ, նախանձողներ: Իսկ բամբասանքներ չկան, քանի որ ես առիթ չեմ տալիս, երեւի թե ես չեմ անում այնպիսի քայլեր, որոնք հասարակության մեջ վրդովմունք են առաջացնում: Լինելով հայուհի եւ ապրելով Հայաստանում՝ ես շատ ազատամիտ կին եմ, ես երբեք չեմ թաքցրել իմ հայացքները, մենք նույնիսկ մինչ մեր ամուսնության օրինականացումը սկսեցինք ապրել միասին: Ես նույնպես զարմանում եմ՝ ինչպես է հանրությունը հանգիստ արձագանքում իմ կյանքի ոչ ստանդարտ գրված օրենքներին: Մտածում եմ, որ մարդիկ նորմալ են ընդունում իմ օրենքները, չեն բամբասում, քանի որ զգում են՝ դրանք անկեղծ են եւ արդար:

- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ երազում եք անձնական բնակարան ունենալու մասին: Հիմա դա ունեք, հետաքրքիր է՝ այսօր ի՞նչ է երազում հեքիաթային Հասմիկ Կարապետյանը:

- Հեքիաթային Հասմիկն այնքա՜ն բաների մասին է երազում, բայց վերջին շրջանում իջել եմ հողի վրա, քանի որ իրոք շատ երազկոտ եմ: Հիմա երազում եմ եւ Աստծուց խնդրում մայրանալու մասին: Կյանքի այս հատվածում ամուսնություն, երջանկություն, բնակարան ես ունեմ եւ հիմա մայրանալ եմ ցանկանում: Հեքիաթային Հասմիկը ցանկանում է հեքիաթային մայրիկ դառնալ: Կարծում եմ, որ իմ եւ Շանթի երեխան պետք  լինի հեքիաթային:

- Հասմի՛կ, Դուք եւ Շանթը ներդաշնակ զույգ եք, բայց ի վերջո յուրաքանչյուր ընտանիքում լինում են անհամաձայնություններ: Որո՞նք են Ձեր տան անհամաձայնությունները:

- Չկա ընտանիք, որտեղ չլինեն վեճեր, քանի որ նույն հարկի ներքո ապրում են երկու ձեւավորված մարդիկ, ովքեր ունեն իրենց ուրույն ձեռագիրը, աշխարհընկալումը: Բարդ է, երբ այդ երկու մարդիկ ծնվել են տարբեր երկրներում, ապրել են տարբեր միջավայրերում: Ունենում ենք վեճեր, դրանք հիմնականում  կապված են միջավայրի, մշակույթի հետ: Մեր մտածելակերպերը տարբեր են, բայց կյանքի կարեւոր բնագավառներում մեր մտածելակերպը նույնն է:

- Որո՞նք են այն երեք բառերը, որոնք ամենալավն են բնութագրում Հասմիկ Կարապետյանին:

- Այնքա՜ն դժվար է, երբ ինքդ քեզ պետք է բնութագրես: Հը՜մ… Հեքիաթային, անկեղծ եւ ուժեղ. կարծում եմ՝ այս երեք բառերը լավ էլ բնութագրում են ինձ:

- Անցյալի եւ ներկայի Հասմիկները որքանո՞վ են տարբերվում, ի՞նչ խորհուրդ կտայիք ներկայիս Հասմիկին:

- Անցյալի Հասմիկին, կարծում եմ, կթողնեմ անցյալում, քանի որ անցյալի Հասմիկն այնքանով է նման ներկայիս Հասմիկին, որ չի հրաժարվում իր հեքիաթից, իր մոլորակից: Անցյալի Հասմիկից ներկայիս Հասմիկին խորհուրդ կտայի ավելի իմաստուն դառնալ, ավելի հավասարակշռված լինել, եւ էմոցիաները չգերիշխեն ուղեղին, անցյալի Հասմիկն ի սրտե ցանկանում է, որ ներկայիս Հասմիկը մայրանա, քանի որ կարծում եմ՝ կնոջ վերջնական իմաստնանալը տեղի է ունենում մայրանալուց  հետո, եւ կնոջ կյանքում նոր երանգ է բացվում: Ի դեպ,  ներկայիս Հասմիկին աշխատասիրություն եմ մաղթում. «Հասմի՛կ, շատ ծույլիկ ես, շատ աշխատի՛ր»: