Նյութը՝ Ա. Տուրյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 25-04-2016
«Ավրորա» մրցանակակիր դարձավ Մարգարիտ Բարանկիցեն. մարդ, ով փրկել է հազարավորների կյանքը
Երեւանում ապրիլի 24-ին տեղի է ունեցել «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությունը. ընտրող հանձնաժողովի համանախագահ, ճանաչված դերասան Ջորջ Քլունին հաղթողին հանձնեց անդրանիկ «Ավրորա» մրցանակը:

«The Aurora Prize for Awakening Humanity» կամ հայերեն պարզապես «Ավրորա» մրցանակը «100 Lives» նախաձեռնության համահիմնադիրներ Վարտան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն էր: Այդ մրցանակով հիմնադիրները փորձում են ձեւավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում: Պատահական չէ, որ «Ավրորա» մրցանակը հաղթողին շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ երախտագիտության յուրօրինակ նշան առ նրանք, ովքեր ժամանակին փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին պետք է արժանանար մերօրյա այն հերոսը, ով անձնազոհաբար օգնում է մարդկանց՝ գործադրելով բացառիկ ջանքեր:

Մինչ մրցանակաբաշխությունը պարզ էր, որ մրցանակի համար չորս հիմնական հավակնորդների թեկնածությունն է քննարկվելու` Բուրունդիից Մարգարիտ Բարանկիցեն, Սուդանից Թոմ Քաթինան, Պակիստանից Սայիդա Ղուլամ Ֆաթիման եւ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից Հայր Բերնարդ Կինվին: Մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեց նաեւ «Սկզբունքային լրագրություն» խրախուսական մրցանակը, որը սահմանվել էր Ժուռնալիստների միջազգային կենտրոնի (ICFJ) եւ «100 Lives» նախաձեռնության կողմից: Այն կոչված էր մեծ ճանաչման արժանացնելու այն խիզախությունը, նվիրվածությունն ու ազդեցությունը, որոնք մրցանակին արժանացած լրագրողը ցուցաբերել է հումանիտար ծայրահեղ ճգնաժամային իրավիճակում գտնվող վայրերից լրատվություն տրամադրելիս:

Բավականին ջանքերի արդյունքում կազմակերպված «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում մասնակիցները դահլիճի մեծ էկրանին հետաքրքիր պատմություններ տեսան ու լսեցին: Ցուցադրվեցին նաեւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գոտում այս տարվա ապրիլի 1-ից 5-ը զոհված զինծառայողների լուսանկարները: Շոու-ծրագրում ներառված լուսանկարները ցուցադրվեցին Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղեցիկ կատարման ժամանակ: 

Մրցանակաբաշխության ընթացքում Ռուդոլֆ Խառատյանը ներկայացրեց նաեւ «Զույգ արեգակներ» բալետից մի հատված, որը հիմնված է Գրիգոր Նարեկացու մարդասիրական գաղափարախոսության վրա: Լեգենդար հայ լողորդ Շավարշ Կարապետյանը ներկայացվեց որպես բացառիկ մի անձնավորություն, ով երեք անգամ վտանգի է ենթարկել իր կյանքը՝ մյուսներին փրկելու համար: Անվանի լողորդի լեգենդար քայլը ներկայացվեց որպես խիզախության հայկական խորհրդանիշ:

«Սկզբունքային լրագրություն» մրցանակին արժանացավ հեղինակավոր «The New York Times»-ի թղթակից Ռուկմինի Կալիմակին: Լրագրողին պարգեւատրելու առիթ իսկապես կար. նա աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում բացառիկ ներդրում ունի:

«Կալիմակիի գործունեությունը լրագրության զորության փայլուն օրինակ է, քանի որ աշխարհի ուշադրությունը բեւեռում է անասելի բռնությունների վրա: Նրա գործը հույս է ներշնչում, որ զոհերն ի վերջո լսված ու պաշտպանված կլինեն»,- ասաց Ժուռնալիստների միջազգային կենտրոնի նախագահ Ջոյս Բարնաթանը։

Իր հերթին Կալիմակին, ով բացահայտել է Իսլամական պետության կողմից սեռական ստրկության ինստիտուցիոնալացման սոսկալի փորձը, ցույց է տվել, թե ինչպես է Սենեգալի ոսկու հանքերում երեխաների աշխատուժի շահագործումը կապվում շվեյցարական բանկերի հետ, եւ վեր է հանել կառավարությունների եւ ապստամբ խմբավորումների կողմից Կոտ դ’Իվուարից մինչեւ Մալի իրականացված կոտորածները, նշեց, որ որպես լրագրող՝ չի կարծում, թե ինքդ քեզ վտանգի ենթարկելը ոչ թե որոշում է, այլ ուղղակի սիրված գործի` լրագրության կատարում. «Ինձ համար սա մեծագույն պատիվ է: Ես համեստորեն ընդունում եմ այս մրցանակն այն հույսով, որ իմ աշխատանքը կլուսավորի անգամ աշխարհի ամենամութ անկյունները»:

«100 Lives» նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը «Սկզբունքային լրագրություն» մրցանակին արժանացած Ռուկմինի Կալիմակիի մասին նշեց, որ լրագրությունն ամենազորեղ գործիքներից մեկն է, որը կարելի է օգտագործել մարդկային տառապանքը լուսաբանելու եւ մեղմացնելու համար:

«Ռուկմինի Կալմակին մարդկայնության դեմ գործված ոճիրները բացահայտելիս ցուցաբերել է բացառիկ, իսկապես օրինակելի նվիրում: Մենք հպարտ ենք, որ կարող ենք այժմ մեծարել մեր ժամանակների այն լրագրողներին, որոնց հետեւողականությունն ու աշխատանքի արդյունքը ոգեշնչում է այլոց»,- ասաց «100 Lives» նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիրը:

Մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ Մարգարիտ Բարանկիցեն` Բուրունդիի «Խաղաղության տուն» խնամքի տան եւ «REMA» հիվանդանոցի ներկայացուցիչը: «Ավրորա»-ի հերոսը Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին մեծ ջանքեր է գործադրել՝ հազարավոր կյանքեր փրկելով եւ խնամելով որբերին ու փախստականներին: «Ավրորա» մրցանակը հազարավոր մարդկանց կյանք փրկած աֆրիկացուն հանձնեց ընտրող հանձնաժողովի համանախագահ, ճանաչված հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին:

«Ինձ համար այս մրցանակը հնարավորություն է, որ հարցականի տակ դնեմ Բուրունդիի քաղաքական գործիչների գործունեությունը: Սա կօգնի նրանց մտածել այն մասին, որ եթե վռնդում են մարդկանց, տարագիր են դարձնում մայրիկներին, կանանց, ապա դա սխալ է: Ես շնորհակալություն եմ հայտնում «Ավրորա»-ի նախաձեռնողներին: Բոլոր հանցագործները պետք է իրենց հարց տան՝ ճիշտ են արդյոք վարվում»,- իր հուզիչ խոսքում նշեց Մարգարիտ Բարանկիցեն` հավելելով, որ ինքն ատելություն չունի իր երկրի նախագահի հանդեպ, ով սպանություններ է գործում:

«Ես կարեկցում եմ նրան: Բոլորս պետք է հասկանանք, որ բանակցությունն է հաղթանակի ճանապարհը:  Յուրաքանչյուր փախստական աշխարհի քաղաքացի է: Միակ ուղերձը, որ կուզենայի փոխանցել, հետեւյալն է. երկրագունդը մեծ է բոլորի համար, մենք պետք է կարողանանք ապրել երջանիկ, ինչպես քույրեր եւ եղբայրներ»,- ասաց Մարգարիտ Բարանկիցեն:

«Ավրորա»-ի հաղթողն անդրադարձավ նաեւ մրցանակաբաշխության համար հատուկ ընտրված օրվան. «Ես Հայոց ցեղասպանության մասին դպրոցում եմ սովորել եւ Աստվածաշնչի միջոցով եմ հասկացել այն: Հայերդ կառուցում եք ձեր հայրենիքը: Զարմացած եմ, թե ինչ տեսակի հայրենասիրական զգացմունքներ կան այստեղ: Ես մտածեցի, որ պետք է այստեղ վերադառնամ: Եթե նույնիսկ չունենամ վերադառնալու հնարավորություն, քանի որ 60-ամյակս եմ նշում, այն երեխաները, որոնց ես կրթում եմ, կգան: Շնորհակալություն եմ հայտնում հայերին մեզ շատ բաներ սովորեցնելու համար, այդ թվում՝ օգնելու կանգուն մնալ եւ երբեք չթուլանալ»:

«Ավրորա» եւ «100 Lives» նախաձեռնությունների համահիմնադիր Նուբար Աֆեյանը նշեց, որ մրցանակը տրվել է Բուրունդիի ներկայացուցչին նախկինում կատարած գործունեության համար. «Պետք է քայլեր ձեռնարկվեն, որ մենք ունենանք մի աշխարհ, որտեղ Մարգարիտի գործունեության կարիքը չլինի»:

«Մեր երազանքն էր կառուցել մի բան, որ պետք է մարդկանց համար լինի: Մենք հուսով ենք, որ բարեհաջող կերպով կկարողանանք «Ավրորա»-ն դարձնել ամենամյա: Այն ունի կենսական կարեւորություն, ստեղծում է իրազեկվածություն, մեխանիզմ, որով մարդիկ կիմանան, թե ինչ է կատարվում աշխարհում»,- ավարտական խոսքում ասաց Ռուբեն Վարդանյանը:

Իսկապես, անհնար է աշխարհը պատկերացնել առանց մարդասիրության, եւ «Ավրորա»-ի առաքելությունն իրական հաջողություն կարող ենք համարել մարդասիրության մասին խոսելու, այն խթանելու, այն առավել հանրային եւ օրինակելի դարձնելու առումով: 

Հ.Գ.: Մարգարիտ Բարանկիցեն, վտանգելով իր կյանքը, փրկել է մարդկանց՝ նրանց տալով գոյատեւելու եւ բարօրության հասնելու հնարավորություն: «Ավրորա»-ի հերոսը ծնվել եւ մեծացել է Արեւեւելյան Աֆրիկայի Բուրունդի պետությունում, աշխատում է Բուրունդիի «Խաղաղության տուն» խնամքի տանը եւ «REMA» հիվանդանոցում: Իր առաքելությունն սկսելու պահից նա օգնել է ավելի քան 20,000 որբ եւ կարիքավոր երեխաների: Նա վերամիավորել է իրենց ընտանիքներից պատերազմի կամ բանտարկության հետեւանքով բաժանված երեխաներին եւ «տուն» է ստեղծել որբ երեխաների համար: Նրա աշխատանքը շարունակվում է. հիմա նա փորձում է ազատել Բուրունդիում բանտարկված երեխաներին եւ Բուրունդիի փախստականներին օգնել, որ ապաստանեն Ռուանդայում:

Ինչ վերաբերում է «Ավրորա» մրցանակին, ապա այն նաեւ դրամական պարգեւավճար ունի. դափնեկիրը ստացել է 100 հազար ԱՄՆ դոլարի պարգեւ, իսկ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորությամբ կարող է 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնել իրեն ոգեշնչած մարդասիրական երեք կազմակերպություններին: