Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Էդգար Հարությունյանի ֆեյսբուքյան էջում
Տեղադրվել է 17-05-2016
Էդգար Հարությունյան. «Ամեն լավ բանի հիմքում սերն է»
2015 թ. տպագրված «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» գիրքը կարճ ժամանակամիջոցում բուռն արձագանքի արժանացավ, դարձավ ամենաշատը վաճառված գրքերից մեկը: Eritasard.am-ի թղթակից Թամարա Գասպարյանը զրուցել է գրքի հեղինակ, լուսանկարիչ, արշավական Էդգար Հարությունյանի հետ, ով, չնայած գրքի մեծ հաջողությանը, իրեն դեռ գրող չի համարում:

- Դուք ավարտել եք Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: Ուսանողական տարիներին զբաղվե՞լ եք կամ նպատակ ունեցե՞լ եք զբաղվելու լուսանկարչությամբ

- Ուսանողական տարիներին ԵՊՀ ֆիզկուլտուրայի դասախոս, այսօր լուսահոգի Հարություն Երանոսյանի հետ մասնակցել եմ արշավների: Հենց այդ արշավների ժամանակ էլ առաջացավ լուսանկարչության հանդեպ սերը: Ափսոս են սարեր, ձորեր, վանքեր տեսնելն ու այդ ամենը չանմահացնելը: Այն ժամանակ, իհարկե, չունեի լավ ֆոտոխցիկ. հին ֆոտոխցիկով սիրողական նկարում էի: Երբեք մտքովս չէր անցնի, որ 10 տարի հետո կզբաղվեմ պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ: Սակայն հիմա, երբ նայում եմ այդ տարիների աշխատանքներս, հետաքրքիր ու յուրահատուկ նկարներ եմ տեսնում:

Ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում Ձեր լուսանկարների հերոսներին ընտրելիս:

Այն ամենը, ինչ ինձ իսկապես դուր է գալիս, դա ներկայացնում եմ. որեւէ չափանիշ չկա:

Դուք նաեւ գրում եք, բայց հաճախ եք նշում, որ Ձեզ գրող դեռ չեք համարում: Ե՞րբ հանրությունը կարող է Էդգար Հարությունյանին առաջին հերթին ճանաչել եւ ընդունել որպես գրողի:

Փոքր ժամանակ շատ էի գիրք կարդում. նույնիսկ դասերից փախչում, գնում էի գիրք կարդալու կամ հիվանդ էի ձեւանում, որ դասի չգնայի ու գրքեր կարդայի: Այդ ժամանակից սկսած «գրող» հասկացությունն ինձ մոտ ասոցացվում է Րաֆֆու, Նար-Դոսի, Շիրազի, Իսահակյանի, Թումանյանի, Անանյանի հետ. այդ մարդիկ են ինձ համար գրողները: Այսօր գիրք տպելը դարձել է ինչ-որ չափով նորաձեւ. մտնում ես գրախանութ, ժամանակակից գրողների, բանաստեղծների մի հսկայական շարք կա, ու, ցավոք, շատերի անուններին ծանոթ էլ չենք: Տպաքանակները 100, 200 կամ 300 են… Այդ ամենով հանդերձ` մի գիրք տպելով` գրող համարվելը ես չեմ ընդունում, որովհետեւ մենք ունենք «գրող» հասկացության չափանիշ: Իմ սիրելի գրողներից մեկի օրինակով ասեմ. Վարդգես Պետրոսյանի ցանկացած գրքի տպաքանակը հասնում է 40000-50000-ի, ու շատ արագ սպառվում էր: Իհարկե, այսօր չենք էլ կարող նման տպաքանակով որեւէ գիրք տպել: Ամեն դեպքում, կարծում եմ, գոնե 3-4 հաջողված, պահանջված, ասելիք ունեցող գիրք ունենալուց հետո կարելի է համարել, որ այդ մարդը գրող է:

Այնուամենայնիվ, Ձեր գիրքը կարճ ժամանակամիջոցում բուռն արձագանքի արժանացավ: Ըստ Ձեզ` ինչո՞վ էր դա պայմանավորված:

Քանի որ ես` որպես կայացած լուսանկարիչ, արդեն մեծ թվով հետեւորդներ ունեի, հիմնականում` երիտասարդներ, դա նպաստեց, որ գիրքս մեծ ծավալով վաճառվի, որովհետեւ այսօր` ինֆորմացիոն հոսքի այս դարաշրջանում, եթե ինչ-որ բան անում ես, ստեղծում ես, պետք է անպայման կարողանաս գովազդել, տեղեկատվությունը տեղ հասցնել: Եթե գիրքը տպվի ու պարզապես գնա գրախանութ, դրա մասին չխոսվի, սոցցանցերում դրա մասին անընդհատ չշոշափվի, մարդիկ չեն իմանա, որ նման գիրք կա: Ես հենց սկզբից գրքիցս հատվածներ էի ներկայացնում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Սակայն ամեն դեպքում, ինչքան էլ գովազդը շատ լինի, մարդիկ գիրքը կարդալիս ինչ-որ բան ուրեմն զգում են, որ այն գնում, կարդում ու խոսում են այդ մասին: 2015 թ. իմ գիրքը եղել է ամենաշատը վաճառված գրքերի ցանկում: «Հետք» լրատվամիջոցի լրագրող Վահան Իշխանյանն էլ վերջերս մանրամասն ուսումնասիրել ու պարզել է, որ 1-ին հորիզոնականում իմ գիրքն է:

Ֆեյսբուքյան էջում հաճախ նաեւ Ձեր մյուս` «Չգտնված երիցուկներ» գրքից եք հատվածներ տեղադրում: Ի՞ նչ նմանություններ ու տարբերություններ ունեն այդ եւ  «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» գրքերը:

Այդ երկու գրքերը բովանդակությամբ շատ են տարբերվում իրարից: Ես լսել եմ նաեւ, որ ոճային առումով էլ որոշակի տարբերություն կա: Նմանությունները հիմնականում վերաբերում են ներաշխարհին, սիրո, ընկերության, հավատարմության ու դավաճանության մասին ընկալումներին:

Ե՞րբ այն կհանձնվի ընթերցողի դատին:

Անընդհատ հետաձգվում է գրքի տպագրությունը: Հուսով եմ` ամռանը կհասնի ընթերցողին:

Ձեր ստեղծագործության շարժիչ ուժը սերն է: Կարո՞ղ եք նշել այն սերերը, որոնք Ձեզ մղում են ստեղծագործելու:

Ընդհանրապես ամեն լավ բանի հիմքում սերն է: Կոնկրետ «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» գրքի մղիչ ուժը եղել է սերը կնոջ հանդեպ: «Կին» հասկացությունից այն կողմ ի՞նչ նշեմ, ի՞նչ թվեմ (ժպտում է): «Չգտնված երիցուկներ»-ում էլ ես հիմնականում նպատակ եմ ունեցել հատկապես երիտասարդ աղջիկների «աչքերը մի փոքր բացել». կողքից լսողին թվում է, թե մեծ պատասխանատվություն եմ ինձ վրա վերցրել, բայց իրականում դա է: Ու պատահական չէ, որ երբ հատվածներ եմ տեղադրում, անմիջապես բազմաթիվ նամակներ եմ ստանում թե՛ երիտասարդ աղջիկներից, թե՛ ամուսնացած ու ամուսնալուծված կանանցից: Ու հասկանում եմ, որ ճիշտ ու արդիական թեմա եմ ընտրել: Չեմ նկարագրում, որ մարդիկ ամուսնացան ու բաժանվեցին, այլ գրում եմ` ինչպես կանխել այն ամուսնությունը, որը հղի է բաժանությամբ, եւ ինչպես չբաժանվել ամուսնանալուց հետո:

Գրականություն եւ լուսանկարչություն. երկուսի հիմքում ստեղծագործ միտքն է: Այնուամենայնիվ, որո՞ւմ եք Ձեզ ավելի շատ գտնում եւ վերագտնում:

- Ինձ համարում եմ լուսանկարիչ, որովհետեւ մի չգրված օրենք կա, որ մարդը համարվում է այն բանի մասնագետը, ինչից ստանում է իր եկամտի առնվազն 51%-ը: Քանի որ իմ եկամտի մեծ մասը լուսանկարչությամբ եմ վաստակում, ուրեմն` դրանում: Գրականությունն ինձ համար նախասիրություն է, իսկ որպես մասնագետ` լուսանկարիչ եմ:

Դուք բավականին ակտիվ եք նաեւ սոցիալական ցանցերում: Կարելի՞ է ասել, որ Դուք մշտապես երկխոսության մեջ եք Ձեր ընթերցողների հետ:

Կարելի է այդպես ասել: Սա այն դարն է, երբ նույնիսկ ամենախոշոր կազմակերպությունները շատ մեծ տեղ են հատկացնում սոցկայքերին: Ցավոք, այսօր իրական կյանքն աստիճանաբար դառնում է վիրտուալ, ու մենք, ուզած թե չուզած, պետք է դրան ուշադրություն դարձնենք թե՛ գովազդի, թե՛ շփման համար, չնայած վիրտուալ շփում չեմ սիրում:

«Կարեւորի մասին կարեւոր է խոսել, բայց նախ կարեւոր է լիարժեք կարեւորել այն, ինչը դառնում է ամենակարեւորը». սա հատված է Ձեր գրքից: Ի՞նչ սկզբունքով եք ընտրում այն, ինչը Ձեր կյանքում դառնում է կարեւոր:

Այն, ինչի մասին մտածում եմ տվյալ պահին, այն, ինչի մասին մտածում եմ արթնանալիս, քնելիս, ինչը, որ ուզում եմ` լինի կողքիս, ինչին ուզում եմ գեղեցիկ տեսնել, դառնում է կարեւոր: Սկզբունքներ չկան. սկզբունքները մեր սրտում ու մեր հոգում են. այդ ամենը բանականությամբ չի որոշվում:

Նշեցիք, որ զբաղվել եք նաեւ արշավներով: Ինչո՞ւ դադարեցրիք: Շարունակելու մտադրություն ունե՞ք:

2008 թ. հիմնադրել եմ «Արշավականներ» ակումբը, որը շուրջ 6 տարի շատ ակտիվ գործում էր. ամեն շաբաթ արշավներ էին լինում: Ավելի քան 4000 մարդ է ինձ հետ արշավների մասնակցել, այդ ընթացքում 10-11 ընտանիք էլ է ձեւավորվել: Նույնիսկ ավանդույթ կա. եթե աղջիկն ու տղան ծանոթանում են ու հետագայում ամուսնանում, վրան եմ նվիրում այդ ընտանիքին: Մի քանի դեպքեր են եղել, որ հենց հարսանյաց սրահում ենք վրանը բացել ու նվիրել: Կողքից հյուրերը զարմացած նայում էին. մտածում էին` ինչ-որ աղանդավորական խումբ է (ժպտում է): Հիմա էլ եմ զբաղվում, բայց՝ ոչ այդքան ակտիվ: Երբ սկսեցի  լուսանկարչությամբ զբաղվել, ժամանակի առումով չէի հասցնում համատեղել: Հիմա վերսկսելու մտադրություն ունեմ:

Իսկ Ձեր մասնագիտությամբ զբաղվելու մտադրություն ունե՞ք:

Ո՛չ: 16 տարեկանում, երբ տարվեցի արեւելագիտությամբ, մեծ նպատակներ ունեի, բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց: Երեւի բարին էլ դա էր:

Ի՞նչ երազանքներ ունի Էդգար Հարությունյան լուսանկարիչը, գրողն ու արշավականը:

Ըստ իս` երազանքները չեն իրականանում. եկե՛ք՝ նպատակներ անվանենք: Որպես լուսանկարիչ` ես ուզում եմ իմ հետեւորդներին ներկայացնել Հայաստանի այն տեսարժան վայրերը, որոնք մինչ օրս ինքս այցելելու առիթ չեմ ունեցել: Դա կարելի է որպես արշավականի նպատակ էլ նշել: Որպես ստեղծագործող էլ` կցանկանայի ժամանակ ունենալ տարեկան գոնե մեկ հաջողված գիրք տպագրելու: Կարծում եմ` դա իրեն գրող չհամարող մարդու համար մեծ բան կլինի (ժպտում է):