Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 28-05-2016
«Մերօրյա հերոսները». երբ միավորվում են հպարտ երիտասարդները
Մայիսի 27-ին «Մերօրյա հերոսները» ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Արցախի երիտասարդները այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն:

 Երիտասարդները խոնարհվեցին եւ ծաղիկներ դրեցին հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների շիրիմներին։ 

«Մերօրյա հերոսները» ծրագիրը, որը կրում է «Ննջեցե՛ք խաղաղությամբ, ձեր գործը շարունակում ենք» կարգախոսը, իրականացվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի ու ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների կողմից:

Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում ամրապնդել հայրենասիրությունը, ազգասիրությունը, ինչպես նաեւ առավել մեծացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, իսկ ամենակարեւորը՝ ԶՈՒ-ում ծառայելու պատրաստակամությունը: 

«Կարծում եմ, որ սա կարեւոր միջոցառում է հատկապես այն առումով, որ նախագծի գաղափարը եղել է արցախցի երիտասարդներից կողմից։ Սա ցույց է տալիս, որ ունենք սերունդ, որը հետագա տարիների ընթացքում նույն պատրաստակամությամբ, նույն ոգով կանգնելու է սահմանին ճիշտ այնպես, ինչպես մեր նահատակ տղաներն են կանգնել։ Մենք երիտասարդների հետ եկել ենք այստեղ՝ ասելու, որ խոնարհվում ենք հերոսների հիշատակի առջեւ եւ հավաստիացնում, որ նրանց գործը երբեք կիսատ չի մնա»,-լրագրողների հետ զրույցում նշեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը։

Ալվարդ Սարգսյանը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակից է: Նրա համոզմամբ՝ ապրիլյան իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին աշխարհին` ինչպես ենք համախմբվում եւ միաբանվում հակառակորդի դեմ. «Եթե չլիներ մեր այս միասնությունը, չէր լինի նաեւ մեր այս հաղթանակը: Ցավոք, մենք այս պատերազմում կորցրեցինք հերոս տղաների, ուստի խոնարհվում ենք նրանց եւ նրանց ծնողների առաջ»:

Երիտասարդները Եռաբլուրում ծաղկեպսակ դնելուց հետո մեկնեցին երիտասարդական մայրաքաղաք Գյումրի: Այդտեղ նրանք այցելեցին Գյումրու ազատամարտիկների պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան պատերազմի օրերին Շիրակի մարզից զոհված 14 հայորդիների հիշատակին: 

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանի գլխավորությամբ երիտասարդները նախարարությունների աշխատակիցների հետ մասնակցեցին Գյումրու Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագին, որից հետո այցելեցին Գյումրու երիտասարդական պալատ, որը վերջերս է վերանորոգվել, եւ պաշտոնական բացումը դեռ տեղի չի ունեցել:

Գյումրու երիտասարդական պալատում էլ արցախցի Հայկ Ղուլյանը կատարեց իր հեղինակած «Արցախ» երգը՝ եւս մեկ  անգամ հիշեցնելով, որ Արցախն ունի տեր, որ այն ոչ մի դեպքում չի հանձնվի թշնամուն:

«Մենք պետք է առիթը չկորցնենք եւ միշտ գանք, մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր հերոսներին: Այս երգը երկար պատմություն ունի, սա այն երգերից է, որ ծնվել է ինքնաբուխ, ես ջանք չեմ գործադրել: Արցախի իրադարձությունները ես ե՛ւ  լսել եմ, ե՛ւ ապրել, ե՛ւ զգացել իմ մաշկի վրա»,- մեզ հետ զրույցում նշեց Հայկը:

Հավելենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի ու ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները սերտորեն համագործակցում են ՀՀ մարզերում եւ Արցախում` երիտասարդների ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:

Պատկերասրահ՝ «Մերօրյա հերոսները» ծրագիրը մեկնարկեց (Այց Եռաբլուր)

Պատկերասրահ՝ «Մերօրյա հերոսները» ծրագիր (Այց Գյումրի)