Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 28-06-2016
«Ավան 4» բազմաբնակարան համալիրը հանձնվել է շահագործման
Մայրաքաղաք Երեւանի Ծարավ Աղբյուրի 55/17 եւ 55/20 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի շահառուներին ուրախանալու եւ բնակարանամուտ տոնելու հնարավորություն էր ընձեռվել:

«Ավան 4» աշխատանքային անվանումը կրող բազմաբնակարան համալիրն ամբողջությամբ այսօրվանից արդեն իսկ պատրաստ է ընդունել իր բնակիչներին: Շուրջ 500 բնակարանների՝ իրենց իսկ շահառուներին հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցությամբ պատվել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով մասնակցեց բնակարանամուտի առթիվ շենքերի բակում կազմակերպված գեղեցիկ ու յուրօրինակ տոնակատարությանը, ապա դիտարկեց իրականացված մեծ աշխատանքը` այցելելով բազմաբնակարան համալիրի մի քանի բնակարաններ:

Հարեւան շինությունների՝ «Ավան 1», «Ավան 2» եւ «Ավան 3» բազմաբնակարան համալիրների կողքին վեր խոյացած «Ավան 4»-ը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել 2013 թ.-ի փետրվարի 1-ին, թերեւս ամենից մասշտաբային նախագիծն է՝ իրականացված «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում: Եթե համեմատելու լինենք, ապա «Ավան 1»-ի դեպքում շահագործվել են 315, «Ավան 2»-ի դեպքում՝ 98, իսկ «Ավան 3»-ի դեպքում՝ 338 բնակարաններ: 

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 40 մլրդ դրամ է, որից գրեթե 11 մլրդ դրամ է արժեցել հենց «Ավան 4» համալիրը: Բարձրահարկ 7 շենքերից բաղկացած համալիրն ունի ուղիղ 14 բնակելի հարկ, ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի: Շենքի կառուցապատողը եղել է «ԷյԴիԷյ Թեք» ՍՊ ընկերությունը, որը փորձել է շատ որակյալ աշխատանք իրականացնել:



«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի խոսքով՝ Երեւանի Ծարավ Աղբյուրի 55/17 եւ 55/20 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի շահագործումը կարելի է համարել պետական նպատակային ծրագրի ամենամասշտաբային փուլը. «2018 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին, երբ կամփոփենք այս բնակարանաշինական ծրագրերի վերջնական արդյունքները, ապա պետք է փաստենք 2600 հանձնված բնակարանների մասին: Սա իսկապես պատկառելի թիվ է»:

Բազմաբնակարանային համալիրի ապագա բնակիչները, որոնք մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ էին մասնակցում շինության հանդիսավոր բացման արարողությանը, փաստեցին, որ իրականացվել է մեծ եւ աննկարագրելի աշխատանք: Ըստ Երեւանի պետական համալսարանի երիտասարդ դասախոս Հարություն Մովսիսյանի՝ շենքի շինարարության ավարտը շատ սպասված է եղել իր ընտանիքի համար. «Մեզ համար, իսկապես, սպասված իրադարձություն է այս բնակարանամուտը: Իրոք, ապրելու համար շատ հարմար վայր է»: Հարություն Մովսիսյանի հետ համակարծիք էին հարյուրավոր երիտասարդներ, ովքեր եւս բնակարանամուտ տոնելու հնարավորություն էին ստացել:

Բազմաբնակարան 7 շենքային համալիրների շահառուները ջերմագին շնորհավորանքներ ստացան ոչ միայն ՀՀ նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի, այլեւ նրա գլխավորությամբ Ավան համայնք ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Այսպիսով՝  կարելի է փաստել, որ 490 երիտասարդ ընտանիքների պարագայում բնակարանային սուր խնդիրն արդեն իսկ անցյալում է... 

Հատկանշական է, որ հաշվի առնելով «Ավան 4» համալիրի մասնակցության հայտերի մեծ քանակը՝ առաջնային կարգով բավարարվել են այն շահառուների հայտերը, ովքեր մինչեւ 35 տարեկան են, ամուսնացած, ունեն առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ինչպես նաեւ բնակարանի կարիքավոր են (Երեւան քաղաքում չունեն բնակարան կամ ունեն բնակարանային պայմանների բարելավման հրատապ անհրաժեշտություն) եւ աշխատում են Երեւան քաղաքում գործող բանկերում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւ հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպություններում:



Պատկերասրահ՝ «Ավան 4» բազմաբնակարան համալիրի բնակարանամուտը