Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 08-10-2016
Անն Իդալգո. «Մարդկությունը պետք է ընդունի եւ ճանաչի ճշմարտությունը»
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Հայաստանում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Փարիզի քաղաքապետը պաշտոնական պատվիրակության անդամների հետ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի եւ աշխատակազմի ներկայացուցիչների ու ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեցին անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Փարիզի քաղաքապետն այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը եւ գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ 

«Մարդկությունը չի կարող առաջ գնալ առանց իր պատմությանը հարգանքի տուրք մատուցելու: Մարդկությունը պետք է ընդունի եւ ճանաչի ճշմարտությունը, որը պիտի հնարավորություն տա առաջ ընթանալ եւ զարգանալ: Իմ գրառումը կոչ է մարդկությանը՝ ընդունել ճշմարտությունը եւ ճանաչել Ցեղասպանությունը: Շատ երկրներ արդեն ավարտել են այդ գործընթացը: Ֆրանսիան էլ արդեն արել է դա, եւ ցանկություն ունենք, որ մեր բանակը համալրվի նոր երկրներով»,- լրագրողների հետ զրույցում նշեց Փարիզի քաղաքապետը:

Անն Իդալգոն Ցեղասպանության թանգարանում կատարած շրջայցից հետո թանգարանի հարեւանությամբ գտնվող պուրակում խորհրդանշական ծառ տնկեց: 

«Հայոց ցեղասպանության պատմությունը, հուզումնալից լինելով հանդերձ, շատ սրտամոտ է  Ֆրանսիային՝ Ֆրանսիայի մայրաքաղաքին եւ ընդհանրապես Ֆրանսիայի ժողովրդին, քանի որ այնտեղ կա շատ կարեւոր գործոն՝ հայ համայնքը, որի դերակատարությունը կարեւորում ենք մենք»,- ասաց Անն Իդալգոն: