Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 08-11-2016
Հարուկի Մուրակամի. «Չկան սխալ տեսակետներ: Ուղղակի դրանք կարող են չհամընկնել մեր տեսակետի հետ»
Ճապոնացի ժամանակակից գրող, թարգմանիչ Հարուկի Մուրակամիի ստեղծագործություններն առանձնանում են ճապոնական արդիականությամբ եւ հետաքրքիր պատկերներով:

Նա բազմաթիվ պատմվածքների, վեպերի եւ էսսեների հեղինակ է: Eritasard.am-ը «Գրական իրարանցում» խորագրի ներքո ուսումնասիրություն է կատարել եւ ներկայացնում է Մուրակամիի ստեղծագործությունների գեղարվեստական առանձնահատկությունները:



Մուտք գրական ասպարեզ

Հարուկի Մուրակամին 67 տարեկան է: Նա գրական ասպարեզ մտավ, երբ 29 տարեկան էր: Մասնակցելով բեյսբոլի խաղին՝ հասկացավ, որ կարող է գիրք գրել։ Մինչեւ հիմա ինքն էլ չգիտի, թե՝ ինչու։ Հարցազրույցներից մեկում ասել է. «Ես ուղղակի հասկացա դա եւ վերջ»։ Նա հաճախ էր գիշերը բարում մնում, փակվում եւ թանաքագրիչով գրում հասարակ թղթի վրա։ Մուրակամի գրողին շատ ժամանակ չպահանջվեց հանրության ուշադրությանն արժանանալու համար: Նրա առաջին ստեղծագործությունները տպագրվեցին ճապոնական թերթերում եւ ամսագրերում:

Մուրակամիի հայտնի գործերից են «Առնետի եռագրությունը»,  «Դանդաղ նավակով դեպի Չինաստան», «Լավ օր կենգուրուի համար», «Lուսատուտիկը, այրել մարագը եւ ուրիշ պատմություններ» պատմվածքների ժողովածուները, «Հրաշքների աշխարհը` առանց արգելակների, եւ աշխարհի վերջը» վեպը, «Սուրբ ծնունդ. ոչխարները» մանկական հեքիաթների գիրքը, «Ձիուկներով կարուսելի մահացու ջերմությունը» պատմվածքների ժողովածուն։ Ցավոք, բայց այս ստեղծագործություններից ընդամենը մի քանիսին է հայ ընթերցողը ծանոթ:

Ճապոնացի ժամանակակից գրողը բավականին կարեւոր տեղ է զբաղեցնում պոստմոդեռն գրականության մեջ: «Կաֆկան ծովափին» վեպն ասվածի վառ ապացույցներից մեկն է, որի շնորհիվ Մուրակամին դարձավ Կաֆկայի անվան մրցանակի վեցերորդ մրցանակակիրը: Նրա անունը արդեն մի քանի տարի է, ինչ ներկայացվում է նաեւ «Նոբելյան մրցանակ»-ի հավակնորդների ցանկում: Տարբեր երկրների գրականագետներ, հրատարակիչներ դրական են վերաբերվում այդ իրողությանը եւ համոզված են՝ Մուրակամին առաջիններից մեկն է, ով պետք է արժանանա «Նոբելյան մրցանակի»:



«Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի հարցով պատասխանատու Արթուր Մեսրոպյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայացք գցելով «Նոբելյան մրցանակ» ստացած գրողների ցուցակին՝ միանգամից կտեսնենք, որ շվեդներն առավելապես բարյացակամ են ոչ շատ պոպուլյար գրողների նկատմամբ, ովքեր, սակայն, ստեղծում են բարձրարժեք գրականություն. «Այս համատեքստում դիտարկելով Մուրակամիին՝ պետք է առանձնացնել երկու կարեւոր հանգամանք: Նախ Հարուկի Մուրակամին նախկինում մի քանի անգամ առաջադրվել է «Նոբելյան մրցանակի», սակայն չի ստացել, ինչի պատճառը կարելի է հասկանալ՝ դիտարկելով Սալման Ռաշդիի եւ Արթուր Միլերի թեկնածությունները, ովքեր, նույնպես լինելով շատ ուժեղ հավակնորդներ, մինչ օրս չեն արժանացել այդ մրցանակին»:

Ըստ Արթուր Մեսրոպյանի՝ Նոբելյան կոմիտեն նրանց մերժելու փաստը պատճառաբանել է, որ նրանց մրցանակ շնորհելը չափազանց կանխատեսելի կլիներ: Նույն սկզբունքով Մուրակամիին «Նոբելյան մրցանակ» շնորհելը բավական ակնկալելի կհամարվի: Մյուս կողմից էլ Մուրակամին հսկայական ընթերցողների բանակ ունեցող հեղինակ է, ինչը այնքան էլ կարծես չի համապատասխանում ոչ շատ պոպուլյար գրողի` Նոբելյան կոմիտեի գերադասելի կերպարին: 



Մուրակամին՝ Ճապոնիայում

Արձակագիր Հարուկի Մուրակամին մեծ հարգանք է վայելում Ճապոնիայում: Նրա գրքերը վերահրատարակվում են տարվա մեջ մի քանի անգամ, թարգմանվում տարբեր լեզուներով: Հետաքրքրականն այն է, որ նրա ստեղծագործությունները դուր են գալիս հատկապես երիտասարդ սերնդին: Բանն այն է, որ գրողն իր ստեղծագործություններում բարձրաձայնում է այնպիսի հարցեր, որոնք հուզում եւ հետաքրքրում են հատկապես երիտասարդներին: Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ երիտասարդները Մուրակամիի գրքերում տեսնում են իրենց կյանքն ու առօրյան՝ առավելություններով եւ թերություններով հանդերձ:

«Եկե՛ք, մի պահ կանգ առնենք եւ պատկերացնենք լիճ…  Հանգիստ, խաղաղ, հայելային լիճ, կանաչ անտառ, թափանցիկ երկինք, մեղմ քամի, որից տերեւները սկսում են շշնջալ կարեւորի մասին… Հենց նման պատկեր է գլխում առաջանում, երբ ընթերցում ենք ժամանակակից ամենասիրված գրող Հարուկի Մուրակամիի մտքերը». այս տողերը գրել է Մուրակամիի երկրպագուներից մեկը, ով, կարդալով նրա ստեղծագործությունները, մեծ ոգեւորությամբ համացանցում կիսվել է իր տպավորություններով:

Հատկանշական է, որ Մուրակամիի ստեղծագործություններում շատ են այնպիսի տողերը, որոնք ընթերցողին լուրջ մտորելու տեղիք են տալիս: Դրանցից շատերը հետագայում դառնում են հայտնի մտքեր, որոնք այս կամ այն կերպ նպաստում են Հարուկի Մուրակամի ստեղծագործողի անունը մշտապես շրջանառելուն: 



Ահա «Մթնշաղ» պատմվածքից մի հատված. «Տարբեր մարդիկ թափառում են տարբեր ուղղություններով. ոմանք ինչ-որ տեղ են գնում, մյուսներն առանձնապես չեն շտապում: Ոմանք նպատակ ունեն, մյուսները` ոչ: Ոմանք աղաչում են ժամանակին մի քիչ երկար ձգվել, մյուսները հրում են մեջքից` միայն թե այն ավելի արագ անցնի»: Այս եւ շատ այլ տողեր ուրիշ խոհանոցի ճաշատեսակի պես սկզբից անսովոր են քիմքիդ, հետո սիրելի են դառնում:

Հարցազրույցներից մեկում Մուրակամիին հարց են տվել՝ պարզելու համար, թե ինքն ինչ կարծիք ունի իր ստեղծագործությունների վերաբերյալ: Գրողն անկեղծ պատասխանել է. «Հազվադեպ եմ վերադառնում իմ գրքերին եւ ընթերցում` ինչ գրել եմ: Պատճառը ե´ւ ամոթխածությունս է, ե´ւ վախը, որ կհիասթափվեմ արածս աշխատանքից: Կարծում եմ՝ ավելի ճիշտ է կենտրոնանալ նրա վրա, թե ապագայում ինչ ես անելու»:



Ընթերցասեր Աննա Վիրաբյանը կարդացել է  «Նորվեգական անտառը» գիրքը: Ըստ նրա՝ Մուրակամին թեթեւ է գրում, եւ նրա թեման դեռահասությունից երիտասարդության անցման շրջանի խնդիրներն են. «Ինձ դուր եկավ սիրո ու սեքսի նկատմամբ գրողի վերաբերմունքը, թեեւ գուցե դա հենց ճապոնացիների վերաբերմունքն է: Սերը՝ կատաստրոֆիկ ու ողբերգական, դեռահաս հերոսներից մի երկուսն այնպես են խճճվում, որ ինքնասպանություն են գործում: Սեքսը՝ առօրյա, հաց ուտելու նման մի բան, մասնակիցներից առանձնապես հոգեւոր ուժեր չխլող, երբեմն զուտ ֆիզիկական ցանկությունը բավարարելու միջոց: Առանց ավելորդ սեթեւեթանքի»:

Հ.Գ.: Հայաստանյան հրատարակչությունները չեն բացառում Հարուկի Մուրակամիի լիակատար երկերի հրատարակումը: Հիմնական խնդիրը կապում են համացանցի հետ: Բանն այն է, որ գրողի ստեղծագործություններից շատերը հասանելի են նաեւ էլեկտրոնային տարբերակով: Բնականաբար, այն կարող է վաճառքի վրա ազդել: Լուրջ խնդիր է նաեւ ստեղծագործությունները բնօրինակից թարգմանելը. ճապոներեն լեզվի մասնագետները մեզանում քիչ են: