Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-11-2016
Ո՞վ է մեղավոր՝ բո՞ւհը, թե՞ ուսանողը…
Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների տարածքներով անցնելիս հանդիպում ես թռուցիկներ բաժանող երիտասարդների, ովքեր ավարտական, կուրսային աշխատանքներ պատրաստող եւ վաճառող տարբեր կազմակերպություններ են ներկայացնում: Թվում է՝ ամեն ինչ հրաշալի է. գները մատչելի են, աշխատանքները՝ որակյալ, դրանք ձեռք բերող ուսանողներն էլ՝ «գոհ եւ երջանիկ»:

«Ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, մագիստրոսական թեզ, հոդված, էսսե եւ այլ գիտական ու անհատական աշխատանքների հավաքագրում եւ կազմում: Այս ամենը կատարվում է շատ արագ, որակյալ եւ մատչելի գներով»,- նշված է diplomayin.am-ի թռուցիկում, որոնցից մի քանիսն էլ ինձ էին բաժին հասել:

Ստացվում է՝ ես ընդունվում եմ բուհ, վճարում եմ գիտելիք ձեռք բերելու համար, վճարածիս դիմաց ստացվելիք արդյունքը, կրկին վճարելով, գնում եմ մեկ այլ կազմակերպությունից: Ուրիշի մտքերը, գաղափարները ներկայացնում եմ որպես իմը, ստանում եմ որոշակի գնահատական, որը մեծ հաշվով նույնպես իմը չէ: Ստացվում է՝ ուսանողը գիտելիք չի ստանում, առաջին հերթին խաբում է ինքն իրեն, դասախոսին, բուհն էլ տուժում է վարկանիշային առումով. գերազանցությամբ ավարտած «X» ուսանողին աշխատանքի է ընդունում «Y» կազմակերպությունը եւ բախվում 0 գիտելիքի: Մեծ հաշվով գործատուն կորցնում է վստահությունը տվյալ բուհի նկատմամբ: Այս շղթան երկար կարելի է շարունակել: Մենք թեմային մոտեցել ենք իրավական տեսանկյունից.  ի՞նչ խախտումներ են կատարվում, ո՞վ է մեղավոր՝ բո՞ւհը, թե՞ ուսանողը:

Նախ պարզենք, թե ինչ են կուրսային եւ ավարտական աշխատանքները, եւ արդյոք դրանք գնելիս հեղինակային իրավունքի խախտում չի կատարվում:

Կրեդիտային համակարգով ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի համաձայն՝ ուսանողի մասնագիտական գիտելիքների եւ կարողությունների ձեռքբերումը հաստատվում է ավարտական աշխատանքի կատարմամբ եւ պաշտպանությամբ: Ավարտական աշխատանքը գնահատելիս հիմք են ընդունվում հետեւյալ չափանիշները՝ կատարման ինքնուրույնության աստիճան, ձեւակերպման որակ, արդիականություն: Հարկ ենք համարում նշել, որ ինքնուրույնության աստիճանը վերաբերում է ավարտական աշխատանքում ուսանողի մտքերի, գաղափարների, տեսակետների ներկայացվածությանը: Ինչ վերաբերում է կուրսային աշխատանքներին, ապա դրանք եւս ներառված են ուսանողի ուսումնական բեռնվածքի մեջ:

Ըստ փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Ղազարյանի՝ կուրսային աշխատանքները հեղինակային իրավունքի օբյեկտ չեն, քանի որ չեն պարունակում հեղինակի ինքնուրույն իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքներ. ««Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հեղինակային իրավունքի օբյեկտ չեն համարվում առանց մարդու ստեղծագործական գործունեությամբ ստացված արդյունքները։ Ուշադրություն դարձնենք, որ շատ հաճախ կուրսային աշխատանքները եւ ռեֆերատները հենց այդպիսի արդյունքներ են»:

Տիգրան Ղազարյանը փաստում է՝ որոշ նկատառումներով հեղինակային իրավունքի արդյունք կարելի է համարել ավարտական աշխատանքները՝ դիպլոմային աշխատանքը եւ մագիստրոսական թեզը, քանի որ ուսանողի ինքնուրույն աշխատանքն առավել ընդգծված է այստեղ. «Ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը՝ առանց դրանց ստեղծագործական վերամշակման եւ առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման, եւ որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում են գրագողություն, որի համար նախատեսվում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: Վերոնշյալի հիման վրա կարող ենք փաստել, որ այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է հեղինակային իրավունքի օբյեկտ համարվող ավարտական աշխատանքներին, ապա ուսանողը, իր անվամբ ներկայացնելով ուրիշի մտքերը, խախտում է հեղինակի իրավունքները՝ զբաղվելով գրագողությամբ»:

Անհրաժեշտ է նշել, որ օրենսդրությամբ սահմանված է հեղինակության կանխավարկած, այսինքն՝ հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործության վրա, կա՛մ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կա՛մ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում, կա՛մ նոտարի մոտ, կա՛մ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ 

Ստացվում է, որ նախեւառաջ անհրաժեշտ է ապացուցել ուսանողի կողմից գրագողությամբ զբաղվելու հանգամանքը, քանի որ վերջինս աշխատանքները ներկայացնում է իր անունից, եւ քանի դեռ հակառակը չի ապացուցվում, որպես հեղինակ հանդես է գալիս ուսանողը:

Այն դեպքերում, երբ հնարավոր կլինի փաստել, որ ուսանողը ուրիշի մտքերը ներկայացրել է որպես սեփական, ապա տվյալ մտքերի հեղինակներն իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով դատական կարգով իր իրավունքները խախտողից կարող է պահանջել իր իրավունքների ճանաչում, վնասների հատուցում եւ այլն: Նշեմ նաեւ, որ հնարավոր չէ հեղինակին հարկադրել պաշտպանելու իր խախտված իրավունքները: Ուստի վերջինիս կողմից որեւէ քայլ չձեռնարկելը չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ վարքագիծ: Ինչ վերաբերում է ուսանողի գործողություններին, ապա տվյալ դեպքում միանշանակ առկա է խախտում, քանի որ թե՛ կուրսային, թե՛ ավարտական աշխատանքները պետք է ինքնուրույն կատարվեն նրա կողմից»: