Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 21-12-2016
Իվետա Մուկուչյան. «Գիրքն առողջ աշխարհ է երեխաների համար»
Այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կրկին բարձր ու հրաշալի մթնոլորտ էր տիրում:



Կայացավ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի 6-րդ փուլի վերջին միջոցառումը, որի հյուրը «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին Հայաստանը պատվով ներկայացրած երգչուհի Իվետա Մուկուչյանն էր: 



Նա «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակում երեխաներին խորհուրդ տվեց կարդալ Արմեն Գրիգորյանի «Կանը եւ կախարդական բանալու գաղտնիքը» գիրքը:



«Այս նախագիծը շատ լավ եւ դրական ազդեցություն ունի եւ կունենա: Եվ առհասարակ ես կարծում եմ, որ երեխաներին մշտապես պետք է գովազդել գիրք կարդալը: Ճիշտ է, մանկական գիրք է, բայց ես եւս կարդալուց մեծ բավականություն եւ հաճույք եմ ստանում: Գիրքն առողջ աշխարհ է երեխաների համար: Եվ, բնականաբար, եթե ճանաչված մարդիկ կարողանան որեւէ կերպ այս նախագծին օգտակար լինել, ապա սիրով դա կանենք»,- նախագծին մասնակցելու մասին ասաց Իվետա Մուկուչյանը:



Ցերեկույթին ներկա էր նաեւ գրքի հեղինակը՝ Արմեն Գրիգորյանը, ով եւս կարեւորեց նման կերպ ընթերցանությունը խթանելը: 



««Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի նպատակը մարդկանց՝ դեպի գիրքն ուղղորդելն է: Հետաքրքրությունը երեխաների շրջանում տարբեր է, նրանք մասնավորապես հարցնում են, թե արդյոք 2-րդ գիրք լինելու է, կամ հետագայում հերոսների կյանքն ինչպես է դասավորվում եւ նմանատիպ այլ հարցեր»,- ասաց հեղինակը: 



Միջոցառմանը ներկա էին «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը եւ այլք:



Հավելենք նաեւ, որ միջոցառումը, ավանդության համաձայն, ուղեկցվեց փոքրիկ բեմադրությամբ՝ բեմադրիչ Արտակ Ավետիսյանի ղեկավարությամբ: