Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի, Նարե Վարդումյանի, Գայանե Ենոքյանի Hetq.am-ի, panorama.am-ի և հերոսների անձնական արխիվներից
Տեղադրվել է 31-12-2016
Շնորհավորում են ապրիլյան հերոսները
Անցնող տարին չսպիացող վերքեր թողեց բոլորիս հոգիներում, միաժամանակ «ստիպեց» կրկին համախմբվել, դառնալ ամուր բռունցք:

Հայ զինվորն ու սպան մարտի դաշտում աներեւակայելի սխրանքներ գործեցին, որոնք հերոսական ասքերի նման դեռ երկար են ապրելու եւ ապրեցնելու: 

Ապրիլյան հերոսների շուրթերից հնչող բարեմաղթանքներն այսօր՝ Ամանորի նախաշեմին, թո՛ղ զորացնեն, գոտեպնդեն բոլորիս:  

Գալիք տարում եւ մի՛շտ փորձենք արժանի լինել այս տղաների եւ նրանց՝ հերոսի մահով ընկած զինակից ընկերների սխրանքին…

Փա՛ռք բոլորին:  

Նարեկ Մալխասյան



Ջերմ ողջույններս եմ հղում մեր դիրքապահներին՝ սպաներին եւ զինվորներին: Դուք մեր ընկերն ու հարազատն եք:
 
Մենք առավել քան վստահ ենք մեր զինակից ընկերների համարձակության, ուժի, ամուր կամքի ու Հայրենիքը պաշտպանելու պատրաստակամության վրա, սակայն կցանկանայի վստահեցնել. երբ անհրաժեշտ լինի, ձեր կողքին՝ խրամատում կլինենք, տղե՛րք, ինչպես ապրիլին ամբողջ հայությունը համախմբվեց եւ օգնության հասավ մեզ:  

Շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ: Ցանկանում եմ, որ 2017 թվականին կրակոցներ չլսվեն…

Թո՛ղ խաղաղություն տիրի Հայաստան աշխարհում: 

Շուլի Հակոբյան



Շնորհավորում եմ բոլորիս գալիք տոների կապակցությամբ: Մաղթում եմ, որ 2017 թվականի ընթացքում միմիայն ուրախալի իրադարձությունների ականատես լինենք: Ցանկանում եմ, որ հայերս հաղթարշավներ գրանցենք բոլոր բնագավառներում։ 

Կոչ եմ անում ազգակիցներիս մշտապես զգոն լինել, այնքան զգոն, որքան սահմանին կանգնած զինվորն է. յուրաքանչյուր գործ ձեռնարկելուց  առաջ մտածենք, կշռադատենք ու մեր բոլոր ջանքերը ծառայեցնենք հանուն Հայրենիքի։ 

Թո՛ղ նոր տարին ուրախություն, խնդություն ու պայծառություն բերի բոլորիս ընտանիքներին։

Ռաֆայել Հովհաննիսյան



Շնորհավորում եմ զինակից ընկերներիս Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Մաղթում եմ առաջին հերթին անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ։ Թող այն հմտությունները, որոնց տիրապետում եք ծառայության ընթացքում, կիրառվեն միմիայն զորավարժությունների ժամանակ: 

Ցանկանում եմ, որ գալիք տարվա ընթացքում միայն հետաքրքիր ու դրական իրադարձությունները լցնեն մեր կյանքը: Միշտ լինենք համախմբված ու հայրենասեր, ինչպես ապրիլին։ 

Մեզ՝ հայերիս, մաղթում եմ անամպ երկինք ու հայրենանպաստ գործունեություն միմիայն խաղաղ պայմաններում։

Հարություն Բադալյան 



Գալիք տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորում, անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ եմ մաղթում բոլոր զինվորներին: 

Շնորհավորում եմ համայն հայությանը: Ցանկանում եմ, որպեսզի ժողովուրդը միշտ հավատա մեր զորքին: 

Մաղթում եմ մեզ միասնականություն, որպեսզի կարողանանք միասին, համատեղ ուժերով հասնել նոր բարձունքների, կերտել նոր հաղթանակներ: 

Գեւորգ Խաչատրյան



Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր զինվորներին՝ մաղթելով բարի ծառայություն, բարի վերադարձ հարազատ օջախներ, ինչպես նաեւ զինվորական ծառայությունն արդեն ավարտած ապրիլյան պատերազմի մասնակից իմ ընկերներին: Հաջողություններ եմ մաղթում ձեր ձեռնարկներում եւ նորանոր նվաճումներ բոլոր բնագավառներում: 

Խաղաղությո՛ւն մեր Հայրենիքին: 

Շանթ Ղազարյան



Իմ հա՛յ ազգ, իմ զինվո՛ր եղբայրներ, ուզում եմ բոլորիդ շնորհավորել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Անցնող տարին մեզ` հայերիս համար ծանր փորձություններով լի էր:
Հակառակորդը մեզ ներքաշեց պատերազմի մեջ, սակայն մենք կարողացանք պաշտպանել մեր հողը, մեր պատիվը,  ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը եւ հերթական պատմական հաղթանակն արձանագրեցինք: Այդ հաղթանակը կերտվեց մեր հերոս տղերքի կյանքի, արյան եւ առողջության գնով: 

Ցանկանում եմ, որ 2017 թվականը եւ դրան հաջորդող տարիները լինեն խաղաղության  տարիներ: 

Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել զինվոր եղբայրներիս: Ու թո՛ղ թշնամին միշտ հիշի՝ մենք պատերազմ չենք ուզում, սակայն ցանկացած պահի պատրաստ ենք խաղաղություն պարտադրել: 

Բոլորիս ամուր կամք եմ մաղթում եւ դեռեւս չապրած հաղթանակների իրականացում:

Արման Ավետիսյան



Շնորհավորում եմ ողջ հայությանը գալիք տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ 2017 թվականը լինի անսպառ հաջողությունների, երազանքների իրականացման տարի: 

Աշխարհին եւ մեր Հայրենիքին խաղաղություն եմ մաղթում: Ուզում եմ՝ մեր ազգն այլեւս ապացուցելու կարիք չունենա, որ  իր զինվորին հաղթելն անհնար է, ինչպես 2016 թվականի ապրիլին: 

Խոնարհվում եմ ապրիլյան մարտերի ընթացքում զոհված մեր հերոս տղաների շիրիմների եւ հերոսածին մայրերի առաջ: Թո՛ղ երբեք ոչ մի մոր աչքեր չարցունքոտվեն: 

Առանձնահատուկ շնորհավորում եմ այս պահին մարտական հերթապահություն իրականացնող բոլոր դիրքապահներին: Ձեր զգոնության շնորհիվ մենք այսօր խաղաղ ենք ապրում: 

Արեգ Սարդարյան



Ողջո՛ւյն, ծանո՛թ ու անծանոթ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս գալիք տոների կապակցությամբ: Վերջապես 2016 թվականի մասին շուտով կարող ենք խոսել անցյալ ժամանակով: Այն փորձությունների տարի էր բոլորիս համար: Դրանք, բարեբախտաբար, պատվով հաղթահարեցինք, բայց, ցավոք, ո՛չ առանց կորուստների… 2016-ը, սակայն, նաեւ միասնությա՜ն տարի էր: Հերթական անգամ հայ ազգն ապացուցեց, որ դժվար պահին միանալ ու բռունցք դառնալ գիտի, իր երկրին տեր կանգնել ու թշնամուն ջարդել գիտի…

Ուզում եմ՝ այդ կրակը չմարի, այդ ոգին միշտ մնա: Ուզում եմ՝ 2016 թ.-ի միասնականությունը միշտ զգալ՝ ցանկացա՛ծ իրավիճակում: Ուզում եմ՝ 2016 թ.-ից քաղենք մեր բաժին դասն ու միշտ պատրաստ լինենք:

Ուզում եմ՝ հայրենասեր ու հայրենատեր լինենք…

Թո՛ղ 2017 թվականը լինի ազգային միասնության, կամքի, սիրո ու ջերմության տարի։

Սարգիս Նիազյան



Շնորհավորում եմ հայերիս Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Մաղթում եմ, որ գալիք տարին խաղաղ լինի: Թող ո՛չ մի զինվորի ծնողի աչքերից արցունք չթափվի: 
Հաջողություն, երջանկություն եմ ցանկանում բոլորիս։ Գնահատենք մեր յուրաքանչյուր օրն ու ապրենք ներկայով։

Հովհաննես Պողոսյան



Մեծ սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ իմ զինակից ընկերներին: Անփորձանք ու խաղաղ ծառայություն եմ մաղթում մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին: Աստված բոլորիդ պահապան: Ամո՛ւր եղեք, տղե՛րք:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: