Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի եւ համացանցից
Տեղադրվել է 15-01-2017
Ալիս Մանրո. «Իմ նպատակն իմ ընթերցողին օգնելն է…»
Ալիս Մանրոն ժամանակակից գրող է: Կանադական իրականության մեջ նա առաջինն էր, ով 2013 թ.-ին արժանացավ գրականության ամենահեղինակավոր՝ Նոբելյան մրցանակին: Շվեդիայի ակադեմիայի անդամները Մանրոյին անվանեցին ժամանակակից պատմվածքի վարպետ:

Eritasard.am-ը շարունակում է բացահայտել գրական դաշտի առաջավոր դեմքերին, որոնց ստեղծագործությունները ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում վայելում են մեծ պահանջարկ…

Մանրոն ծնվել է 1931 թ.-ին Կանադայում: Մինչ օրս նա գրել եւ հրատարակել է տասնհինգ պատմվածքների ժողովածուներ եւ մեկ վեպ: Չնայած նրան, որ Մանրոն իր պատմվածքները գրել է ավելի վաղ, սակայն դրանք սկսել է հրատարակել համեմատաբար ուշ: Նա ամուսնացել է շատ երիտասարդ, լույս աշխարհ բերել երեք երեխաներ, սովորել լրագրություն, աշխատել է որպես մատուցողուհի, ունեցել ընտանեկան գրախանութ: Նրա առաջին պատմվածքը լույս է տեսել 1950 թ.-ին: Այդ ժամանակ նա ուսանող էր, եւ ոչ ոքի մտքով չէր անցնում, թե ինչ է սպասվում Մանրո անունով մի աղջկա, ով իր կարիերան կապել է գրականության հետ: 

86-ամյա գրողի ստեղծագործություններն արտացոլում են հեղինակի կյանքի փորձը: Դրանց առանցքում հիմնականում կանայք եւ աղջիկներն են, ինչպես նաեւ մոր եւ դստեր հարաբերությունները, որոնք կյանքի տարբեր իրավիճակներում բախվում են բազմաթիվ խնդիրների: Ժամանակակից իրականությանը քայլելով համահունչ՝ Ալիս Մանրոն բարձրաձայնում է այնպիսի հարցեր, որոնք հասու են հատկապես իգական սեռին, բայց դրանք շարունակում են զարմացնել նաեւ արական սեռի ամենաքմահաճ ընթերցողին: Նրա պատմվածքներից յուրաքանչյուրը շաղկապված է մյուսին, գրված են հետաքրքիր ոճով ու պարզությամբ:

Մանրոյի ստեղծագործությունները թարգմանվել եւ տպագրվել են տարբեր լեզուներով, իսկ ահա որոշ երկրներում դրանք անգամ ներառվել են բուհերի պարտադիր ընթերցանության գրականության ցանկում, ինչպես նաեւ 70-ականներից ուսումնասիրվում եւ դառնում են գիտական ատենախոսությունների առարկա: Բացի Նոբելյան մրցանակից՝ Ալիս Մանրոն տարբեր տարիների արժանացել է նաեւ Կանադայի գրական մի շարք մրցանակների: Հայ ընթերցողը երբեւէ Մանրոյի վեպերն ու պատմվածքները հայերենով կարդալու հնարավորություն չի ունեցել: 

Եվ ահա «Զանգակ» հրատարակչությունն առաջին անգամ 2016 թ.-ին «Աշխարհը հայերենով» մատենաշարով թարգմանեց եւ հրատարակեց նրա «Կյանքի սիրույն» վեպը: Անգլերեն բնագրից այն թարգմանել է Աննա Դավթյանը: Գրքում ներկայացված է 14 պատմվածք, որոնցից յուրաքանչյուրը փոխկապակցված է մյուսին:



«Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի հարցով պատասխանատու Արթուր Մեսրոպյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Մանրոյի ոճին հատուկ է փոքր տարածության մեջ սակավ գործողությունների միջոցով բազմաշերտ նարատիվ ստեղծելը, որտեղ մի փոքր դրվագ, մի նուրբ ու հպանցիկ դետալ լույս են բացում անորոշության վրա: Գրականագետի համոզմամբ՝ նրա ստեղծագործությունները հարուստ են էպիֆանիայի հնարքով, ինչի շնորհիվ Մանրոյին հաճախ համեմատում են Ջոյսի հետ, իսկ կերպարների առօրեականությունն ու սովորական լինելը ասոցացվում են չեխովյան ոճին:

Ըստ Արթուր Մեսրոպյանի՝ «Կյանքի սիրույն» պատմվածքը, որի անունով էլ վերնագրված է Մանրոյի՝ 2013 թ.-ն լույս տեսած ժողովածուն, ներկայացնում է Մանրոյի մոտ հաճախ հանդիպող թեմատիկ մի գիծ. կնոջ՝ անիմանալիից եկող վախերն ու անիմանալիի առջեւ անպաշտպան մնալը. «Պատմվածքի գործողությունները տարածվում են մշուշային ֆոնի վրա, կա պատճառահետեւանքային կապի խզվածություն, սակայն դրանից իրավիճակն էլ ավելի անդառնալի է, հնարավոր չէ այն որեւէ կերպ կանխել, սակայն ոչինչ չանել էլ անհնար է, եւ ելքը հաճախ փախուստն է… կյանքի սիրույն»: 

Կանադացի ժամանակակից կին գրողն իր պատմվածքներում անդրադարձել է նաեւ ընտանեկան բռնությանը, երկարատեւ հիվանդություններին, շփոթություններին եւ այլն: Հարցազրույցներից մեկում Մանրոն ասել է. «Իմ ստեղծագործություններում ես խոսում եմ այնպիսի երեւույթների մասին, որոնք շատ աղջիկներ չեն կարողանում բարձրաձայնել: Ինձ ասում են, որ ես համարձակ եմ: Այո՛, երեւի այդպես է: Ինձ դուր է գալիս համարձակ մտքեր ներկայացնելը, քանի որ իմ նպատակն իմ ընթերցողին օգնելն է»:

Ալիս Մանրոյի ստեղծագործությունները շատ գրականագետներ համեմատել են Չեխովի, Տոլստոյի եւ Ֆլոբերի պատմվածքների հետ: Նրանք համեմատության առանցքում պահել են գրական յուրօրինակ ոճը, ժանրային առանձնահատկությունները եւ այլն: Այդ համատեքստում գրական ոլորտի կարծիքի առաջատարները Մանրոյին դասել են ժամանակակից դասականների շարքում: Նրանք, ովքեր ծանոթ են Մանրոյի ձեռագրին, ասում են, որ նրա կյանքը նման է իր գրած արձակին. այն զուսպ է, ազնիվ ու կյանքով լեցուն:

Ալիս Մանրոն Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ հայտարարել էր, որ չնայած այն հանգամանքին, որ ինքն ակնհայտորեն կարեւոր թեկնածու է այդ հեղինակավոր մրցանակին արժանանալու համար, բայց, այնուամենայնիվ, չի հավատում, որ դա, ըստ էության, ստանում է ինքը: Ժամանակակից գրողի համար ամենակարեւոր հանգամանքն այն էր, որ կանադական գրականությունը հայտնվեց ուշադրության կենտրոնում, ինչն իր համար ավելի կարեւոր ձեռքբերում է, քան դրամական մրցանակը, որին նա արժանացել է:

Մանրոն կարճ ժամանակ անց լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հայտարարել է, որ ինքը շատ զարմացած է եւ ուրախ: Բանն այն է, որ կանադացի լրագրողները գրողին գրեթե նույն հարցն են տվել. «Ի՞նչ եք զգում այս պահին»: Ի պատասխան՝ նա ասել է. «Ես ունեցել եմ այնպիսի մրցակիցներ, ինչպիսին, օրինակ, Հարուկի Մուրակամին է, ով նույնպես արժանի էր այդ մրցանակին: Այո՛, ես գիտեի, որ կգա օրը, երբ ես էլ կարժանանամ այդ մրցանակին, բայց չէի հավատում, որ դա կլինի հիմա: Մի բան միանշանակ է՝ ես երբեք չեմ մտածել ստեղծագործել՝ հաղթելու համար: Ես գրում եմ, որովհետեւ այլ գործով զբաղվել չեմ ուզում, իսկ գրականությունն իմ ներսում է»:

Կարեւոր է նաեւ այն իրողությունը, որ Ալիս Մանրոն գրում է բոլորին հասկանալի լեզվով: Ժամանակակից գրողների խոսքերով՝ նա Կանադայում կոտրել է մի շարք գեղարվեստական մտածողության կարծրատիպեր: Դրանցից շատերը հայտնվել են գրական մամուլի քննարկման կիզակետում: Եղել է շրջան, երբ Մանրոն հայտարարել է, որ վերջ է տալիս իր գրական կարիերային, բայց արի՛ ու տե՛ս, որ հաղթել է գրելու ցանկությունը: Մանրոն կանադական գրական իրականություն է վերադարձել նոր պատմվածքներով:

Նրա պատմվածքները հրապարակվել են նաեւ գրական հեղինակավոր թերթերում եւ ամսագրերում: Այդ առիթով Մանրոն ասել է, որ իր համար շատ կարեւոր է ընթերցողից նախնական կարծիք լսելը, հետո միայն գրքի տեսքով հրատարակելը: Հյուսիսային Ամերիկայում ներկայումս նրան համարում են լավագույն արձակագիրներից մեկը: Իսկ ահա Կանադայում ժամանակակից գրողներից Մանրոյի գրքերն են, որ վաճառքի լավագույն ցուցանիշ են ունենում:



Նրա պատմություններում սովորաբար ներկայացվում են նաեւ քաղաքային փոքր վայրեր, որտեղ մարդիկ կարողանում են պայքարել եւ գոյատեւել, ինչը հաճախ հանգեցնում է վատ հարաբերությունների եւ բարոյական հակամարտությունների: Ըստ Մանրոյի՝ դրանք ազդեցություն են ունենում կյանքի ձգտումների վրա, հարուցում են հոգեբանական խնդիրներ: Մանրոն, կյանքի կարեւոր իրադարձությունների մասին գրելով առօրյա լեզվով ու սյուժետային հարուստ բովանդակությամբ, փորձում է լուսավորել դրանք:

««Կյանքի սիրույն» պատմվածաշարում փոքրիկ գյուղաքաղաքներում ապրող մարդկանց աննշան կյանքերի դիպաշարերում հեղինակը գտնում ու ներկայացնում է մեծ ողբերգություններ, հոգեբանական խոշոր տեղաշարժեր, որոնք ցնցում են ընթերցողին, թվում է, թե դրանք պետք է փոխեն նաեւ հերոսների կյանքը, սակայն, ի վերջո, ամեն ինչ կրկին իր տեղն է ընկնում, ցնցումները մարում են, իսկ հերոսները վերադառնում են սովորական, մանր, կրկնվող իրադարձություններով, անբախում իրականություն: Նրանց կյանքի փոքրիկ «պայծառացումները», նոր եւ ուրիշ կյանքի խոստումներով, տեւական չեն լինում եւ, ի վերջո, ընկալվում են որպես պատահականություն, ճակատագրի փոքրիկ խաղ գորշ ու ձանձրալի իրականության մեջ, որը մեծ ցավ է պատճառում եւ խոր սպիներ թողնում: Այս տեսանկյունից Մանրոյի պատմվածքները հիշեցնում են Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները» պատմվածաշարի համապատասխան մոտիվները»,- մեզ հետ զրույցում գրքի առանձնահատկությունների մասին խոսեց ԵՊՀ դոցենտ, գրականագետ Հայկ Համբարձումյանը: 

Գրականագետի փոխանցմամբ՝ այլ հեղինակների գրչի տակ Մանրոյի ներկայացրած կերպարները կարող էին հավակնել վեհ ու պաթետիկ բնութագրումների, իսկ նրանց պատմություններն ավարտվեին կյանքի ողբերգականության, մեղքի ու հատուցման, անձնազոհության ու երջանկության ձգտման, կորսված սիրո վերաբերյալ ընդհանրացումներով, սակայն կանադացի արձակագրի պատումի գլխավոր առանձնահատկությունը թերեւս այդ ամենն առանց ավելորդ գաղափարականացման ներկայացնելու մեծ վարպետությունն է: 

Հայկ Համբարձումյանի գնահատմամբ՝ ոճի յուրահատկությունները թելադրված են ներկայացվող իրականությանը ներսից, հաճախ` հերոսների «փոքրիկ», «սահմանափակ», համեստ ցանկությունների ու երազների աշխարհներից հայացքով. «Եվ հարց է առաջանում. գուցե Մանրոյի հերոսները արժա՞նի չեն խոստացված երջանկությանը, կամ եւս մեկը` իսկ ո՞վ է արժանի: Կարծում եմ՝ ընթերցողը, նույնպես կարդալով այս հրաշալի պատմվածքները, կմտորի այս հարցերի շուրջ եւ գուցե գտնի պատասխաններ»: