Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ Արման Պապիկյանի
Տեղադրվել է 23-01-2017
«Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի կանոնակարգը մշակող հանձնաժողովը կղեկավարի Արսեն Քարամյանը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը եռամսյա ժամկետում մշակելու է եւ նախարարի հաստատմանն է ներկայացնելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման պայմանները:

Հանձնաժողովը ղեկավարում է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

«Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման նախաձեռնության վերաբերյալ նախարարությունը անցած տարեվերջին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է մրցույթի անցկացման գործընթացներում ողջ հայությանը մասնակից դարձնելու անհրաժեշտության մասին: Այս մրցույթի անցկացումը հնարավորության է տալու Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու տարվա լավագույն հայ մարզիկին: 

«Կանոնակարգի մշակման նպատակով անցկացվելու են քննարկումներ՝ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտի փորձագետների եւ մասնագետների հետ: Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս գաղափարի եւ այն իրագործելու համար համախմբել համայն մարզասեր հայությանը, ի մի բերել բոլոր կարծիքները»,- նշել է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: 

Միեւնույն ժամանակ նախարարությունը շարունակելու է մրցաշրջանի ընթացքում մարզական բարձր ցուցանիշների հասած հայ մարզիկներին խրախուսել՝ համաձայն  ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման: