Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 07-02-2017
Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական ՀԿ-ներին
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 2017 թվականի մարտի 9-ից 10-ը Աղվերանում կազմակերպում է «Դասընթաց երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար» ծրագիրը:

Մասնակիցներին կներկայացվեն ծրագիր գրելու հմտությունները, եղանակները, արդյունավետ եւ սահմանված չափանիշներին համապատասխան դրամաշնորհային ծրագրերի հայտերի մշակման եւ ներկայացման ձեւերը, նախարարության երիտասարդական պետական քաղաքականության շրջանակում գործող առցանց դրամաշնորհային համակարգը, համակարգի միջոցով հասարակական կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման կարգը, նրանում կատարված փոփոխությունները:

Դասընթացավարները մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն դրամաշնորհային ծրագրերի բյուջեների կազմման, նախահաշիվների ձեւի, գնային չափորոշիչների, ինչպես նաեւ հաշվետվությունների ճիշտ կազմման ու ներկայացման կարգի մասին:

Մասնակիցները տեղում կփորձեն գրել ծրագիր, կազմել ծրագրի բյուջեն ու նախահաշիվը, որից հետո կկազմակերպվի քննարկում, մասնակիցների հարցերին կտրվեն պատասխաններ: Ուսուցման ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ:

Ծրագրին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` ընդհանուր թվով 40 մասնակից:

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք մինչեւ ս.թ. փետրվարի 24-ը cragrer.am@gmail.com հասցեին ուղարկել մասնակցության նամակ՝ նշելով հասարակական կազմակերպության անվանումը, անուն-ազգանունը եւ կոնտակտային տվյալները:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հոգում է սեմինարի ընթացքում մասնակիցների կեցության եւ սննդի ծախսերը եւ Երեւան-Աղվերան-Երեւան ճանապարհածախսը: Ճանապարհածախսը դեպի Երեւան եւ հետադարձ հոգում է գործուղող կողմը: 

Նախանշվածից շատ հայտեր ստանալու պարագայում իրականացվելու է հայտերի մրցութային գնահատում հետեւյալ չափանիշներով.

  • առավելությունը տրվելու է ծրագրեր շահելու եւ իրականացնելու փորձ չունեցող կազմակերպություններին:
  • պահպանվելու է մարզային ներկայացուցչականության համամասնությունը: