Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 06-03-2017
Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց արդյունքները
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի 2017 թ. առաջնությունում մարզիկների ունեցած ելույթներից:

Բանախոսի հավաստմամբ՝ մարմնամարզիկների մոտ դեռ որոշ թերություններ կան, բայց դեռ մրցաշրջանի սկիզբն է, ուստի նրանք դեռ կհասցնեն դրանք շտկել մինչեւ կարեւոր ստուգատեսները: 

«Ընդհանուր առմամբ գոհ եմ: Մեզ մոտ փոփոխությունները շատ մեծ էին, նոր ենք վարժությունները կազմում: Վահագն Դավթյանը բարդացված վարժություն կատարեց: Կատարումից այնքան էլ գոհ չեմ, բայց գոհ եմ, որ բարդ վարժությունն արդեն անում է, պետք է շտկվի: Արդյունքն աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ պարզ կլինի արդեն ուրիշի աչքով, որովհետեւ մերն է, մենք ուզում ենք քիչ սխալներ տեսնել, ավելի օբյեկտիվ աշխարհի գավաթի ժամանակ կտեսնենք՝ Արթուր Դավթյանը կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը: Նրա խնդիրն ամենաբարդն է. ցատկերը, որոնք արել է Եվրոպայի առաջնության ժամանակ, այսօր չի կարող անել. կանոնադրությունը փոխվել է: Նորը պետք է գտնենք»,- ասաց  Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը:

Հայաստանի 2017 թ. առաջնությանը երկար բացակայությունից հետո մասնակցեց Արթուր Թովմասյանը, ով ծնկի վնասվածք ուներ, անցած ամառ վիրահատվել էր եւ երկար վերականգնողական փուլ էր անցել. «Նա պատրաստ էր: Վնասվածքն ընդհանրապես չի խանգարում, բայց գնահատականներն ինձ դուր չեկան: Ես ավելի բարձր արդյունք եմ սպասում»:

Հակոբ Սերոբյանն անդրադարձավ նաեւ Մերդինյանի ելույթին: Ինչպես նշեց մարզիչը, մարզիկը 2 ամիս առաջ սառույցի վրա սայթաքել է, բայց նա պրոֆեսիոնալ է, մարզիկն իր հնարավորության շրջանակում արել է հնարավորը:

Մարզիչը գոհ է նաեւ պատանի եւ երիտասարդ մարմնամարզիկների մրցելույթներից, որոնցից մի քանիսը, առաջին անգամ մասնակցելով Հայաստանի մեծահասակների առաջնությանը, հաճելիորեն զարմացրել են իրեն: Խոսքը հատկապես Էրիկ Բաղդասարյանի եւ Ժորա Սմբատյանի մասին է, ովքեր 2018 թվականի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի իրական թեկնածու են եւ վարկանիշ նվաճելու համար Եվրոպայի առաջնությունում պետք է պայքարեն՝ 16 լավագույնների մեջ տեղ զբաղեցնելու համար: 

Հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանն էլ, խոսելով  մարզիկների պատրաստվածությունից, նշեց, որ  նույնպես գոհ է, սակայն նրանց համար առաջանայինը մարզումներն են եւ  աշխարհի գավաթի խաղարկությունը, որը տեղի է ունենալու Դոհայում: