Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Սեդրակ Պապյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 07-03-2017
Սեդրակ Պապյան. «Ես սովորել եմ չկոտրվել»
Մարտի 8-ին տեղի կունենա երգիչ Սեդրակ Պապյանի «Սիրելով» երգի տեսահոլովակի պրեմիերան:

Երգը (երաժշտության հեղինակ՝ Հայկո, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան) եւս հնչելու է առաջին անգամ:  

Երիտասարդ երգիչը հանրությանը հայտնի է հանրային հեռուստաընկերության «Իմ բանակը» հեռուստաֆիլմաշարի համանուն երգի (կատարում է Վիգեն Ահարոնյանի եւ Արթուր Մխիթարյանի հետ) տեսահոլովակից, ինչպես նաեւ «Երգ երգոց» հաղորդաշարում իր հաճախակի՝ գրեթե ամենաշաբաթյա  ելույթներով: 

Ստեղծագործական հաջողությունների, ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի եւ այլ թեմաների շուրջ է մեր զրույցը Սեդրակ Պապյանի  հետ: 

Տավուշեցի լինելը հպարտություն  է

Ծնվել եմ 1993 թ.-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Հայրս ծննդով Մովսես, մայրս Այգեպար գյուղերից են, եւ մանկությանս հուշերի զգալի մասը կապված է հենց այդ գյուղերի հետ: Երկուսն էլ սահմանամերձ են, եւ մինչեւ  հակառակորդի մարտական դիրքերն ու ամենամոտ գտնվող բնակավայրն ընկած տարածությունը չափվում է մետրերով…   

Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ տավուշեցի լինելը հպարտություն  է, միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն, «պարտավորվածություն» ՝ յուրաքանչյուր քայլ կատարելիս ձգտել պահպանել ծննդավայրիս ժողովրդին բնորոշ մարդկային առաքինությունները եւ միշտ առաջնորդվել ճշմարիտ արժեքներով… Ինչ էլ անեմ, որտեղ էլ լինեմ, ծննդավայրս միշտ կանչում է ինձ: Սիրում եմ ու կարոտում:

Երաժշտությունն ինձ հետ է վաղ մանկությունից

Ծնվել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ գրեթե բոլորն են երգել՝ սկսած տատիկից ու պապիկից, սակայն պրոֆեսիոնալ երգով ոչ ոք չի զբաղվել: Երաժշտությունն ինձ հետ է վաղ մանկությունից, իսկ երգել սկսել եմ դպրոցական տարիներից: Ուսանել եմ Բերդի երաժշտական դպրոցում, գերազանցությամբ ավարտել փողային գործիքների բաժինը, ապա ընդունվել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  ժողովրդական երգեցողության ֆակուլտետ: Այժմ սովորում եմ մագիստրատուրայում: 



Ծառայությունն ինձ հաջողություններ բերեց  

Իմ ծննդավայրով ու նաեւ դաստիարակությամբ պայմանավորված՝  սահմանի, բանակի նկատմամբ միշտ առանձնահատուկ սեր ու ջերմություն եմ տածել: Ծառայությանը լիովին պատրաստ էի, սակայն ինձ համար կարեւոր էր, որ մասնագիտությունս, կարողություններս բանակին ծառայեցնելու հնարավորություն ունենամ: Ծառայության անցա ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթում՝ որպես մեներգիչ: Ծառայությունն ինձ շատ բան է տվել թե՛ որպես մարդ, թե՛ որպես երգիչ: 2 տարի շարունակ մենք շրջագայել ենք ՀՀ ԶՈՒ գրեթե բոլոր, այդ թվում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերով ՝ մեր ելույթներով ոգեւորելով, գոտեպնդելով հայրենիքի պաշտպաններին՝ մեր ծառայակից ընկերներին: Մասնակցել ենք բանակային բոլոր միջոցառումներին, արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններին:

Բավականին հագեցած, ստեղծագործական հաջողություններով ու ձեռքբերումներով լի ժամանակահատված էր դա: 2012 թ.-ին մեր համույթը ՌԴ-ում մասնակցեց «Виват, Победа» միջազգային մրցույթին, որին մասնակցում էին ԱՊՀ բոլոր պետությունների զինվորական անսամբլները: Մենք մեծ հաջողություններ ունեցանք. ես եւ ծառայակից ընկերս առաջին պատվավոր տեղը գրավեցինք, ինչը, իհարկե, պատվաբեր է: 

Ծառայության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել եմ «Վազգեն Սարգսյան» գերատեսչական,  «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի կողմից` «Զինվոր հայրենյաց»  մեդալներով, մի շարք պատվոգրերով:  

Զորացրվելուց հետո շարունակում եմ ուսումս մագիստրատուրայում:  2015 թ.-ին մասնակցել եմ եւս մեկ՝  «Դելֆյան խաղեր» միջազգային մրցույթին՝ կրկին ՌԴ-ում:  Բավականին լուրջ մրցակցության պայմաններում հաջողություններ ունեցա՝ գրանցելով ե՛ւ թիմային, ե՛ւ անհատական հաղթանակներ: Մասնակցել եմ նաեւ ազգային երգեցողության մրցույթի՝ կրկին  զբաղեցնելով առաջին տեղը:  

«Իմ բանակը»  

«Իմ բանակը» հեռուստաֆիլմաշարի սաունդթրեքի տեսահոլովակը, որը, ի դեպ, բավականին ջերմ ընդունելության արժանացավ, նկարահանվել է նախորդ տարի: Ընկերներիցս մեկը տեղեկացրեց, որ լսումներ են իրականացվում երգի կատարողներին ընտրելու համար, եւ առաջարկեց մասնակցել: Քանի որ երգը միանգամից գրավել էր ինձ, որոշեցի անպայման փորձել, թեպետ հիվանդ էի եւ մեծ հույսեր չունեի, թե երգեցողությունս կստացվի այնպես, ինչպես ես եմ ցանկանում:  Որոշ ժամանակ անց պարզվեց, որ ընտրված երգիչներից մեկը ես եմ: Հետագայում միայն իմացա, որ երգը կատարելու եմ ծառայակից ընկերներիս՝ Վիգեն Ահարոնյանի եւ Արթուր Մխիթարյանի հետ: Տեսահոլովակն ու երգը հաջողություն ունեցան ու սիրվեցին հասարակության կողմից: 

«Երգ երգոց»  

«Երգ երգոց» հաղորդաշարին  առաջին մասնակցությունս եւս անսպասելի էր: Դասախոսիս առաջարկել էին ներկայացնել իր ուսանողներից մեկին, ով կկատարեր Հրաչյա Հովհաննիսյանի հեղինակած երգերից: Եվ առաջին անգամ «Երգ երգոցի» բեմից կատարեցի «Արի՛, յար ջան» երգը: 

Որոշ ժամանակ անց կոմպոզիցիայի ֆակուլտետում սովորող ընկերս տեղեկացրեց, որ «Երգ երգոցի» հերթական հաղորդումը նվիրված է լինելու երիտասարդ կոմպոզիտորներին: Ինքն արդեն ուներ երաժշտությունը, առաջարկեց ինձ խոսքեր գրել եւ մասնակցել: «Ձոն Հայրենիքին» երգը նախ ներկայացրինք Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին, եւ այն կոմպոզիտորի հավանությանն արժանացավ, ինչից հետո կատարեցի «Երգ երգոցի» բեմում: Երգը սիրվեց եւ առաջին հերթին հենց հաղորդաշարի անձնակազմի կողմից: Այդ ելույթից հետո սկսեցի ավելի հաճախ հրավերներ ստանալ: Ուզում եմ շեշտել, որ անչափ ուրախ եմ այդ հաղորդաշարին մասնակցելու համար, քանի որ «Երգ երգոցի» բեմից հնչում են մաքուրը, ազգայինը, ճշմարիտը:  



Մտքով, սրտով, հոգով սիրում եմ…

Ես երջանիկ մարդ եմ, քանի որ մանկության տարիներից տատիկս ու պապիկս միշտ կողքիս են եղել: 4-5 տարեկան էի, բայց հիշում եմ՝ տատիկս, պապիկս, հայրս, հորեղբայրս երգում էին… Նրանք կատարում էին միայն ազգային, ժողովրդական երգեր: Այդ գեղեցիկ, մաքրամաքուր կատարումներն իրենց խորը հետքն են թողել իմ ներաշխարհում, գիտակցությանս մեջ: Մտքով, սրտով, հոգով սիրում եմ ժողովրդական երգը: Երբ ընդունվեցի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, մտածում էի, որ միայն ժողովրդական երգեր կկատարեմ: Հետագայում փորձեցի կատարել նաեւ այլ ժանրերի երգեր՝ էստրադային, դասական… Միշտ կողմ եմ եղել փոփոխություններին եւ այսօր ճիշտ չեմ համարում միայն մեկ ոճով սահմանափակվելն այն պարագայում, երբ հնարավորություններդ ներում են կատարել նաեւ այլ ժանրերի ստեղծագործություններ: Այս առումով ինձ համար կարեւոր էր իմ վարպետների կարծիքը: Եթե կարող ես քո կատարածը հասցնել ունկնդրին, ուրեմն պարտավոր ես դա անել: 

Ես սովորել եմ չկոտրվել 

Մինչ օրս ունեցած իմ բոլոր ձեռքբերումները չափազանց թանկ ու կարեւոր են ինձ համար, քանի որ դրանք դժվարությամբ եմ վաստակել: Միշտ փորձել եմ առաջ ընթանալ միմիայն իմ ուժերով, որքան էլ դժվար լինի: Ընտանիքս միշտ թիկունքիս է, բայց ձգտում եմ ինքնուրույն հաղթահարել իմ խնդիրները եւ ճանապարհ հարթել, իսկ առաջընթացի, նպատակներիս հասնելու համար ամեն օր եմ աշխատում: 

Տարիներ առաջ ես երազում էի երգ գրելու մասին, սակայն անիրական էր թվում: 2 տարի առաջ փորձեցի եւ… ստացվեց, թեպետ՝ դժվարությամբ: Ես սովորել եմ երբեք չկոտրվել, չհիասթափվել, չմտածել, եթե մի անգամ չստացվեց, ուրեմն չի ստացվի: Չի ստացվի, եթե չփորձես, չպայքարես... 

Որեւէ մեկիս համար գաղտնիք չէ, որ երգարվեստի ոլորտում այսօր խնդիրները շատ են, բայց նաեւ վստահ եմ, որ եթե յուրաքանչյուրս աշխատենք մեր ուժերի չափով, կկարողանանք ինչ-որ բան փոխել. ես որեւէ քայլ անելուց առաջ մտածում եմ, որ մենակ չեմ, որ ինձ նման շատերն են պայքարում, եւ մի օր բոլորիս ջանքերի արդյունքում կտեսնենք ցանկալի արդյունքը: 

…Եթե ընտրել ես քո ճանապարհը, եթե վստահ ես, որ դա է քո առաքելությունը, ուրեմն պարտավոր ես առաջ գնալ, անընդհատ աշխատել, գուցե արածդ մի անգամ չընդունվի, չընկալվի, բայց դա էլ է ուժ տալիս: 

Ես կցանկանայի բոլոր հաջողություններիս համար խորին շնորհակալություն հայտնել իմ դասախոսին՝ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանին, վարպետիս՝ Էդվարդ Բեգլարյանին, «Զորական» համույթի գեղարվեստական ղեկավար, մայոր Արամ Գալստյանին, ծնողներիս, ընկերներիս… 

«Սիրելով»՝ շուտով

Մարտի 8-ին տեղի կունենա «Սիրելով» երգիս տեսահոլովակի պրեմիերան: Այս աշխատանքը համարում եմ առաջին լուրջ  գործը, որ անում եմ բացառապես իմ ուժերով, իմ հնարավորություններով: Որպեսզի չհեռանամ իմ սկզբունքներից (մաքուր, գրագետ երաժշտությունից), որոշեցի վստահել պրոֆեսիոնալներին: Երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, ովքեր այսօր ոլորտում լավագույններից են եւ դա ապացուցել են իրենց վաստակով: Հաշված օրերից երգը կներկայացվի հանրության դատին: Հուսով եմ՝ այն կսիրվի: