Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-03-2017
«Լուսավոր Սահման»-ը «LED»-երով լուսավորել է ՀՀ-ի եւ Արցախի սահմանամերձ 7 գյուղերի ընտանիքների տները
«Լուսավոր Սահման» կամավորական նախաձեռնությունը մարտի 5-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղ:

Այցի նպատակը գյուղի բնակիչների տներում էներգախնայող-էներգաարդյունավետ լամպերի տեղադրումն էր: Նախաձեռնության անդամներն այցի շրջանակում հանդիպում են ունեցել համայնքի բնակիչների հետ եւ նրանց տներում տեղադրել լուսադիոդային (LED) լամպեր:

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բանախոսներ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Լուսավոր սահման» նախագծի համակարգող Հովհաննես Կարապետյանը, «Շտիգեն» ընկերության տնօրեն, «Լուսավոր սահման» նախագծի համակարգող Հայկ Շեկյանը մանրամասներ ներկայացրեցին նախաձեռնության, արված աշխատանքների եւ հետագա պլանների մասին:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, որ նախաձեռնությունը բավականին դրական միտումներ ունի, քանի որ այդպիսով սահմանամերձ գյուղի բնակիչները կարողանում են թեթեւացնել իրենց հոգսը, մասնավորապես՝ էլէներգիայի վճարի գործում: 

«Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է 21.008.998 ՀՀ դրամ, որով գնվել է 8000 «LED» լամպ, եւ բազմաթիվ ընտանիքներ արդեն ամսական, կարելի է ասել, խնայում են 4000 դրամ: Այդ լամպերը մոտ 10 տարվա օգտագործման համար են, սակայն տրվում է 3 տարվա երաշխիք»,- ասաց փոխնախարարը եւ հավելեց, որ նպատակներն ու ծրագրերն այդ ամենով չեն սահմանափակվում, քանի որ դեռ շատ անելիքներ կան, սակայն չցանկացավ բացել փակագծերը: 

«Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Լուսավոր սահման» նախագծի համակարգող Հովհաննես Կարապետյանը, հավելում կատարելով Հայկ Հարությունյանի  խոսքին, նշեց, որ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ բնակչին տրամադրվող 5 լամպերից մեկի փչանալու դեպքում այն մատակարարների կողմից փոխարինվում է նորով: 

«Շատ կարեւոր է նաեւ կամավորների մասնակցությունն այս հարցում, ովքեր եւս խթան հանդիսացան, որ նոր կամավորներ ներգրավվեն այս նախագծին»,- ասաց Հովհաննես Կարապետյանը: 

«Շտիգեն» ընկերության տնօրեն, «Լուսավոր սահման» նախագծի համակարգող Հայկ Շեկյանն էլ փաստեց, որ նախագիծը շատ կարեւոր է սահմանային հատվածներում բնակվողների համար, քանի որ նրանք աջակցության կարիք շատ են զգում. «Սա կարեւոր է նաեւ հոգեբանական տեսանկյունից, որպեսզի հասկանանք, որ Երեւանից դուրս էլ կյանք կա»: 

Նշենք, որ «Լուսավոր Սահման»-ն արդեն «LED» լամպերով լուսավորել է Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ 7 գյուղերի ընտանիքների տները: