Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 14-03-2017
Սեւակ Խանաղյան. «Հաճախակի եմ գալու Հայաստան»
Ուկրաինական «Х-Фактор» նախագծի հաղթող, ռուսական «Голос» եւ «Главная сцена» նախագծերի մասնակից Սեւակ Խանաղյանի հետ հանդիպեցինք երեւանյան համերգից հետո:

Երեկոյի մասնակիցների մեծ մասն արտիստի հետ լուսանկարվելու ցանկություն ուներ, երգիչն էլ, թեեւ երկու ժամից ավելի բեմում էր ու հոգնել էր, չէր մերժում ու համբերատար մեկ ժամից ավելի լուսանկարվեց եւ շփվեց հարյուրավոր երկրպագուների հետ: 

Հեղինակ-կատարող Սեւակ Խանաղյանը Eritasard.am-ի հետ զրույցում պատմում է համերգների, «Х-Фактор»-ի, այլ նախագծերի ու առաջիկա ծրագրերի մասին:

Երաժշտության նկատմամբ սեր 

Խանաղյանն առավել ճանաչված դարձավ, երբ հանդես եկավ ռուսական «Голос» եւ «Главная сцена» նախագծերում, իսկ նախորդ տարի հաղթեց ուկրաինական «Х-Фактор»-ում: Ճանաչման հասնելու համար երգիչը մեծ ճանապարհ է անցել: Սեւան, ինչպես դիմում են նրան ընկերներն ու հարազատները, ծնվել է Հայաստանում՝ Մեծավան գյուղում: Մանուկ հասակից տղան սեր էր տածում երաժշտության հանդեպ. հայրը հաճախ էր կատարում տարատեսակ ստեղծագործություններ:

Սեւակ Խանաղյան. «Հայրս երգում էր, նվագում: Սերը երաժշտության նկատմամբ իմ մեջ ներարկել է ընտանիքս: Երաժշտական ընտանիք ունեմ: Սկզբում նվագում էի սինթեզատոր, ակորդեոն, դաշնամուր եւ շատ այլ գործիքներ, բայց միշտ ցանկանում էի երգել: Ու ամբողջ կյանքում երգում էի»: 

«Голос»-ը եւ մյուս նախագծերը 

7-րդ դասարանը նոր էր ավարտել, ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան, որտեղ նա սկսեց սովորել Կուրսկի մշակույթի քոլեջում: Քոլեջն ավարտելուց հետո Սեւան մեկնում է Մոսկվա եւ ուսումը շարունակում Մայմոնիդի անվան պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայում: Այնուհետեւ արտիստը տարբեր միջոցառումների ժամանակ սկսում է ելույթներ ունենալ իր կոլեկտիվի հետ: 2015 թ.-ին մասնակցում է «Главная сцена» նախագծին, սակայն հասնում է միայն ¼ եզրափակիչ: Տարին նշանավորվում է նաեւ «Голос» նախագծում մասնակցությամբ. լսումների փուլում Սեւակի ելույթը դուր է գալիս ռեփեր Բաստային եւ երգչուհի Պոլինա Գագարինային: Վերջինիս էլ ընտրած երգիչը որոշ ժամանակ շարունակում է պայքարը մրցույթում: 

Սեւակ Խանաղյան. «Իրականում շատ շնորհակալ եմ բոլոր նախագծերին, որովհետեւ դրանց շնորհիվ մարդիկ ճանաչում են ինձ, իմանում իմ արվեստի մասին, ես ձեռք եմ բերում բազմաթիվ ընկերներ, ովքեր գնահատում եւ լսում են իմ երաժշտությունը»: 



«Х-Фактор»-ը Սեւակի կյանքում 

2016 թվականը բեկումնային էր Սեւակի կյանքում. նա մասնակցեց ուկրաինական «Х-Фактор» նախագծին եւ գերեց ժյուրիի անդամներին: Հատկանշական է, որ նախագծում երգիչը կատարեց նաեւ իր հեղինակային ստեղծագործությունները: 

Սեւակ Խանաղյան. «Մինչ «Х-Фактор»-ը՝ կես տարի առաջ, ես եկա Հայաստան եւ ինձ ոչ ոք չգիտեր: «Х-Фактор»-ից հետո եկա, ինձ շատերը գիտեն: Հետեւում էին, անսահման հաճելի էր: Ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ աջակցում էին, որովհետեւ առանց դրա ոչինչ չէր ստացվի: Շնորհակալ եմ»: 

«Х-Фактор»-ում հնչած պատերազմական թեմայով «Возвращайся» երգի մասին

Եթե խոսում ենք Սեւակի հեղինակային գործերի մասին, ապա պետք է անպայման նշենք «Х-Фактор»-ում հնչած պատերազմական թեմայով «Возвращайся» երգը: Դժվար է զսպել արցունքներն այդ երգը լսելիս: Ի դեպ, երգիչը ստեղծագործությունը կատարեց նաեւ երեւանյան համերգի ընթացքում:

Սեւակ Խանաղյան. «Շատ հուզական, բարդ ստեղծագործություն է, ես այն հանգիստ երգել չեմ կարողանում: Դրանից հետո կարծես թե պետք է ուշքի գալ»: 

Վերադարձ հայրենիք ու երեւանյան համերգներ 

Հայաստանում Սեւակ Խանաղյանը սպասված ու սիրված արտիստ է: «Х-Фактор»-ին մասնակցելու ժամանակ երգչին երկրպագում էր ողջ Հայաստանը՝ անհամբերությամբ սպասելով նրա հաղթանակին: Այս տարի երգիչն արդեն երեք համերգով հանդես է եկել հայրենիքում:

Սեւակ Խանաղյան. «Երրորդ համերգն էր Երեւանում: Շատ դրական տպավորություններ ունեմ: Ինձ համար անսահման հաճելի է, որ մարդկանց դուր է գալիս այն, ինչ մենք անում ենք, մեր արվեստը: Եթե հակառակը լիներ, նրանք չէին մասնակցի մեր համերգներին: Ես եկա այն եզրահանգման, որ նրանց դուր է գալիս, եւ դա յուրաքանչյուր արտիստի համար ամենաբարձր գովասանքն է: Շատ հաճելի է: Կարծում եմ, որ այստեղ էլի համերգներ կլինեն, բայց չեմ կարծում, որ դրանք մոտակա ժամանակ տեղի կունենան: Մտածում եմ, որ մենք եւ հանդիսատեսը մի քիչ կհանգստանանք: 

Ես միշտ մեծ հաճույքով եմ գալիս Հայաստան, որովհետեւ ես այստեղ եմ ծնվել, մեծացել, իմ հարազատ տունն է: Կարծում եմ, որ հաճախակի եմ գալու Հայաստան»: 



Համագործակցություն այլ արտիստների հետ 

Հանդես գալով տարբեր նախագծերում՝ Սեւակ Խանաղյանը տարբեր ձեւաչափերում համագործակցել է բազմաթիվ արտիստների հետ: Թեեւ արտիստն անուններ չի նշում, այնուամենայնիվ վստահեցնում է՝ շատերի հետ հետաքրքիր կլիներ համագործակցել: 

Սեւակ Խանաղյան. «Շատ արտիստներ կան, որոնց հետ կցանկանայի համագործակցել: Մեծ հաճույքով պատրաստ եմ համագործակցել ցանկացածի հետ, ով ինձ հոգով մոտ է, իսկ նման արտիստները շատ են»: 

«Х-Фактор»-ի հաղթանակով ամեն ինչ չի վերջացել

«Х-Фактор»-ում հաղթանակը կարեւոր մեկնարկ էր հայ արտիստի համար: Հիմա արտիստն առավել պահանջված է: Այդ հաղթանակով նրա կյանքում սկսվում է նոր ու հետաքրքիր փուլ: 

Սեւակ Խանաղյան. «Շատ ծրագրեր ունեմ: «Х-Фактор»-ի հաղթանակով ամեն ինչ չի վերջացել: Ամեն ինչ սկսվում է: Մենք թիմով ամեն օր աշխատում ենք, զարգանում: Պետք է փորձենք անընդհատ զարգանալ եւ դառնալ ավելի ու ավելի լավը: Անընդհատ նոր երգեր ենք պատրաստում, նկարահանում ենք տեսահոլովակներ: Շուտով կուրախացնենք նոր երգերով ու տեսահոլովակներով: Վերջին շրջանում նոր 2-3 երգ է լույս տեսել, հայերեն տեսահոլովակ՝ Արցախի մասին: Շուտով «Не молчи» երգի հիման վրա տեսահոլովակ կներկայացնենք: Ծրագրերը շատ են»: