Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 16-03-2017
ՀԵՀ-ը երեխաներ ունեցող ուսանողներին հանձնեց ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մարտի 16-ին տեղի ունեցավ 2 եւ ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը։ 2016-2017 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում ՀԵՀ-ը փոխհատուցեց 25 ուսանողի ուսման վարձ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում այն ուսանողները, ովքեր ունեն 2 եւ ավելի երեխա, այլեւս ուսման համար գումար չեն վճարում:

«Գումարն ամբողջությամբ վճարվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցներից: Սա ծրագրի 6-րդ փուլն է։ Վեց անգամ մենք նման կրթաթոշակներ ենք առանձնացրել: Սա բացառապես ՀԵՀ-ի որոշումն է. մենք կարողացել ենք գումարներ խնայել այս ծրագրի համար, որովհետեւ մտածում ենք, որ մարդասիրական քայլ է կատարվում: Այս ծրագրի շրջանակներում կարողանում ենք ինչ-որ չափով լուծել այդ ընտանիքների հոգսը»,- նշեց նա՝ հավելելով, որ 6 փուլերի ընթացքում ընդհանուր առմամբ տրվել է 131 փոխհատուցում:

Կարեն Ավագյանը շեշտեց, որ ծրագրի մեկնարկի առաջին տարում ուսման վարձի փոխհատուցում ստացել է երեխաներ ունեցող 7 ուսանող։ Այդպիսով, տարեցտարի երեխաներ ունեցող ուսանողների թիվը աճում է։ 

Ընդգծենք, որ կրթաթոշակի շահառուները Երեւանում եւ մարզերում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններից են՝ Երեւանի պետական համալսարան, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ագրարային համալսարան, Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղ, Գեղարվեստի պետական ակադեմիա, Կոնսերվատորիա, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Գորիսի պետական համալսարան, Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան, Վանաձորի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան եւ այլն։ 

Անդրադառնալով ՀԵՀ-ի կողմից տրվող այլ կրթաթոշակներին՝ Ավագյանը շեշտեց, որ վերջերս բարձր առաջադիմություն ունեցող 745 առաջին կուրսեցիների տրամադրվեց կրթաթոշակ: Բացի դրանից՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների եւ սահմանամերձ համայնքներում ապրողների համար նույնպես կրթաթոշակային ծրագրեր կան: 

Տարեցտարի ծրագրերն ընդլայնվում են, հիմնադրամ դիմողների թիվն էլ ավելանում, ինչը, ըստ ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգողի, փաստում է, որ  հիմնադրամի նկատմամբ վստահություն կա: