Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-03-2017
Լեսթերն ու Մոնակոն անակնկալ են մատուցում մրցակցիներին
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 փլեյ-օֆֆ փուլն արդեն անցյալում է. հիմնական հավակնորդներից զատ 1/4 եզրափակիչում են նաեւ երկու հետնապահներ:

Թուրինի Յուվենտուսը պատասխան խաղում եւս առավելության հասավ մրցակցի՝ պորտուգալական Պորտուի նկատմամբ: Առաջին խաղում ձեռք բերած առավելությունը թույլ տվեց Ծեր Սինյորային իրեն բնորոշ վերահսկող խաղ ցուցադրել տանը՝ «Յուվենտուս Սթեդիում» մարզադաշտում: Հանդիմպան հենց սկզբից շերտավորները տիրեցին նախաձեռնությանը եւ խաղը կառուցեցին գնդակը վերահսկելու շուրջ: Առաջին վտանգավոր պահն էլ ստեղծեցին 3-րդ րոպեին. Պաուլո Դիբալայի հարվածը բարձր էր:

Պորտուն մրցակցին հակադրելու գրեթե ոչինչ չուներ, բացի արագ հակագրոհներից, սակայն դրանց հերթը չհասավ: 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Յուվենտուսը կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն Գոնզալո Իգուայինի հարվածը ձեռքով փակեց Մաքսի Պերեյրան: Մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց ուրուգվայցի պաշտպանին, եւ 11մ հարված իրացնելու շանս տվեց դաշտի տերերին: Գնդակին մոտեցավ Դիբալան, եւ բացվեց խաղի հաշիվը:

Երկրորդ կեսում Ծեր Սինյորայի խաղային առավելությունը մեծացավ 10 հոգով մնացած մրցակցի նկատմամբ, սակայն երկրորդ գնդակը խփել չստացվեց: Պորտուն կարող էր գոնե պատասխան գնդակ խփել, սակայն արագ հակագրոհներից մեկի ժամանակ նպաստավոր դիրքից վրիպեց Սոարեշը: 1-0, եւ ընդահուր դիմակայությունում՝ 3-0: Յուվենտուսը քառորդ եզրափակիչում է:

Մարզչական փոփոխությունն էլ դրական ազդեցություն ունեցավ Լեսթեր Սիթի համար: Անգլիայի գործող չեմպիոնը հաղթանակներ է տոնում ոչ միայն Պրեմիեր լիգայում: Գլխավոր մարզիչ Շեքսպիրը, Քրեյգ Շեքսպիրը կարծես թե գտել է Անգլիայի չեմպիոնի ֆուտբոլիստներին նոր լիցք հաղորդելու ձեւը:

Երեք շաբաթ առաջ Լեքսթերը պարտվեց Սեւիլյային, սակայն «Քինգ Փոուեր Սթեդիում» մարզադաշտը նոր ուժեր տվեց. «աղվեսները» հնարավորություն ստացան հարթելու ամեն ինչ: Արդեն 3-րդ րոպեին, սակայն, կարող էր հեքիաթը չսկսված ավարտվել. անդալուզացիների հարձակման կրակագծում հայտնված Սամիր Նասրիի հարվածից հետո հիանալի գործեց Կասպեր Շմայխելը: Հետագայում Լեսթերը սկսեց իր հեքիաթի հյուսումը:

27-րդ րոպեին Ռիյազ Մարեզի տուգանայինից կատաված փոխանցումը հասավ թիմի ավագ Ուես Մորգանի ծնկին: Նախորդ մրցաշրջանի ավանդույթները կարծես թե վերականգնվեցին. Լեսթերն առաջ անցավ հաշվի մեջ: Սեւիլյան չէր կարող համակերպվել նշյալ հաշվին, եւ արագ առաջ սլացավ: Անդալուզացիները փորձեցին մրցակցի դարպասը գրավել ոչ միայն դիրքային գրոհների շնորհիվ: Երկրորդ կեսում Էսկուդերոն անգամ դաշտի կենտրոնից փորձեց աչքի ընկնել, սակայն գնդակը ցնցեց դարպասաձողը:

54-րդ րոպեին Լեսթերը երկրորդ գոլը խփեց: Դիրքային գրոհը եզրափակեց Մարկ Օլբրայթոնը՝ 2-0: 74-րդ րոպեին էլ Ջեյմի Վարդին կարողացավ հուներից հանել Նասրիին. մրցավարը զգուշացրեց երկուսին էլ, սակայն Սեւիլյայի խաղացողը ստիպված էր երկրորդ դեղին քարտի պատճառով հեռանալ դաշտից: Անգամ թվային առավելությունը կարող էր չար կատակ խաղալ «աղվեսների» գլխին, եթե 80-րդ րոպեին Նզոնզին դիպուկ իրացներ 11 մետրանոցը: Ավելի վաղ խաղի կանոնները խախտած Կասպեր Շմայխելը հետ մղեց մրցակցի հարվածը՝ արժանանալով մարզադաշտում գտնվող հոր՝ Պիտերի ծափահարություններին: Սեւիլյան ավելին անել չկարողացավ. Լեսթերը կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում՝ հյուսելով իր նոր հեքիաթը:

Մանչեսթերում 3 շաբաթ առաջ գոլային հրավառություն կազմակերպած Մոնակո – Սիթի զույգի պատասխան խաղը սկսվեց սպիտակ-կարմիրների գրոհներով: Արդեն 8-րդ րոպեին 18-ամյա Կիլիան Մբապեն բացեց հաշիվը: 8 րոպե անց Մբապեն երկրորդ գնդակը խփեց, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց: Մոնակոն շարունակեց գրոհել:

28-րդ րոպեին հարձակմանը միացած Ֆաբինյոն իր թիմի երկրորդ գնդակն ուղարկեց Մանչեսթեր Սիթիի դարպասը՝ դիմակայության նժարը թեքելով Մոնակոյի կողմը: Երկրորդ կեսում Սիթին սկսեց ակտիվ խաղալ: Այժմ էլ Մոնակոն էր պասիվ:

71-րդ րոպեին Ռահիմ Սթեռլինգ – Լյորիկ Սանե համագործակցությամբ Սիթին խփեց այս խաղում իր միակ գնդակը: Գերմանացուն մնում էր գրավել դատարկ մրցակցի դարպասը: 77-րդ րոպեին Լեմարի փոխանցումից հետո Բակայոկոն գլխի հարվածով կրկին դիմակայության առաջատար դարձրեց Մոնակոյին: 3-1, եւ հանդուգն երիտասարդների թիմը՝ Մոնակոն, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում է: 

Մրցակցի հարկի տակ շոշափելի առավելություն (հաղթել էր 4-2 հաշվով) ձեռք բերած Մադրիդի Աթլետիկոն տանը՝ «Վիսենտե Կալդերոնում» խաղային նախաձեռնությունը զիջել էր Լեւերկուզենի Բայերին: Գերմանական ակումբի ֆուտբոլիստները 90 րոպեների ընթացքում փորձեցին բեկում մտցնել դիմակայությունում, սակայն գերազանց էր գործում Յան Օբլակը: Սլովենացի դարպասապահը մի դեպքում 10 վրկ-ում երեք անգամ փրկեց «ատլետիներին»: Այսպիսի խաղից հետո դժվար էր ակնկալել, որ Բայերը գնդակ կխփի, իսկ Ատլետիկոյին գոլազուրկ ոչ-ոքին լիովին ձեռնտու էր: Արդյունքում՝ 0-0: «Ատլետիները» առաջ են շարժվում:

Այսպիսով՝ Մադրիդի Ռեալը եւ Աթլետիկոն, Բարսելոնան, Բավարիան ու Դորտմունդի Բորուսիան, Յուվենտուսը, Լեսթերը եւ Մոնակոն 1/4 եզրափակիչում են: Վիճակահանությունը կայանալու է մարտի 17-ին ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում: