Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի տարածքային ծրագրի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի տարածքային ծրագրի գրասենյակից
Տեղադրվել է 19-03-2017
Բերդի ԻՄՓԱՔԹ ակումբի նվերը համայնքի փոքրիկներին
Տավուշի մարզի Բերդ համայնքի ԻՄՓԱՔԹ-1 երիտասարդական ակումբի անդամները յուրաքանչյուր մոդուլի ավարտից հետո իրենց հմտությունները եւ տեսական գիտելիքները գործնականում կիրառում են՝ մշակելով եւ իրականացնելով համայնքային ծրագրեր:

«Աշխատունակություն» մոդուլը ավարտելուց հետո ակումբը ձեռնամուխ եղավ երկրորդ՝ «Լայք պուրակ» անվամբ համայնքային ծրագրի իրագործմանը, որի նպատակն էր քաղաքի մի փոքր անկյունում ստեղծել երեխաների ու մեծահասակների հանգստի վայր: Մինչ ծրագրի իրագործումը երեխաները եւ ակումբի առաջնորդ Լիանա Քոսակյանը հանդիպել են Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի եւ թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզան Թումանյանի հետ ու ներկայացրել նախագիծը: Համայնքի ղեկավարը  եւ դպրոցի տնօրենը  ողջունել են երեխաների առաջարկությունը եւ քննարկել համագործակցության հետ կապված հարցեր: Համայնքապետարանը աջակցություն է ցուցաբերել տեղի ընտրման ու որոշ նյութական միջոցների ձեռքբերման առումով: 

Եվ ահա ակումբը կյանքի կոչեց նախագիծը, որի շրջանակում նրանք հավաքեցին անպետք անվադողեր ու իրենց հնարամտությամբ եւ ձեռքի աշխատանքով պատրաստեցին ու տեղադրեցին ու պատկերազարդեցին  մուլտֆիլմերի հերոսների եւ կենդանիների դեկորացիաներ, ծաղկամաններ, ճոճանակներ, տեղադրեցին նաեւ նստարաններ եւ տարբեր մասնաբաժիններով պահարան: Պահարանում հավաքվող գրենական իրերը, գրքերը կբաշխվեն համայնքի այն երեխաներին, ովքեր ունեն դրանց կարիքը: 

Ծրագրի իրականացման ընթացքում բնակիչները մոտենում էին երեխաներին ու օգնում: Դա մի յուրօրինակ նվեր էր քաղաքին եւ նաեւ վկայեց այն մասին, որ երեխաները գիտակցում են իրենց համայնքում փոփոխություն բերելու եւ տարբեր կառույցների հետ համագործակցության հասնելու կարեւորությունը: Ծրագրի նպատակներից էր բնակիչներին հասցնել այն ուղերձը, որ թափոնների երկրորդային կիրառումը կարող է գեղեցիկ միջավայր ստեղծելու համար օգտակար լինել: 

Ակումբի անդամներից Գոռը նշում  է. ««Լայք պուրակ» համայնքային ուսումնական ծրագիրը մի լուսավոր կետ ավելացրեց մեր քաղաքում, լուսավոր ու աշխատանքային օր նվիրեց մեզ: Անչափ սիրում եմ, երբ բոլորս հավաքվում ենք նույն գաղափարի, նույն գործի շուրջ եւ որեւէ դրական փոփոխություն բերում համայնքում: Իհարկե, շատ էին դժվարությունները՝ կապված այգու բաղադրիչ մասերի պատրաստման հետ, սակայն մեր միասնականությունն ավարտին հասցրեց մեր գաղափարը»: