Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու եւ համացանցից
Տեղադրվել է 22-03-2017
Թամարա Պետրոսյան. «Հավատում եմ, որ լավ է լինելու»
Թամարա Պետրոսյանը հանրությանը հայտնի դարձավ դեռ «Արցախի ձայներ» նախագծից, այնուհետեւ Թամարան հայտնվեց թատրոնում, նկարահանվեց գեղարվեստական մի շարք ֆիլմերում:

Ծննդով արցախցի դերասանուհուն ամենից շատ ճանաչում են բերել «Քայլ ձիով» եւ «Ուրիշի փոխարեն» ֆիլմերը, իսկ ահա այսօր Թամարան Eritasard.am-ի զրուցակիցն է:

- Ինչպե՞ս Թամարան հայտնվեց բեմում, ֆիլմում եւ կարմիր գորգի վրա:

- Իրականում մենք` աղջիկներս, գրեթե միշտ երազում ենք դառնալ դերասանուհի, երգչուհի, ինչու ոչ` քայլել կարմիր գորգի վրայով: Ես նույնպես ունեի նման երազանքներ: Ես մանկուց երգել եմ, հաճախել թատերական խմբակ: Մանկուց նմանակում էի բոլորին… Կարծես թե մանկուց կանխորոշված էր իմ մասնագիտությունը:

- Ունեք երկու ավագ եղբայր, սովորաբար հայկական ընտանիքներում հաճախ եղբայրներն ու ծնողները դեմ են լինում, որ աղջիկներն ընտրեն դերասանի մասնագիտությունը…

- Հարցն ավելի լուրջ քննարկեցինք, երբ եկավ հիմնական մասնագիտություն ընտրելու ժամանակը: Տանն ինձ ասացին, որ դեմ չեն իմ բեմական կյանքին, սակայն մայրս ցանկացավ, որ դառնամ լեզվաբան՝ ավելի մեծ հեռանկարներ ունենալու համար: Նա մասնագիտությամբ անգլերենի դասախոս է, ուստի անգլերեն արդեն լավ գիտեի, իսկ ահա որպես մասնագիտական լեզու ընտրեցի ֆրանսերենը: Իմ  հիմնական մասնագիտությունն ինձ շատ է օգնում թե՛ երգարվեստում, թե՛ դերասանական կյանքում: Ինձ երբեք արգելված չի եղել բեմում լինելը: Ասեմ ավելին` շնորհակալ եմ մայրիկիս իր աջակցության եւ խորհուրդների համար:

- Երբ ծանոթանում եք նախնական կերպարին, ի՞նչն եք կարեւորում:

- Երբ ծանոթանում եմ կերպարին, առաջնայինը հասկանում եմ նրա բնավորությունը, հասկանում եմ` ինչ նմանություններ ունեն կերպարն ու Թամարան: Գիտեք, նույնն ինձ հետ կատարվում է անգամ գիրք ընթերցելիս: Մտնում եմ յուրաքանչյուր կերպարի դրության մեջ, ինքս ինձ դերաբաշխում եմ անում, սակայն առաջնային կերպարի էությունն  անցկացնում եմ իմ միջով եւ ի մի բերում մեր նմանություններն ու տարբերությունները: Մեծ ուշադրություն եմ դարձնում այն բանին, թե ինչպիսին է հեղինակի վերաբերմունքը տվյալ կերպարին:

- Հաճա՞խ եք ընթերցում, եւ ո՞ր գիրքն է, որ խորհուրդ եք տալիս դիմացինին:

- «Դոկտոր Ժիվագո» ու «Վարպետը եւ Մարգարիտան»: Այդ գրքերի հերոսներից յուրաքանչյուրին վերլուծել եմ: Դրանք այն գրքերն են, որոնք ընթերցելուց հետո՝ երկար ժամանակ, ոչինչ չէի կարդում, ես իրենց հետ էի մնացել, մեկ այլ տիպի բավականություն եմ ստացել այդ գրքերն ընթերցելուց:



- Կա՞ կերպար, որը չէիք ցանկանա մարմնավորել:

- Իրականում ես ինձ ամեն տեղ տեսնում եմ, ինձ յուրաքանչյուր  կերպար հետաքրքիր է: Գիտեք, որ եթե անգամ կերպարը լինի բարդ, միեւնույնն է, այդ բարդությունը գայթակղում է ինձ:

- Թամարա՛, երգարվեստում հասել եք հաջողության, ֆիլմերում՝ նույնպես, էլ չեմ խոսում թատրոնի մասին: Ու՞մ եք շնորհակալ Ձեր հաջողությունների համար:

 - Իրոք, շնորհակալությունը կյանքում շատ կարեւոր է: Ես շնորհակալ եմ, որ ունեմ հիանալի զգացողություններ, շնորհակալ եմ մայրիկիս, ով մեծ ներդրում է ունեցել իմ կյանքում թե՛ իր մարդ տեսակով, թե՛ հիանալի ծնող լինելով, իմ ճակատագրի մեջ նա մեծ դեր է խաղացել: Շնորհակալ եմ Աստծուն եւ առհասարակ կարծում եմ՝ մարդ պետք է ամեն բանի վերաբերվի հավատով, դա մեծ դեր է կատարում… Շնորհակալ եմ բնությանը…

- Մանկությունն անցել է Արցախում, հիմա էլ Ձեր ընտանիքն այնտեղ է բնակվում, հետաքրքիր է, Արցախում ո՞րն է Ձեր սիրելի վայրը:

- Ճիշտ է, Երեւանում էլ ունեմ սիրելի վայրեր, հասցրել եմ բացահայտել այդ վայրերը, սիրել, բայց, ինչ խոսք, Արցախի մեր տան բակն այլ է, մեր բակի տաղավարը, որտեղ մշտապես հավաքվում էինք: Այդ վայրի հետ կապված բազում հիշողություններ ունեմ, բայց պետք է ընդգծել, որ առհասարակ ես ինձ ամեն տեղ լավ եմ զգում:

- Վստահ եմ, որ Արցախի բարբառը դեռ օգտագործում եք. ո՞րն է այն արտահայտությունը, որ հաճախ եք կիրառում:

- Ես առայսօր շատ եմ օգտագործում, տանը խոսում եմ Արցախի բարբառով. «Լավա ինան», այսինքն` լավ կլինի, եւ առհասարակ հավատում եմ, որ լավ է լինելու:

- Ո՞ր ներկայացումը կամ ֆիլմը Ձեզ մեծ ճանաչում բերեց:

- Միանշանակ «Քայլ ձիով» ֆիլմն էր, որը մեծ ճանաչում բերեց, եւ հենց այդ ֆիլմից հետո ստացա նորանոր առաջարկներ:

- Այս տարի ի՞նչ պլաններ ունեք:

- Այս տարի հանդիսատեսն ինձ կտեսնի Սիթ քոմում, իսկ իրականում ես ոչինչ չեմ պլանավորում: Ասեմ ավելին` վախենում եմ գործեր պլանավորելուց: Պարզապես փոքրիկ խնդիրներ եմ դնում իմ առաջ եւ փորձում եմ հաղթահարել դրանք:

- Տիրապետում եք անգլերենին, ռուսերենին եւ ֆրանսերենին, վստահ եմ՝ ծանոթ եք նաեւ այդ երկրների մշակույթին: Ո՞ր երկրի թատրոնի բեմում կցանկանայիք լինել:

- Իրականում ես շատ երկրներում եմ եղել՝ բացառությամբ Անգլիայի, որտեղից հիանալի երգիչներ եւ դերասաններ են դուրս եկել, ուստի կցանկանայի լինել Անգլիայում եւ, ինչու ոչ,  հայտնվել տեղի մասնագիտական աշխատանքային հարթակում:

- Կա՞ն այլ ոլորտներ, որտեղ ստեղծագործում եք:

- Բարեկամներս ասում են, որ համեղ եմ պատրաստում, անգամ երբ Արցախում եմ լինում, պատվերներ եմ ընդունում /ժպտում է/: Երեւի կարելի է ասել, որ ստեղծագործում եմ նաեւ խոհանոցում:

Հ.Գ.: Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած եւ հիմնադրած «Բոհեմ» թատրոնը մարտի 25-ին հանրության դատին կհանձնի «Տիկնիկների խանութ» նոր մանկական երաժշտական կատակերգությունը, որտեղ կարող եք վայելել նաեւ Թամարա Պետրոսյանի խաղը: