Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 24-03-2017
Ադամ Բարրոն Ֆրանսիայում կայանալիք հայկական մրցանակաբաշխությանը կկատարի Կոմիտաս եւ Կաչչինի
Փարիզի սրտում՝ ֆրանսիական հեղինակավոր «Զենիթ» համերգասրահում, մարտի 26-ին տեղի կունենա «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության մասնակից, ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրադարձության նախաձեռնողներն են «Anna Karolina Production»-ը, «Chahbazian Groupe»-ը, իսկ գեղարվեստական ղեկավարն ու նախագծի տնօրենը Արմեն Անդրյանն է: Հենց նրանց շնորհիվ է իրականություն դառնալու այդ կարեւոր նախաձեռնությունը: Մրցանակաբաշխության ընթացքում Ադամ Բարրոն կատարելու է Կոմիտասի «Կռունկը» եւ Կաչչինիի «Ավե Մարիան»: 

Օպերային երգիչը Ֆրանսիայի սրտում կայանալիք միջոցառումը պատմական եւ կարեւոր է համարում: «Մրցանակաբաշխությանը կմասնակցեն նաեւ Հայաստանից ժամանած երաժիշտներ: Համերգը կհամախմբի Ֆրանսիայում եւ հարեւան երկրներում ապրող բազմաթիվ հայերի, ինչպես նաեւ հայրենիքից ժամանած արտիստների»,- հավելեց նա: 

Տեղեկացնենք, որ Ադամ Բարրոն 2013 թ. ապրիլի 13-ին Երեւանում հայ երաժշտասերների դատին է հանձնել Ադոլֆ Հասսեի բարոկկո ժանրի «Լարինդա եւ Վանեսիո» կատակերգական օպերան, որն ընդունվել է մեծ ոգեւորությամբ: Հավելենք նաեւ, որ վերջերս Ադամ Բարրոյի միջազգային մրցանակների շարքին ավելացել են եւս երկուսը՝ Իտալիայի եւ Իսպանիայի հեղինակավոր մրցույթներից: