Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 26-03-2017
Ռուսական երաժշտական նախագծերի հայ մասնակիցները. «Голос.Дети» եւ «Ты супер»
Երաժշտական նախագծերը վերջին տարիներին մեծ ժողովրդականություն են վայելում հեռուստադիտողների շրջանում:

Նմանօրինակ նախագծեր անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում: Բացի հանրության ժամանցն ապահովելուց՝ նման նախագծերն իրենց առջեւ դնում են կարեւոր նպատակ` հայտնաբերել տաղանդավոր մարդկանց եւ նրանց ներկայացնել հանրությանը: Իսկ թե ինչպիսին կլինի այդ տաղանդավոր անձի ստեղծագործական ապագան, ցույց է տալիս ժամանակը: 

Աշխարհում ամենասիրված եւ ճանաչված նախագծերից է «The Voice» («Ձայնը») նախագիծը: Առաջին անգամ նմանատիպ ֆորմատի նախագիծ իրականացվել է 2010 թ. Հոլանդիայում, հետագայում այն տարածվել է տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում: 

Վերջերս ականատես եղանք այն փաստին, որ ռուսական երկու` «Голос.Дети» եւ «Ты супер» մեծ ժողովրդականություն վայելող նախագծերին մասնակցում են մեծ թվով հայազգի պատանիներ: Մասնակցությունը մեծ լսարան ունեցող ռուսական Առաջին ալիքով եւ НТВ-ով հեռարձակվող այդ շոուներում կարող է մեծ հեռանկարներ բացել հայազգի պատանիների համար: 

Ռուսական «Մանկական ձայնը» («Голос.Дети») նախագծի չորրորդ եթերաշրջանի կույր լսումների փուլում հանդես եկան մեծ թվով հայ մասնակիցներ, որոնց մեծ մասը, հաղթահարելով առաջին փուլը, արժանացավ այս տարվա ժյուրիի անդամներ, երգիչներ Դիմա Բիլանի, Նյուշայի եւ Վալերի Մելաձեի հավանությանը: Մյուս շաբաթվանից նրանք կպայքարեն մրցութային հաջորդ փուլը հաղթահարելու եւ հաղթական դափնին, ի վերջո, նվաճելու համար: 

10-ամյա Լեւոն Գալստյանը կույր լսումների ընթացքում կատարեց «Spider-Man» երգը` համանուն կինոնկարից: Նյուշան եւ Վալերի Մելաձեն անմիջապես պտտվեցին, բայց տղան որպես իր քոուչ ընտրեց Վալերի Մելաձեին: 



10-ամյա Կարինա Իգնատյանը կույր լսումների փուլում կատարեց Բիլ Ուիզերսի եւ Գրովեր Վաշինգթոնի «Just the Two of Us» երգը: Նրա ելույթի ընթացքում պտտվեց միայն Դիմա Բիլանը, եւ աղջիկը համալրեց երգչի թիմը:



Կարինե Մեհրաբյանը կատարեց Վալենտինա Տոլկունովայի «Я деревенская» երգը: Նրա կատարումն անտարբեր չթողեց ժյուրիի անդամ Նյուշային, ով պտտվեց 7-ամյա աղջկա ելույթի ընթացքում: 



Արտյոմ Սեյրանյանը կատարեց AC/DC խմբի ինքնատիպ եւ դասական դարձած «Highway to Hell» ստեղծագործությունը: Պատանի երգիչը փոխել էր տեքստը` «Highway to Hell»-ը փոխարինելով «Highway to Life»-ով: Դիմա Բիլանն ու Նյուշան ցանկացան տեսնել Արտյոմին իրենց թիմում, սակայն 13-ամյա երգիչը որպես իր քոուչ ընտրեց Բիլանին: 



Հայ մասնակիցներից միայն մեկի «բախտը չբերեց»: 13-ամյա Էրիկ Հարությունյանը կույր լսումների փուլում հանդես եկավ Ֆրենկ Սինատրայի «New York, New York» լեգենդար երգով: Ցավոք, ժյուրիի անդամներից ոչ ոք չշրջվեց նրա ելույթի ժամանակ: 



Արդյունքում թե՛ Դիմա Բիլանի, թե՛ Նյուշայի եւ թե՛ Վալերի Մելաձեի թիմերում ընդգրկվեցին հայ մասնակիցներ, որոնք շարունակելու են իրենց պայքարը հետագա փուլերում: 


Անդրադառնալով «Ты супер» նախագծին՝ պետք է առաջին հերթին նշենք, որ այն ունի սոցիալական ուղղվածություն: Այս նախագծում հանդես են գալիս նախկին Խորհրդային Միության երկրների մանկատների սաները: Նախագծի նպատակն է դժվարին կացության մեջ հայտնված պատանիներին իրենց կյանքը փոխելու հնարավորություն ընձեռել: Հեղինակները հույս ունեն, որ մասնակիցներից շատերը նախագծի շնորհիվ ընտանիք ձեռք կբերեն:

Մրցույթի ժյուրիի անդամներից են երգիչներ Յոլկան, Ստաս Պյեխան, Մարգարիտա Սուխանկինան եւ երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը:  

Նախագծի ընթացքում Հայաստանը ներկայացնում են երկու 15-ամյա գեղեցկուհիներ` Անգելինա Պապիկյանը եւ Սաբինա Մանվելյանը, ովքեր անցել են մրցութային հաջորդ փուլ: 

Անգելինա Պապիկյանը Գյումրիից է, նախագծի ընթացքում կատարել է «Դլե Յաման» ստեղծագործությունը եւ արժանացել ժյուրիի անդամների հավանությանը` անցնելով մրցութային հաջորդ փուլ: Հատկանշական է, որ երգչուհուն աջակցելու էր եկել հումորիստ եւ հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը, ով հանդես եկավ թարգմանչի դերում եւ Անգելինային օգնեց ժյուրիի անդամների ու հաղորդավարների խոսքը հասկանալու գործում: 



Սաբինա Մանվելյանը Վանաձորից է, նախագծի ընթացքում հանդես է եկել Պոտապի եւ Նաստյայի «Бумдиггибай» երգով` արժանանալով ժյուրիի անդամների հավանությանը եւ նույնպես անցնելով հաջորդ փուլ: 



Հայաստանում հույս ունեն, որ հենց հայ մասնակիցները կհաղթեն «Голос.Дети» եւ «Ты супер» նախագծերում: Իսկ թե ով կտանի հաղթական դափնին, պարզ կլինի շաբաթներ անց: