Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 27-03-2017
Լեոնիդ Ագուտինը եւ «Էսպերանտո» խումբը ելույթ ունեցան Երեւանում
Սիրված ռուս երգիչ եւ կոմպոզիտոր, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը եւ «Էսպերանտո» երաժշտական խումբը մարտի 26-ին համերգով հանդես եկան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառումը կազմակերպել էին «Mezzo Production»-ը եւ «Prime Concert»-ը:

«Երջանկություն է, որ մենք վերջապես հասանք ձեզ մոտ, որքա՜ն տարիներ են անցել, բայց չենք եղել այստեղ համերգով: Ես այսօր այստեղ եմ առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ դուք ժամանակ, հնարավորություն եւ այստեղ գտնվելու ցանկություն եք գտել: Շնորհակալ եմ ձեզ»,- համերգի մեկնարկին ասաց Լեոնիդ Ագուտինը: 

Համերգային երեկոյի ընթացքում երգիչն ու «Էսպերանտո»-ն կատարեցին սիրված ու նոր ստեղծագործություններ («Не уходи далеко», «Половина сердца», «Летний дождь», «Отец рядом с тобой», «Мир зелёного цвета», «Как не думать о тебе» եւ այլն), որոնք մեծ ջերմությամբ եւ բուռն ծափահարություններով ընդունվեցին ունկնդրի կողմից: 

Երգիչը շեշտեց, որ խմբի հետ վաղուց եւ մեծ հաճույքով է աշխատում: Ի դեպ, «Էսպերանտո»-ի կազմում հանդես է գալիս Голос-5 նախագծում հանդես եկած Ելենա Ալեքսեեւան, ով նույնպես եկել էր Հայաստան: 

«Ай-яй-яй» երգի ընթացքում սիրված երգիչն առաջարկեց հանդիսատեսին վեր կենալ ու պարել իր հետ. հանդիսատեսը հոտնկայս դիմավորեց նաեւ «Граница» երգը, եւ համերգը վերածվեց պարային տոնակատարության: Անդրադառնալով համերգի ընթացքում անվերջ հնչող ծափերին` երգիչը խոստովանեց, որ ծափերն արտիստի համար ամենակարեւորն են, չնայած դրա մասին քչերն են ասում:

Համերգի վերջում որպես «բիս» Ագուտինը կատարեց «На сиреневой луне» գործը: «Շնորհակալ եմ, որ այստեղ էիք: Եղե՛ք երջանիկ, առողջ, ցանկալի է նաեւ` հարուստ: Խաղաղություն եւ սեր բոլորիդ: Շնորհակալ եմ, Երեւա՛ն»,- նշեց Լեոնիդ Ագուտինը: 

Ռուս երգիչն այսօր Ռուսաստանի ամենապահանջված արտիստներից է, նրա երգերը հիթեր են, իսկ երգիչը համերգային գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս: 

Ագուտինի երկրպագուները հնարավորություն ունեն նրան տեսնելու նաեւ ռուսական Առաջին ալիքի եթերում հեռարձակվող «Ռուսաստանի ձայնը» նախագծում, որտեղ նա հանդես է գալիս քոուչի կարգավիճակում:  Ի դեպ, նախագծի վերջին եթերաշրջանում հաղթել է հենց Ագուտինի թիմի անդամը` երիտասարդ երգչուհի Դարյա Անտոնյուկը: 

Հավելենք նաեւ, որ վերջերս Լեոնիդ Ագուտինը զուգերգ է կատարել «Մանկական նոր ալիք» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ, արցախցի Միշա Գրիգորյանի հետ: Ելույթը տեղի է ունեցել «Օլիմպիյսկի» համերգասրահում՝ տոնական համերգի շրջանակում:

Պատկերասրահ՝ Լեոնիդ Ագուտինի մենահամերգը Երևանում