Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-03-2017
Այսօր Թատրոնի միջազգային օրն է
Շատերն են լինում թատրոնում, դիտում տարբեր ներկայացումներ՝ կատակերգություններ, ողբերգություններ, երաժշտական եւ տիկնիկային բեմականացումներ: Սակայն շատ քչերը գիտեն թատրոնի զարգացման, ինչպես նաեւ այդ գեղեցիկ արվեստին նվիրված օրվա մասին:

Մարտի 27-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է Թատրոնի միջազգային օր: Առաջին տարին`1961 թվականին, այդ տոնը նշվել է միայն Ֆրանսիայում, հետո տարածվել է աշխարհի բոլոր երկրներում: Օրը սկսել են տոնել միայն 20-րդ դարի կեսերին, սակայն դա չի նշանակում, որ թատրոնը երիտասարդ արվեստ է: Այն համարվում է հնագույն արվեստներից մեկը, որի օգնությամբ մարդը դերասանների միջոցով կարողացել է արտահայտել իր զգացմունքները, բեմի վրա պատկերել կյանքի այս կամ այն դրվագները: Դերասանը միայն մարդը չէ. դերասան կարող է լինել տիկնիկը կամ էլ ինչ-որ առարկա, որը ղեկավարվում է մարդու կողմից։

«Թատրոն» բառն ունի հին հունական ծագում եւ նշանակում է տեսարան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` առաջին ներկայացումները բեմադրվել են Եգիպտոսում մեր թվարկությունից առաջ  2500 թվականին: Սկզբնական շրջանում կերպարները եգիպտական դիցաբանության հերոսներն էին, իսկ հին հունական թատրոնում արդեն առանձնացվել են ողբերգությունն ու կատակերգությունը` որպես տարբեր ժանրեր: Բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ։ Դերասանները հանդես էին գալիս դիմակներով։ Բեմական ձեւավորումներ չկային։ Կանայք ոչ միշտ կարող էին հաճախել թատրոն, իսկ երբ ներկա էին գտնվում ներկայացումներին, տղամարդկանցից առանձին էին նստում։

Նշենք նաեւ, որ Հին Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր համարվում, իսկ Հռոմեական կայսրությունում՝ ամոթալի։ Քրիստոնեության ընդունումից մինչեւ 13-րդ դարը ներկայացումները բեմադրվում էին եկեղեցու բակում, միայն դրանից հետո` հրապարակներում։

Այս գեղեցիկ արվեստը մեծ զարգացում է ապրել նաեւ Հայաստանում: Այստեղ թատրոնի հիմքերը դրվել են դեռեւս մեր թվարկությունից առաջ I հազարամյակում Գիսանե եւ Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններով։ Իսկ առաջին պրոֆեսիոնալ թատրոնները մեր երկրում կառուցվել են 2000 տարի առաջ` Տիգրան Մեծի օրոք: Հայոց արքան ներկայացումների համար Հայաստան է հրավիրել հույն անվանի դերասանների: 

Թատրոնի միջազգային օրվան դերասանները պատրաստվում են մեծ ոգեւորությամբ եւ հանդես գալիս իրենց լավագույն ներկայացումներով: