Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Տեղադրվել է 28-03-2017
ՍՔԱՅ ակումբը համախմբեց համայնքաբնակ երեխաներին
Բերդի ՍՔԱՅ երիտասարդական ակումբը Բերդի պետական քոլեջում գործում է արդեն մեկ տարի:

Ակումբի անդամներ են քոլեջի ուսանողները, ովքեր գիտելիք եւ կարողություններ են ստանում ակտիվ քաղաքացիություն, սոցիալական ձեռներեցություն, առաջնորդում եւ այլ կարեւոր ոլորտներից: Ակումբը նախաձեռնեց «Հրաշք ակնթարթ» համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը, որի  նպատակն էր Տավուշի մարզի երեք սահմանային՝ Ներքին Կարմիր աղբյուր, Տավուշ եւ Այգեպար համայնքների 24 երեխայի համար մեկօրյա հետաքրքիր կրթական եւ մարզական առօրյա կազմակերպել եւ երեք համայնքների երեխաների միջեւ համագործակցություն հաստատել: 

Ծրագիրը բաղկացած էր երեք մասից՝ սպորտային մրցաշար, ինտելեկտուալ մրցույթ եւ զվարճալի, ուրախ խաղեր: Մրցույթները հագեցած էին հետաքրքիր մարզախաղերով եւ ընդմիջվում էին  պարերով: Ներկա էին նաեւ հիշյալ համայնքների դպրոցների տնօրենները, աշխատակիցներ, աշակերտներ: Բազմազան խաղերի ընթացքում մասնակիցները ցուցադրեցին իրենց մարզական ու կրթական պատրաստությունն ու ճկունությունը: «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության (ՎՎՀ) կողմից բոլոր թիմերի անդամներն արժանացան շնորհակալագրերի եւ նվերների, իսկ դպրոցներին նվիրաբերվեցին  սպորտային պարագաներ: Ծրագրի հաջող իրականացման համար պատվոգրերի արժանացան նաեւ ՍՔԱՅ անդամները: 

Նշենք նաեւ, որ ՎՎՀ միջազգային կազմակերպության աջակցությամբ ՍՔԱՅ ակումբները գործում են ՀՀ 6 մարզերում: