Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 28-03-2017
«Դու մենակ չես». բարեգործական համերգ, որը կարող է կյանքեր փրկել
Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ու հասարակության շրջանում հիվանդության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով տեղի կունենա «Դու մենակ չես» խորագիրը կրող բարեգործական համերգ:

Համերգի ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ բնակավայրերում ապրող, սոցիալապես անապահով այն կանանց, որոնց մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ:

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ համերգի կազմակերպիչ, «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության հիմնադիր-նախագահ Նվարդ Քոչարյանը եւ հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը մանրամասներ ներկայացրին համերգի վերաբերյալ:

Նվարդ Քոչարյանի խոսքով՝ սա երկրորդ համերգն է, որը պետք է տեղի ունենա նույն խորագրով: Առաջինն անցկացվել է անցյալ տարի, եւ ստացված հասույթով աջակցություն է ցուցաբերվել 14 կնոջ: 
Հիմնականում օգնությունը տրամադրվում է դեղորայքով, որն իհարկե նշանակվում է բժշկի կողմից: Անցյալ տարի կազմակերպությունը կարողացել է նաեւ դառնալ մեկ վիրահատության համավճարող: 

«Կազմակերպությունը գործում է 1994 թվականից, իսկ Հայաստանը սկսել է անդամակցել 2015-ից՝ դառնալով 47-րդ անդամը: Այն ամենեւին էլ ինքնանպատակ չէ, այլ ունի որդեգրած հստակ քաղաքականություն. այն է՝ իրազեկել, աջակցել ու սատարել այն կանանց, ովքեր հետազոտման ու բուժման կարիք ունեն, իսկ այդ ամենը, բնականաբար, կատարվում է անվճար»,- ասաց Նվարդ Քոչարյանը եւ փաստեց, որ նմանօրինակ ծրագրերում շատ կարեւոր են նաեւ հայտնի մարդկանց կարծիքները, կոչերն ու աջակցությունը:

Նրա խոսքով՝ այդ գործում մեծ ներդրում ունի հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:

Վերջինս նշեց, որ առողջության հետ կապված խնդիրները մշտապես անտեսվում ու երկրորդ պլան են մղվում, ինչը սխալ է. «Մենք շատ հաճախ գումար ու ժամանակ ենք վատնում երկրորդական բաների վրա, բայց առողջության հետ կապված հարցերում մշտապես ասում ենք՝ ժամանակ չկա: Բայց մոռանում ենք մի շատ կարեւոր բան, որ ժամանակը ետ չես բերի»:

Նրա համոզմամբ՝այդ համերգին գալով՝ հաճելին կարելի է համատեղել օգտակարի հետ: «Հավատացե՛ք, որ ժամանակին հետազոտվելու դեպքում ամեն բան կհաղթահարվի»,- ասաց Լուսինե Բադալյանը:

Նշենք, որ համերգը մարտի 30-ին տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հանդես կգան ճանաչված երգիչներ Նարեկ Բավեյանը, Արամ  MP3-ը, Արսեն Սաֆարյանը, Անահիտ Շահբազյանը եւ այլք, ինչպես նաեւ կլինեն մի շարք պարային խմբեր: Համերգը կվարեն Լուսինե Բադալյանն ու Արմեն Հայրապետյանը: