Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 30-03-2017
Համայնքային ներգրավվածությունը Եղեգնաձորում
Եղեգնաձորում «Դարձի՛ր մասնակից համայնքի կառավարմանը» խորագրով հանդիպումը հնարավորություն տվեց հասկանալու, թե ինչպիսին է համայնքային ներգրավվածության բնույթը քաղաքում, եւ ինչպիսի մեխանիզմներ կարող են խթանել հատկապես երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին։

Հանդիպումն իրականացվեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դեմո» սոցիալական նորարարության լաբի շրջանակում, որի նպատակն է մշակել լուծումներ քաղաքացիների ավելի արդյունավետ մասնակցության համար։ Այն վարում էին Հերմինե Կարապետյանը, Վազգեն Բարֆյանը, Զարուհի Հակոբյանը, ովքեր մշակել են երիտասարդների ներգրավվածությանը նպաստող մեխանիզմ, որը շուտով կկիրառվի Եղեգնաձորում։ Նրանք Եղեգնաձորում աշխատում են ավագանու անդամ Նարինե Գրիգորյանի եւ Հասմիկ Գալստյանի հետ, եւ այդ համագործակցությունը խթանում է համայնքում երիտասարդական կյանքի ճիշտ կազմակերպումը: 

Նարինե Գրիգորյանը, խոսելով քաղաքի կառավարման գործում երիտասարդների դերի մասին, նշում է, որ Եղեգնաձորում իրականացվում են տարբեր նախաձեռնություններ, եւ հենց երիտասարդների դերն է կարեւոր Եղեգնաձորում մասնակցությանը նպաստելու համար։ 

Հանդիպմանը ներկա երիտասարդները որպես Եղեգնաձորի մասին տեղեկատվության աղբյուրներ նշեցին համայնքապետարանի կայքը, ֆեյսբուքյան էջերը, համայնքապետարանում փակցված ցուցատախտակը: Իսկ որպես նախընտրելի տարբերակներ նշեցին սեմինարները, թեմատիկ հանդիպումները, ժամանցային միջոցառումները, որոնք առավել հետաքրքրական են երիտասարդների համար։ Մասնակիցները նշեցին, որ այդ գործում կարեւոր դերակատարություն ունեն ՀԿ-ները եւ ակտիվ երիտասարդները: 

Եղեգնաձորի երիտասարդների հետ քննարկվեցին հարցեր՝ կապված ակտիվ մասնակցության եւ համայնքում ներգրավվածության մակարդակի բարձրացման հետ: 

Ըստ մասնակիցների՝ ակտիվ երիտասարդները համայնքային խնդիրների նկատմամբ զգայուն են, ունակ են խնդիրները վեր հանելու, բարձրաձայնելու, լուծման տարբերակներ որոնելու, դրանց նկատմամբ վերահսկողություն եւ շարունակականություն ապահովելու: Իսկ ներգրավվածությանը նպաստելու համար երիտասարդները առանձնացրեցին քննարկումների օնլայն հարթակի առկայությունը, որը կղեկավարվի մեկ անձի կողմից, միջոցառումների իրականացումը հատկապես բնակչության պասիվ անդամների համար, համայնքապետարանի կողմից ակտիվ երիտասարդների խրախուսումը եւ այլն: 

Ապրիլից Եղեգնաձորում կկիրառվի երիտասարդների մասնակցությունը խթանող նախագիծ, որն ամփոփում է տեղի երիտասարդների առաջարկությունները եւ կարիքները։ Այն ներառում է հեռախոսային հավելված, որը հնարավորություն է տալիս ավագանու նիստերից առաջ տեղեկանալ քաղաքում առկա խնդիրներին, քվեարկությամբ հետեւել դրանց լուծման ընթացքին եւ առաջադրել իրենց գաղափարը քաղաքի խնդիրների լուծման համար: Ծանուցումների միջոցով քաղաքի բնակիչները տեղեկանում են ավագանու նիստերից առաջ կազմակերպվող ժամանցային միջոցառումների մասին, որի շրջանակում քննարկվում են քվեարկության միջոցով առաջադրված եւ ավագանու նիստերում առաջադրված հարցերը։