Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-04-2017
Ինչպիսի՞ սննդամթերք արժե օգտագործել
Մարդկության ծագումից ի վեր սննդի հետ կապված հարցերը եղել են առաջնային: Դրա որակից կախված են մարդկանց առողջությունն ու կյանքը:

Բոլորն էլ ցանկանում են օգտվել առողջ սննդից. խախտումներով սննդամթերքը կարող է վտանգավոր լինել առողջության համար, ի դեպ, մի դեպքում այն միանգամից է վնաս հասցնում (օրինակ՝ ինֆեկցիոն հիվանդությունները), մյուս դեպքում՝ աստիճանաբար ունենում է կուտակային ազդեցություն:

Մեր երկրում սննդամթերքին առնչվող տարաբնույթ հարցերով՝ անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարական, զբաղվում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որը գործում է Գյուղատնտեսության նախարարության ենթակայության ներքո:

Ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանի խոսքով՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար այդ կառույցում աշխատելու կարիք չկա: Հարկավոր է միայն զգոն լինել, հետեւել սահմանված չափանիշների համապատասխանությանը, խախտում նկատելու դեպքում անմիջապես բարձրաձայնել դրա մասին: Ապրանքի վրա պետք է լինի հայերեն ընթեռնելի մակնշում, որը ներառում է անվանումը, բաղադրությունը, օգտագործված սննդային հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան), արտադրման ամսաթիվը եւ պիտանիության ժամկետը, զտաքաշը կամ ծավալը, պահման պայմանները, տեղեկատվություն արտադրողի/ներմուծողի/լիազորված անձի մասին, օգտագործմանը կամ դրա սահմանափակմանը ներկայացվող ցուցումներ, սննդային արժեքը, գենետիկորեն ձեւափոխված լինելու դեպքում համապատասխան նշում:

«Ցանկացած սպառող իրավունք ունի որակյալ ծառայություն, ապրանք, մթերք ստանալու: Բոլորս սպառողներ ենք, եւ եթե մենք մեր իրավունքների մասին չխոսենք, չպահանջենք, ոչ ոք չի պահանջի»,- ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը:

Սպառող Մարիամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց մի խախտում, որին ականատես է եղել ամիսներ առաջ. «Գնել էի ռուսական արտադրության «Нежный» յոգուրտ եւ մեջը բորբոս հայտնաբերել: Սակայն շարունակում եմ օգտագործել այդ ապրանքատեսակը. դեպք է, եղել է»: 

Մարիամն անկեղծացավ` պիտանիության ժամկետին առհասարակ չի հետեւում, այդ օրն անգամ տհաճ երեւույթ հայտնաբերելուց հետո չի ստուգել: 

Իննա Ղազարյանցն ուշադիր է ե՛ւ ժամկետի, ե՛ւ թարմության, ե՛ւ որակի նկատմամբ. «Իմ կարծիքով` խախտումները վերջին տարիներին նվազել են: Եթե նկատում եմ, որ տվյալ ապրանքատեսակը հաճախ է որեւէ խանութում խնդիր ունենում, դադարում եմ այնտեղից գնել: Խախտումներից կարող եմ առանձնացնել մեկ բան. տարիներ առաջ հավ էի գնել, եւ քիմիական նյութի հոտն այնքան ուժեղ էր, որ դեն նետեցի: Այժմ խախտում նկատելիս ապրանքը հետ եմ տանում խանութ»: 

Սննդի անվտանգության հետ կապված խախտումներն առաջանում են մի քանի պատճառներով: Մասնագետն առաջնահերթ առանձնացնում է հիգիենային չհետեւելը: Դա վերաբերում է ինչպես արտադրության գործընթացին, այնպես էլ տանը սննդամթերքից օգտվելուն. «Շատերը կարող են տանը մսամթերք մշակելուց հետո նույն դանակով կամ նույն տախտակի վրա դնել այլ մթերք: Կարող է լինել: Հարկավոր է ուշադիր լինել»:

Մեր իրականության մեջ տարածված է տնային պայմաններում պատրաստել մթերքներ, մասնավորապես` պահածոներ: Սակայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի կարող վերահսկողություն սահմանել այդ ամենի նկատմամբ: Մասնագետը կարեւորում է իրազեկվածությունը. «Եթե պահպանվեն հիգիենայի բոլոր կանոնները, այսինքն`պահածոյացնելուց առաջ շատ լավ լվանալ, լավ եփել, ապա որեւէ խնդիր չի կարող առաջանալ»:

Ամեն ինչ այլ է արտադրության գործընթացում առաջացած խախտումների դեպքում. դադարեցվում է արտադրողի գործունեությունը, կախված խախտման տեսակից՝ կատարվում է ապրանքի հետկանչ: Ի դեպ, վերահսկողություն սահմանվում է նաեւ ներկրվող ապրանքների նկատմամբ: Մարդու առողջությանը վտանգ ներկայացնող շեղումներով սնունդը որոշ դեպքերում կարող է մշակման հատուկ փուլ անցնելուց հետո օգտագործվել որպես անասնակեր: Իսկ եթե ռիսկը մեծ է, եւ այդ գործընթացը հնարավոր չէ, ապա սննդամթերքը ենթակա է ոչնչացման կամ վերադարձ այն երկիր, որտեղից արտահանվել է:

Սննդի անվտանգության տեսանկյունից մեծ ռիսկեր է պարունակում բավական տարածված  փողոցային առեւտուրը, քանի որ այդ շղթայում շրջանառվող եւ իրացվող սննդամթերքի համար ծագման աղբյուրը հասկանալը կամ բացահայտելը գրեթե անհնար է: Սննդամթերքի գնորդների 54%-ը մթերք է գնում արտադրող ֆերմերներից կամ փողոցային առեւտրի պայմաններում նրանց մթերքը վերավաճառողներից: Մթերքների թվում են միրգը, բանջարեղենը, կանաչին, ձուկը, թարմ միսն ու կաթնամթերքը: Փողոցային առեւտրից օգտվելուն Երեւանում համեմատաբար քիչ են հակված` 33%, իսկ մարզերի քաղաքներում եւ գյուղերում` ավելի շատ, համապատասխանաբար` 61% եւ 72% (սոցհարցումը 2015 թվականին իրականացրել է «ԱՄ Փարթնըրզ քոնսալթինգ քամփնի» ՍՊԸ-ն):

Այս ամենը վկայում է այն մասին, որ ամեն ինչ մեր ձեռքերում է, վերահսկողություն էլ հնարավոր է իրականացնել համապատասխան գիտելիքի առկայության դեպքում: Մի փոքր ուշադրություն, վտանգ պարունակող սննդամթերքից հրաժարում, խնդրի բարձրաձայնում, եւ կարելի է շրջանցել ռիսկերն ու չվտանգել ձեր եւ ձեր հարազատների կյանքը: