Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ fancy-journal.com-ի
Տեղադրվել է 04-04-2017
Ամենաթանկարժեք գրիչները
Թվում է, թե մեր ժամանակներում այլեւս գրիչների կիրառությունն ակտուալ չէ, քանի որ կան համակարգիչ, հեռախոս եւ զանազան այլ տեխնիկական միջոցներ՝ տեքստեր հավաքելու, նամակներ գրելու եւ անգամ ստորագրելու համար:

Ասում են՝ գրիչը եւս շատ բան կարող է ասել մարդու մասին: Շատ հաճախ մենք տեսնում ենք յուրահատուկ գրիչներ, որոնք ոչ միայն աչքի են ընկնում իրենց տեսքով, այլեւ արժեքով: Ստորեւ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:


Արդեն մեկ դար է, ինչ հանրահայտ «Montblanc» ընկերությունը զբաղվում է իրենց շքեղությամբ աչքի ընկնող գրիչների արտադրությամբ: Այդ ընկերության գրիչներից հիմնականում օգտվում են ազդեցիկ մարդիկ: Դրանց պատրաստման համար օգտագործվում է ոսկի, ադամանդ եւ սապֆիր (շափյուղա), իսկ գինը կազմում է մոտ 198 հազար դոլար: 


Ստորեւ բերված լուսանկարում պատկերված գրիչը հատուկ Մոնակոյի թագավորության համար է պատրաստված եւ կրում է «Montblanc Prince Rainier III» անունը: Թագավորության համար պատրաստված այդ գրիչների քանակը 81 է, իսկ արժեքը՝ յուրաքանչյուրի համար 220 000 դոլար: Դրանք պատրաստված են ոսկուց, ադամանդից, ռուբինից (սուտակ):


Աշխարհահռչակ «Caran d’Ache» ընկերությունը եւս աչքի է ընկնում թանկարժեք գրիչների արտադրությամբ: Ստորեւ բերված լուսանկարում պատկերված գրիչը հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի պատվին է ստեղծվել: Դրա հեղինակը Ռոբերտ Պերոնն է, ով այդ գրիչը ստեղծելու համար աշխատել է մոտ կես տարի: Առաջին օրինակը 2001 թվականին վաճառվել է Լոնդոնի խանութներից մեկում, իսկ վաճառքի գինը կազմել է 265 000 դոլար: Այն պատրաստված է արծաթից, 20 կարատանոց մոտ 5000 ադամանդից, ինչպես նաեւ պարունակում է ոսկի, ռուբին:


Ներկայացնենք եւս մեկ գրիչ, որը կրկին պատկանում է «Caran d’Ache» ընկերությանը: Այն թողարկվել է 2006 թվականին եւ կոչվում է «Gotica»: Անցել է 11 տարի, սակայն այդ գրիչը շարունակում է մնալ ամենապահանջված գրիչներից. պատճառը յուրահատուկ դիզայնն է: Դրա առաջին գնորդը եղել է չինացի հարուստ գործարար, ով այն գնել է 487 000 դոլարով:


Գրիչ, որի ստեղծման համար մեծ ջանքեր են գործադրել 2 հսկա  ընկերություններ՝ «Montblanc» եւ «Van cleef & Arpels»: Այս գրիչը ստեղծելու համար մասնագետներն աշխատել են մեկ տարի: Պատրաստված է թանկարժեք քարերից, իսկ արժեքը կազմում է մոտ 730 000 դոլար:


«Heaven Gold» կոչվող այս գրիչը ստեղծել է Անիտա Տանը: Այն առավել շատ նախատեսված է կանանց համար: Պատրաստված է ոսկուց, ադամանդից եւ մի շարք այլ թանկարժեք քարերից: Արժեքը 995 510 դոլար է: 


Գրիչ, որը պատկանում է «Montblanc» ընկերությանը, աչքի է ընկնում իր ճոխությամբ: Այն պատված է ադամանդներով եւ աչքի է ընկնում իր յուրահատուկ փայլով, դիզայներական լուծումներով: Արժեքը մոտ 1500000 դոլար է: 


Ստորեւ բերված գրիչը համարվում է ներկայացվածներից ամենաթանկարժեքը: Այն պատկանում է իտալական «Montegrappa» ընկերությանը եւ կրում «Tibaldi Fulgor Nocturnus» անունը: Այս գրիչն իր արժեքով ռեկորդներ է սահմանել: Այն ամենաթանկը վաճառվել է Շանհայում՝ 8 միլիոն դոլարով: Պատրաստված է թանկարժեք քարերից, սակայն գերակշռողը սեւ ադամանդն է: