Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 06-04-2017
«Հովնան»՝ ուղերձ մարդկությանն ու ժամանակին
Երեկ Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում արդեն իսկ հանրության կողմից սիրված «Հովնան» ներկայացումն էր: «Հովնան»-ն ուղերձ է մարդկությանն ու ժամանակին՝ բեմադրված էպիկական ժանրում:

Առաջին անգամ բեմադրությունը հայ-շվեյցարական նախագծի շրջանակում իրականացվել է Ցյուրիխի արվեստների ակադեմիայի աջակցությամբ: Հին կտակարանի հիման վրա ստեղծված ներկայացման բեմադրությունը Նարինե Գրիգորյանինն է:

«Հովնան»-ը խոսքի ծննդյան մասին է: Ներկայացման գլխավոր հերոսն աստվածաշնչյան Հովնանն է, ով սկզբում չի կարողանում խոսել, այնուհետեւ միայն վանկեր է արտաբերում: Խոսքի արվեստին տիրապետելուց հետո մի շարք խնդիրների առաջ է կանգնում, հետո հաղթահարում դրանք: Ինչպես նշում է Նարինե Գրիգորյանը, ներկայացման սյուժեն վերցված է Կտակարանից, եւ տեքստը բացարձակապես չի ենթարկվել փոփոխության. «Փորձել ենք ժամանակակից լեզվով խոսել՝ հիմնական խոսքի մեջ ոչինչ չփոխելով»:

Հանդիսատեսի աչքից չի կարող վրիպել նաեւ նկարչական ձեւավորումը, որի հեղինակը Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն է: Հատկանշական է, որ բեմանկարիչը Ցյուրիխի պետական համալսարանի բեմանկարիչն է՝ Վիկտորիա Ռեդոն, ով իր դիպլոմային աշխատանքը որոշել է Հայաստանում կատարել: 

Ներկայացման երաժշտությունը կատարում է «Դոգմա» հայկական էթնիկ-պրոգրեսիվ ռոք խումբը, դերասաններն են Անդրանիկ Միքայելյանը, Մանվել Սարգսյանը, Նարեկ Բաղդասարյանը, Արծրուն Չոբանյանը, Ստեփան Շահինյանը, Հռիփսիմե Շահինյանը:

«Հովնան» բեմադրությունը 2017 թվականի ապրիլի 10-ին ներկայացվելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք հեղինակավոր «Բալթյան տոն» թատերական փառատոնին:

Պատկերասրահ՝ «Հովնան» ներկայացման պրեմիերան