Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 06-04-2017
Հովակիմ Զաքարյան. «Յուրաքանչյուր հայտնագործություն պետք է ներկայացվի հասարակությանը»
Eritasard.am-ի զրուցակիցը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի hակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանն է, ով հաղթող է ճանաչվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության «Երիտասարդ գիտնական» անվանակարգում:

Հովակիմ Զաքարյանը ծնվել է 1987 թ.-ին: Ուսանել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում (մագիստրատուրան՝ ֆակուլտետի Գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնում): Հետբուհական կրթությունը (ասպիրանտուրա) շարունակել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում: 

2011 թ.-ին աշխատել է Գերմանիայում՝ Էռլանգենի Մոլեկուլային եւ կլինիկական վիրուսաբանության ինստիտուտում: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում հրապարակված: 

- Հովակի՛մ, նախ շնորհավորում եմ Ձեզ եւ ակնկալում եմ լսել Ձեր գնահատականը «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության մասին: 

- Շնորհակալություն: Առհասարակ, ցանկացած մրցույթ, մրցանակաբաշխություն կոչված է խրախուսելու մարդուն: Թե ինչ կերպ, ինչ եղանակով՝ երկրորդական է: Հաճելի է գիտակցումը, որ գնահատված ես: Այդ առումով մրցանակաբաշխության առաքելությունն իսկապես կարեւոր է: 

- Դուք հաղթող եք ճանաչվել «Երիտասարդ գիտնական» անվանակարգում՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ արդյունավետ հակավիրուսային նյութի հայտնաբերման համար: Ի՞նչ է այդ վիրուսը:

 - Խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսն ունի մինչեւ 100 տոկոս մահացության աստիճան, այսինքն՝ եթե 100 խոզ վարակվում են, 100-ն էլ ոչնչանում են: Վիրուսը եւ դրա դեմ պայքարելու եղանակները բավականաչափ ուսումնասիրված չեն, թեեւ այն աշխարհին հայտնի է դեռեւս 1920-ական թվականներից: Հայաստանում այսօր միայն 2, իսկ աշխարհում առավելագույնը 15 լաբորատորիաներ են զբաղվում խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի ուսումնասիրությամբ: Դա պայմանավորված է այն իրողությամբ, որ տարիներ շարունակ վիրուսը բնորոշ է եղել բացառապես Աֆրիկային եւ միայն 60-ական թվականներին է ներթափանցել Եվրոպա, ապա՝ ԱՄՆ, իսկ 2007 թ.-ին՝ նաեւ Վրաստան: Նույն թվականին Հայաստանում՝ նախ Տավուշի մարզում, գրանցվեցին առաջին դեպքերը, իսկ 2-3 տարվա ընթացքում համաճարակը հասավ անգամ Արցախ: Վերջին դեպքերը Հայաստանում պաշտոնապես գրանցվել են 2011 թ.-ին: 

Վիրուսը եզակի հատկանիշ ունի. այն կարող է երկար ժամանակ ապրել տզերի մեջ ե դրանց միջոցով վարակել խոզերին:

 - Այսինքն՝ ցանկացած պահ կարող է համաճարակի վտանգ լինել…

 - Այո՛, եւ դրա դեմ պայքարի միակ եղանակը խոզերի ոչնչացումն է, ինչը եւ արվեց, քանի որ այլընտրանք, պայքարի այլ եղանակներ գոյություն չունեին:

 - Կա՞ն վիճակագրական տվյալներ, թե որքան է կազմել տնտեսական վնասը Ձեր նշած ժամանակահատվածում: 

- ՀՀ վիճակագրության տարեգրքում հստակ նշված է խոզերի գլխաքանակը 2006 թ.-ին, իսկ 2007 թ.-ին այդ թիվը 50 տոկոսով կրճատվել է: Վնասը գնահատվել է 5 միլիարդ դրամ:

- Երբվանի՞ց եք զբաղվում վիրուսի ուսումնասիրությամբ, եւ այսօր ի՞նչ փուլում են այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: 

- Դեռեւս ուսանողության տարիներից՝ 2008 թվականից սկսել եմ պաշտոնապես աշխատել ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ Զավեն Կարալյանի լաբորատորիայում, ում ղեկավարությամբ էլ գրել եմ ասպիրանտական ատենախոսությունս (մի հատվածը նվիրված է խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի ուսումնասիրությանը): Մենք ուսումնասիրում էինք վիրուսի առաջացրած ախտաբանական փոփոխությունները խոզերի մոտ:

2016 թ.-ից պաշտոնապես ստեղծվեց hակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման՝ իմ ղեկավարած խումբը, որը զբաղվում է բացառապես հակավիրուսային հետազոտություններով: Փորձում ենք գտնել քիմիական միացություններ, որոնք կարող են ճնշել խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսը: Ինչպես արդեն նշեցի, վիրուսն աշխարհին հայտնի է 1920-ական թվականներից, սակայն հակավիրուսային պատվաստանյութ առ այսօր հայտնաբերված չէ: Մենք փորձեցինք այլ լուծում գտնել. ոչ թե պատվաստանյութ ստեղծել, որը կարող է կանխարգելել վիրուսի տարածումը, այլ հայտնաբերել հակավիրուսային նյութ, որը կբուժի արդեն վարակված կենդանուն: Իհարկե, առավել արդյունավետ է կանխել հիվանդությունը, սակայն արդեն 50 տարի է, ինչ գիտնականների՝ այդ ուղղությամբ գործադրած ջանքերն ապարդյուն են: Մենք այլընտրանքային տարբերակ ընտրեցինք եւ առաջին հաջողություններն արդեն իսկ գրանցել ենք. հայտնաբերել ենք բուսական միացություն՝ ապիգենին անվամբ, որը բավականին արդյունավետ ճնշում է վիրուսի բազմացումը եւ նվազեցնում դրա քանակը մոտ 1000 անգամ: Եթե փորձանյութի մեջ ունենք հազար վիրուսային մասնիկ, ապիգենինն ունակ է չեզոքացնելու բոլոր հազարը: Մինչ այժմ հայտնաբերված նյութերի մեջ, որոնք տվյալ վիրուսի նկատմամբ ունեն հակավիրուսային հատկություն, մեր հայտնաբերած նյութն ամենաարդյունավետն է: Անցած տարեվերջին մեր ուսումնասիրությունների արդյունքները տպագրվել են արտասահմանյան հեղինակավոր «Archives of virology» ամսագրում:

- Ինչպիսի՞ն էին արձագանքները: 

- Որպես կանոն, արձագանք արտահայտվում է առաջին հերթին այլ լաբորատորիաների կողմից՝ աշխատանքի վրա հղում կատարելով: Թեեւ հոդվածը լույս է տեսել 2016 թ.-ի վերջին, սակայն մեր աշխատանքն արդեն իսկ հղում ունի, ինչը համագործակցության նոր հնարավորություն է: Այս պահին համագործակցում ենք Գերմանիայի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիաներից մեկի հետ՝ փորձելով համատեղ ուսումնասիրել մեր հայտնաբերած նյութի ազդեցությունը վիրուսի այլ շտամերի վրա: Եթե դրական արդյունքներ ստանանք, հաջորդ քայլը կենդանիների վրա նյութը փորձարկելը կլինի: Այս պահին համագործակցում ենք նաեւ ռուսաստանյան եւ եվրոպական այլ լաբորատորիաների հետ: 

2011 թվականին, երբ աշխատում էի Գերմանիայում, գործընկերային ու նաեւ բարեկամական ջերմ հարաբերություններ հաստատեցի էպիգենետիկայի խոշորագույն մասնագետներից մեկի՝ Վալտեր Դոֆլերի հետ: Նա իմ ավագ գործընկերն է ու նաեւ հրաշալի անձնավորություն: Այժմ համատեղ ծրագիր ենք իրականացնում. փորձում ենք պարզել, թե ինչպես է մեր վիրուսն ազդում բջջի էպիգենետիկական փոփոխությունների վրա:

- Ինչպե՞ս եք ընտրել կենսաբանի մասնագիտությունը: 

- Մեր ընտանիքում կենսաբաններ չկան: Մայրս լեզվաբան է, հայրս՝ մաթեմատիկական գիտությունների թեկնածու: Դպրոցական տարիներին տարված էի հնագիտությամբ: Այնուհետեւ սկսեցի հետաքրքրվել լրագրությամբ, 8-րդ դասարանում անգամ մեկ-երկու փոքր հոդվածներ եմ գրել, որոնք տպագրվել են մամուլում: 9-րդ դասարանի կենսաբանության առաջին դասը նվիրված էր բջջին: Մեր ուսուցչուհին այնքան պատկերավոր ներկայացրեց բջջի կառուցվածքը, որ այդ դասից հետո անհամբերությամբ սկսեցի դասագիրքը թերթել եւ ծանոթանալ հաջորդ թեմաներին… Այդպես կանխորոշվեց իմ հետագա ճանապարհը: 

- Հովակի՛մ, ինքնին հասկանալի է, որ գիտության ոլորտում բավականին շատ են կնճռոտ հարցերը: Կուզենայի իմանալ՝ ի՞նչ խոչընդոտների է բախվում երիտասարդ գիտնականը մեր երկրում: Ի՞նչն է Ձեզ մտահոգում:

- Հիմնական խոչընդոտը պետության վերաբերմունքի բացարձակ բացակայությունն է գիտության նկատմամբ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Տպավորություն է, թե պետությունը մոռացել է գիտության մասին: Իհարկե, միշտ կարելի է ասել, որ պետությունը տնտեսապես ծանր վիճակում է, ֆինանսական միջոցները սուղ են, սակայն իմ համոզմամբ՝ անգամ նման պայմաններում կարելի է գումարը ռացիոնալ ծախսել եւ գիտության ֆինանսավորումն էապես ավելացնել: Այսօրվա դրությամբ մեր երկրում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 0,25 տոկոսը միայն, մինչդեռ հաշվարկված է, որ զարգացած գիտություն ունենալու համար ամբողջ աշխարհում այդ ոլորտին հատկացվում է ՀՆԱ-ի գոնե 1 տոկոսը: Այսինքն՝ Հայաստանում գիտության ֆինանսավորումն ընդունված չափանիշներից 4 անգամ պակաս է: Այսօր արդեն ունենք այդ ամենի մտահոգիչ հետեւանքները. գիտության ոլորտը մեր երկրում ամենաօպտիմալացվածն է: Մինչեւ ԽՍՀՄ փլուզումը ՀՀ-ում գիտնականների թիվը շուրջ 25000 էր, այդ թիվն այսօր պաշտոնապես 4500 է: 

Մտահոգիչ է ոչ միայն պետության, այլեւ հասարակության վերաբերմունքը գիտնականների նկատմամբ: Հասարակության կողմից թերահավատ վերաբերմունք կա գիտնականի ու գիտությամբ զբաղվողների հանդեպ:

- Ո՞րն է պատճառը:

- Կարծում եմ՝ գիտնականների գործունեության ոչ բավարար չափով լուսաբանված լինելը: Համապատասխան կառույցները պետք է բարձր մակարդակի վրա դնեն լրատվամիջոցների հետ համագործակցությունը, եւ յուրաքանչյուր հայտնագործություն պետք է հանրամատչելի եղանակով ներկայացվի հասարակությանը: 

- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

- Մեր լաբորատորիայի բոլոր սարքավորումները ձեռք են բերվել առանց պետական աջակցության: Դրանք հիմնականում նվիրատվություն են արտասահմանյան գործընկերների կողմից: Այս պահին ունենք բոլոր անհրաժեշտ սարքավորումները մեր հետազոտությունները շարունակելու համար, սակայն դրանք արդիականացնելու նպատակ ունենք: Շարունակելու ենք  հակավիրուսային հետազոտությունները, փորձելու ենք առանձնացնել ամենաուժեղ հակավիրուսային ազդեցություն ունեցող նյութերը, որոնք վերջնական փուլում կփորձարկենք խոզերի վրա: Ենթադրում եմ, որ դա հնարավոր կլինի ոչ շուտ, քան երկու տարի հետո: