Նյութը՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից
Լուսանկարները՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից
Տեղադրվել է 08-04-2017
Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպը» պիեսը՝ Ռուսական թատրոնի բեմում
Ս/թ մարտի 30, 31-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ առաջնախաղ. բեմ բարձրացավ «Ամպրոպը» («Լիներ կամքի ուժ») պիեսը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի ռեժիսուրայով:

Ա. Գրիգորյանը փաստեց, որ Օստրովսկու այդ պիեսն ամբողջ աշխարհին է հայտնի: Միայն Հայաստանում այն 20-30 անգամ բեմադրվել է: «Գործը սիրո, հոգու եւ կրքի մասին է... Մեր ներկայացման մեջ մենք խոսում ենք նաեւ ահաբեկման ենթարկված մարդկանց մասին, ովքեր ուզում են սիրել, սակայն դա իրենց չի հաջողվում: Տղամարդիկ այստեղ դավաճան են, քանի որ դավաճանում են սիրելիին, սերը՝ վեհ զգացմունքը…»,- ասում է Ա. Գրիգորյանը: 

Խոսելով ներկայացման մասին՝ Ա. Գրիգորյանն ընդգծեց, որ իրենց ներկայացման մեջ Կատերինան՝ գլխավոր հերոսուհին, չի նետվի ջուրը. «Ֆինալային տեսարանում մարդիկ ոտքի տակ են տալիս գետինը: Իրականում սա մետաֆոր է. նրանք ոտքի տակ են տալիս սերը, կիրքը եւ հոգին…»: 

Ա. Գրիգորյանը նշեց, որ գլխավոր հերոսուհու դերը վստահել է երիտասարդ դերասանուհու, ով իր առաջին քայլերն է անում թատրոնում. «Կատերինան (Հռիփսիմե Նահապետյան) նրա համար դեբյուտային դեր է, եւ Հռիփսիմեն շատ համոզիչ է բեմում»:

Նշենք, որ «Լիներ կամքի ուժ» ներկայացումը հայ հանդիսատեսն առանձնակի ջերմությամբ է ընդունել: Յուրովի էին ե՛ւ ռեժիսորական լուծումները, ե՛ւ դերասանական աշխատանքները: 

Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի դերասաններ Լոլիտա Բուկիան, Լիաննա Սեւումյանը, Արման Մեջլումյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Արեն Խաչատրյանը, Գոռ Համբարձումյանը, Արթուր Պետրոսյանը, Նառա Թումասյանը, Անաիդա Գաբրիելյանը, Գրիգորի Կիրակոսյանը, Յուրի Սոշնիկովը, Անտոն Աղաջանյանը, Լեւ Նալբանդյանը, Ելենա Եսայանը, Յուլիա Ժդանովան եւ ուրիշներ: 

Ներկայացման բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, երաժշտական ձեւավորումը ՝ ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, պարերը՝ Նունե Կիրակոսյանը, զգեստները` Ինեսա Սեւունցը: 

Ներկայացումն ունի երկու կազմ. ներգրավված են թատրոնի երիտասարդ դերասանները:

Առաջիկա ներկայացումը կկայանա ս/թ ապրիլի 8-ին: