
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի եւ օպերային ու էստրադային հայտնի մեներգիչների կատարմամբ կհնչեն Ռոբերտ Ամիրխանյանի հայրենասիրական ստեղծագործություններից: Կլինի նաեւ երգի պրեմիերա. առաջին անգամ կհնչի ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված «Վրեժն արդար կանչի» երգը:
«Մեզ համար չափազանց կարեւոր է հայրենասիրության խոսքը: Կա բազային մի երեւույթ, որը կոչվում է հողասիրություն, երկրի պատմությունասիրություն, երկրի այն խնդիրների հետ լինելու պատրաստակամություն, որն այսօր մեզ բերեց մեր զոհված հերոսների անունը վերհիշելու եւ նրանց մեր հարգանքի տուրքը մատուցելու,- նշեց Ռոբերտ Ամիրխանյանը եւ հավելեց,- կյանքի շարժման մեխանիզմը հետեւյալն է, եթե ունես գաղափար եւ ոգեւորություն այդ գաղափարն իրագործելու, քո առջեւ ոչինչ չի կարող կանգնել: Մենք ունենք հայրենասիրության գաղափար, ոգեւորություն, եւ մեր արած գործը նման կլինի հավաքված բռունցքի: Մենք ապրում ենք մի ընդհանրական գոյությամբ, այն է՝ հայ մարդու արժանապատվություն»:
Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ կարեւորեց նախագծի իրականացումը. «Ուրախ եմ, որ այս մեծ նախագծի մի մասն եմ կազմում: Երաժիշտները լավ պատրաստված են, բավականին ոգեշնչված: Հույս ունեմ, որ մեր երկրին, մեր հերոսներին արժանի համերգ կմատուցենք»:
Նշենք, որ համերգը բարեգործական է, ստացված գումարը կհատկացվի զոհված զինծառայողների ընտանիքներին: Նմանօրինակ համերգային ծրագիր այս տարվա հունիս ամսին կլինի նաեւ Արցախի Հանրապետությունում:
Պատկերասրահ՝ «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով համերգը