Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 09-04-2017
Կայացավ «Հրավիրված եք ծնունդի՞» ներկայացման պրեմիերան
Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Կարինե Խոդիկյանի «Հրավիրված եք ծնունդի՞» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը:

Ներկայացման բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանն է, բեմանկարիչը՝ Անտոն Քեշիշյանը:

Ներկայացումն աչքի ընկավ իր տխուր եւ միեւնույն ժամանակ ուրախ մոտիվներով, իսկ այդ ամենը ամբողջականանում էր պարային շարժումներով եւ երաժշտական յուրահատուկ լուծումներով:

Բեմադրիչ Հրաչյա Գասպարյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Կարինե Խոդիկյանի այդ ստեղծագործությունը միանգամից է հավանել, քանի որ որպես դրամատուրգ նա առանձնանում է, իսկ այդ պիեսն արդիական է, քանի որ մեր օրերում բարության ու միմյանց ներելու պակաս կա:

«Փորձել ենք ներկայացնել ապրումներ, իսկ կարեւորը՝ հույսը, առանց որի մենք վաղուց չէինք լինի: Հանդիսատեսն այս ներկայացումից շատ կարեւոր բան կտանի, այն, որ երբեմն ներել է պետք: Ի վերջո, ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է, իսկ մենք էլ առաքյալներ չենք: Մարդ պետք է ների, քանի որ չներելով ինքն իրեն է վնաս տալիս, իսկ այդ վնասը մարդ չպետք է տա իրեն: Այս բեմադրության հիմնական գաղափարն հենց այն է, որ մենք կարողանանք ներել իրար, չթշնամանանք, քանի որ մենք քիչ ենք, մենք իրավունք չունենք թշնամանալու»,- նշեց Հրաչյա Գասպարյանը եւ հավելեց, որ մարդ պետք է նաեւ սիրել իմանա, քանի որ եթե մոռանում է, թե ինչ է սիրել հասկացությունը, ուրեմն կարելի է ասել, որ նա մարդ չէ:

Նշենք, որ ներկայացման պրեմիերային ներկա էր նաեւ հեղինակը՝ Կարինե Խոդիկյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ պիեսը գրվել է 2 տարի առաջ, սակայն առաջին անգամ է բեմադրվել: Նրա խոսքով՝ Հրաչյա Գասպարյանի հետ համագործակցությունը հրաշալի է ստացվել, որի մասին փաստեց նաեւ ներկայացումը:

«Շատերը կնախանձեն դրամատուրգի եւ ռեժիսորի նման համագործակցությանը, քանի որ առկա էր հարգանք, պրոֆեսիոնալիզմ եւ նրբանկատություն»,- նշեց դրամատուրգը եւ հավելեց, որ այդ պիեսը 2 տարի առաջ Մոսկվայում կայացած միջազգային դրամատուրգիական փառատոնում 121 պիեսների շարքում 12 լավագույններից է եղել:

Դերասանական կազմը երիտասարդ դերասաններից էր բաղկացած. Սիրանուշ Լազյան, Սոնա Մաթեւոսյան, Անուշ Խերունց, Արսեն Ալբարյան:
Արսեն Ալբարյանի խոսքով՝ շատ պատասխանատու, սակայն հաճելի էր աշխատել ռեժիսոր Հրաչյա Գասպարյանի հետ:

«Ես շատ նմանություններ գտա իմ կերպարի հետ, ինչպես նաեւ տարբերություններ: Երբեմն մտածում էի, թե ես ինչպես կվարվեի իմ հերոսի փոխարեն եւ հասկանում, որ շատ դեպքերում կվարվեի հենց իմ կերտած կերպարի նման: Իսկ գործընթացի մասին պարզապես խոսքեր չեմ գտնում բացատրելու, քանի որ հաճելի էր ե՛ւ ռեժիսորի, ե՛ւ խաղընկերներ հետ աշխատելը»:

Այսպիսով՝ հայ հանդիսատեսի համար Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկը համալրվեց եւս մեկ ներկայացմամբ՝ «Հրավիրված եք ծնունդի՞»:

Պատկերասրահ՝ «Հրավիրված եք ծնունդի՞» ներկայացման պրեմիերան